Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվողները կամ ընկնում են ազդեցությունների տակ, կամ իրենց շահն են հետապնդում. Վազգեն Մանուկյան. tert.am

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որ գործում է քսան տարուց ավելի, կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ կուսակցության ծրագրի մեջ հստակ գրված է, որ կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին և կողմ են համամասնական ընտրություններին:

«Մենք անընդհատ պայքարել ենք դրա համար: Եվ հիմա, երբ ներկայացված է նախագիծ, մենք չենք կարող նախագծին դեմ լինել, կարող ենք նախագծի կետերը քննարկել, բայց ես անձամբ, և ԱԺՄ կուսակցությունը, իհարկե, կողմ ենք այս փոփոխություններին»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Տարբեր կուսակցությունների կողմից հնչող դիտողությունների մասին խոսելով և պատասխանելով հարցին, թե կան կետեր, որ անընդունելի են ԱԺՄ-ի համար, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Անընդունելի չեն, բայց բազմաթիվ կետերի շուրջ վիճել ենք Նախագահի հետ: Մի կետ, որը մենք շատ կարևորում ենք, դատական համակարգն է և բավական երկար զրույց ունեցանք դատական համակարգի վերաբերյալ»:

Երկրորդ հարցը, որն էլի քննարկելի հարց է ԱԺՄ-ի համար, այն է, որ մինչև վերջ մշակված չէ ընտրություններում երկրորդ փուլի ձևավորման մեխանիզմը:

«Դա մի քիչ անսովոր է միջազգային պրակտիկայում, ես կոչ կանեի, որ այդ կետը մի քիչ մանրամասն քննարկվի»,-նշեց Մանուկյանը:

Ինչ վերաբերում է հանրային խորհրդին, ապա Վազգեն Մանուկյանն ասաց, թե հանրային խորհրդում կան և՛ կողմնակիցներ, և՛ ոչ կողմնակիցներ:

«Քաղաքական կուսակցություն չէ, որ միարժեք որոշում ընդունի, կարծիքների տարբերություն կա: Զարմանալի է, որ այդ կարծիքների տարբերության մեջ Վլադիմիր Մովսիսյանն է դեմ արտահայտվում, ով կենտկոմի առաջին քարտուղարն է, և ինքն էր միշտ առաջարկում, որ մարզպետերը լինեն ընտրովի պաշտոններ, ոչ թե՝ նշանակվեն: Այդպիսի բազմաթիվ առաջարկություններ կան»,-ասաց նա, նշելով, թե հանրային խորհուրդը մի հարթակ է, որտեղ հնարավոր է երկխոսություն իշխանության և հասարակության մեջ:

Անդրադառնալով նաև իշխանությունների վերարտադրման մասին խոսակցություններին, Հանրային խորհրդի նախագահն ասաց, թե եթե մի կողմ թողնենք Հայաստանը և ուղղակի քննարկենք կիսանախագահական և նախագահական համակարգերը խորհրդարանականի հետ, ապա նախագահականում և կիսանախագահականում նախագահը սովորաբար երկու անգամից ավելի ընտրվելու իրավունք չունի:

«Խորհրդարանական համակարգում այդպիսի սահմանափակում չկա. եթե մի կուսակցություն անընդհատ ընտրություններում հաղթում է, այդ կուսակցության նախագահին կուսակցությունը կարող է առաջարկել որպես վարչապետ և չորս-հինգ անգամ լինի նույն վարչապետը, այնպես որ, այդ համակարգը թույլ է տալիս նույն մարդուն լինել ավելի երկարատև: Բայց եթե վերադառնանք Հայաստան, այդ բոլոր դատողությունների մեջ ընկած է մի բան՝ քո կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում կարողանո՞ւմ է հաղթել, թե՞ ոչ: Եթե խորհրդարանում հաղթում է, այս Սահմանադրությունով, թե այն Սահմանադրությունով, բոլոր դեպքերում իշխանությունը քո ձեռքում է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ որևէ կուսակցություն հաղթելու է ոչ թե այն պատճառով, որ սահմանադրությունը փոխվեց, այլ հաղթելու է, կամ չի հաղթելու՝ իր աշխատանքից ելնելով:

Այդ դեպքում, ըստ Վազգեն Մանուկյանի, տվյալ կուսակցությունն այս սահմանադրությունով կիշխի, թե այն, միևնույն է, ըստ նրա՝ դրան վերարտադրություն անվանելն անիմաստ է:

Դիտարկմանը, թե սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ արտահայտվողներն ասում են, որ գործող Սահմանադրությունն էլ վատը չէ, եթե այն կյանքի կոչվեր, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Հարց է առաջանում, թե ինչու կյանքի չկոչվեց իրենց սիրած սահմանադրությունը: Ես հարցն ուրիշ ձևով եմ դնում. մինչև հիմա աշխատում էր այդ հին Սահմանադրությունը, աննշան փոփոխություններով ընդունվեց նաև 2005 թվականինը: Այդ սահմանադրությունով դուք դորդուբեշ արեցի՞ք, ժողովուրդը կարողացա՞վ ասել, թե ես ձևավորում եմ իմ իշխանությունը: Ժողովուրդը միշտ դժգոհ եղավ, որ իշխանությունն ինքը չի ձևավորում: Հիմա առաջարկվում է խաղի կանոնները փոխել: Եթե հին խաղի կանոններով միշտ պարտված ես, ավելի լավ չէ՞ խաղի կանոնները փոխվեն, միգուցե և հաղթես»:

Չշրջանցելով նաև սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների՝ «Ոչ»-ի ճակատի մասին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Բնական է, որ պետք է լինի: Եթե մարդիկ անկեղծ այդպես են մտածում, նորմալ է, բայց մի բան էլ կա. երբ իշխանությունն ինչ ասում է, դու ընդդիմություն լինելով՝ ասում ես՝ ոչ: Ես այդ խաղն անցկացրել եմ, որովհետև եղել եմ և՛ իշխանության, և՛ ընդդիմության մեջ, լավ պատկերացնում եմ այդ խաղն ու ներքին հոգեբանությանը: Կարծում եմ, որ երկու ճակատում էլ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր անկեղծ կարծում են, որ Հայաստանի համար այս կամ այն տարբերակն է ճիշտ, և կան մարդիկ, ովքեր կա՛մ ընկնում են ազդեցությունների տակ, կա՛մ իրենց շահն են հետապնդում: Դա էլ է բնական, քաղաքականության մեջ առանց դրա չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս