«Նպատակ էր դրված՝ հնարավորինս ծանր հոդվածներով մեղադրանք առաջադրել Գոռ Առաքելյանին». Երեմ Սարգսյան

2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպանն այսօր դատարանից խնդրեց Գոռ Առաքելյանի արարքներին տալ ճիշտ գնահատական:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես գալով ճառով՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ թվում է, թե ժամանակին համընթաց նախաքննական մարմինները և հատկապես Դատախազությունը պետք է համակերպվեին այն իրողության հետ, որ հնչեղ քրեական գործերով իրենց գործունեությունը հայտնվելու է հասարակության ուշադրության կենտրոնում, և, որ պետք չէ այլևս ավելորդ դաժանություն ցուցաբերել, հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրել հնարավորինս շատ հոդվածներով, մաքսիմալ ծանր պատիժներ միջնորդել ամբաստանյալների համար, որպեսզի հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե իբր այդ մարմիններն օբյեկտիվ են, անաչառ, պատրաստ են ամենածանր պատժի դատապարտել յուրաքանչյուրին, ով հանցագործություն է կատարել:

«Այդ ամենի փոխարեն՝ վաղուց ժամանակն է, որ այդ մարմինները հասկանան, որ անաչառ և օբյեկտիվ լինելու, այլ ոչ թե երևալու համար՝ անհրաժեշտ է ընդամենը գործել օրենքներին և իրավական սկզբունքներին համապատասխան:

Այն օրենքներին, որոնք հենց պետության կողմից ստեղծված են այդ իրավահարաբերությունները կարգավորելու համար, այն սկզբունքներին, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում կուտակված փորձի շնորհիվ՝ այն միակ նպատակով, որ հանկարծ այն անձինք, ովքեր պետության կողմից լիազորվել են քննություն կատարել հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ, որոշում կայացնել անձի մեղավորության և անմեղության վերաբերյալ, այսինքն՝ գործ ունեն անձանց ճակատագրի հետ և կարող են անդառնալի հետք թողնել դրանց վրա, հանկարծ չսխալվեն կամ գոնե նվազագույնի հասցնեն այդ սխալները, քանի որ այդ անձինք, այդ թվում՝ քննիչը, դատախազը, դատավորը և այլ պաշտոնատար անձինք, ոչ ոք օժտված չի իրականությունը բացահայտելու գերբնական հնարավորություններով»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած դեպքերից հետո, քրեական գործի հարուցման պահից սկսած, դրա հասարակական հնչեղության պատճառով իրավասու մարմինները և դրանց պաշտոնատար անձինք բացարձակապես մի կողմ են դրել իրավաբանական մտածողությունը, քրեական և քրեադատավարական օրենսդրությունը և գործի քննությունն իրականացրել, համապատասխան որոշումները կայացրել են մոտավորապես՝ փորձելով կողմնորոշվել առկա իրադրությունում և հարմարվել հասարակական տրամադրություններին: Նրա խոսքով՝ այդկերպ իրավասու մարմինները նպատակ

են ունեցել դրանով բարենպաստ հետևանքներ առաջացնել իրենց համար և վստահություն ու հեղինակություն ձեռք բերել հասարակության շրջանում:

Երեմ Սարգսյանն ասաց, որ քրեական գործ հարուցելու պահին թույլ են տրվել ապօրինություններ, որոնցով պայմանավորվել է քրեական գործի նախաքննությունը: Նրա խոսքով՝ հասարակական հնչեղություն ստացած դեպքերով իրավապահ մարմիններն ի սկբանե հնարավորինս շատ և ծանր հոդվածներով են քրեական գործ հարուցում՝ փորձելով ցույց տալ, թե իբր համարժեք լրջություն են ցուցաբերել դրան՝ անկախ նրանից՝ այդ ծանր հոդվածներով քրեական գործ հարուցելու հիմքեր այդ պահին առկա՞ են, թե՞ ոչ:

Նրա խոսքով՝ քրեական գործի 1-ին հատորի 26-րդ թերթում է գտնվում քրեական գործ հարուցելու մասին քննիչի որոշումը, որի համաձայն՝ քննիչը, վերանայելով մինչ այդ որոշման կայացումն առկա 25 թերթ նյութերը, պարզել է հետևյալը. «2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, երկու անհայտ անձինք Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա կայանատեղիի մուտքի դարպասների մոտ, ավտոմեքենայի ճանապարհ փակելու հարցի շուրջ վիճաբանել են սև գույնի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի գործով դեռևս չպարզված վարորդի հետ, որի ընթացքում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, աղմկել են, տվել հայհոյանքներ, այնուհետև բռունցքներով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինս, նստելով ավտոմեքենան, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, իր հետ վիճաբանող երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով զուգորդված՝ իր կարծեցյալ առավելությունը ընդգծելով և անտարաբերություն դրսևորելով Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի բնակիչների, պատահական անցորդների նկատմամբ, իջնելով ավտոմեքենայից, կրակոցներ է արձակել հիշյալ անձանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել և արդյունքում մարմնական վնասվածքներ է պատճառել Վալերիկ Հովհաննիսյանին, Նորայր Հարությունյանին (խոսքը գործով ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի մասին է.- Օ. Հ.), Մյասնիկ Հայրապետյանին, Ալվինա Բադալյանին և Մնացական Սուքիասյանին»: Սրա հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք պահելը, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն:

Երեմ Սարգսյանի խոսքով, սակայն, մինչ քրեական գործ հարուցելու մասին առկա փաստաթղթերի հիման վրա անհնար էր, օրինակ, պարզել, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գոռ Առաքելյանը, երկու անձանց սպանելու

դիտավորություն է ունեցել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել նրանց սպանել, որ գործել է խուլիգանական դրդումներով, կամ, որ ցանկացել է ընդգծել իր կարծեցյալ առավելությունը:

«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Վարույթն իրականացնող մարմինն առանց որևէ հիմք ունենալու, ընդամենը իր կամայական ցանկություններից ելնելով և դեպքի հասարակական հնչեղությունից կաշկանդված, նման հանգամանքներ է պարզված համարել և նման ծանր հոդվածներով քրեական գործ է հարուցել: Սակայն հետագայում, երբ արդեն եկել է թերությունները վերացնելու ժամանակը, վարույթն իրականացնող մարմինը նույնպես հայտնաբերել է, որ անհիմն և ապօրինի կերպով է այդ հոդվածներով քրեական գործ հարուցել, և, որ այդպիսի որևէ տվյալ քրեական գործ հարուցելու պահին չեն ունեցել, ուստի այդ ապօրինությունները փորձել են շտկել մեկ այլ, իրենց կարծիքով՝ ավելի փոքր ապօրինությամբ»,- ասաց փաստաբանը՝ մանրամասնելով, որ քրեական գործի 18-րդ թերթում ինչ-որ անձի կողմից իբր 2014թ. մայիսի 17-ին կազմված և ստորագրված «տեղեկանք» վերնագրով փաստաթուղթ է դրվել. ըստ դրա՝ Ոստիկանության քննիչը բանավոր կերպով զրույց է ունեցել մի անձի հետ, ով հայտնել է, որ դեպքի օրը Վերնիսաժ տոնավաճառի հարևանությամբ գտնվող շենքի ավտոկանգառի մոտքի մոտ լսել է բղավոցի ձայներ և անմիջապես շարժվել այդ ուղղությամբ:

Հասնելով այնտեղ՝ նկատել է, որ ավտոմեքենայի ճանապարհը փակելու հարցի շուրջ 2 անհայտ անձինք վիճաբանում են սև գույնի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որի ընթացքում աղմկել են՝ փոխադարձ հայհոյանքներ հասցնելով միմյանց, իսկ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մոտ առկա ատրճանակից կրակել է իր հետ վիճաբանող երկու անձանց և պատահական անցորդների վրա:

«Նշվածից հետևյալ հարցերն են ծագում՝ այս ի՞նչ փաստաթուղթ է, ի՞նչ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում է քննիչն այն կազմել, Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմով է ղեկավարվել, երբ բանավոր զրուցել է վերը նշված անձի հետ, ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով բացատրություն չի վերցրել նրանից, և, ի վերջո, ի՞նչ լիազորություն ուներ նա սույն քրեական գործով ինչ-որ գործողություն կատարելու:

Նախ նշեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որևէ քննչական կամ դատավարական գործողություն նախատեսված չէ, որի միջոցով քննիչը բանավոր զրույց ունենա որևէ անձի հետ, դրա հիման վրա տեղեկանք կազմի և այդ տեղեկանքն էլ հիմք հանդիսանա քրեական գործ հարուցելու համար: Քննիչը լավագույն դեպքում կարող էր բացատրություն վերցնել այդ անձից և դրա վերաբերյալ արձանագրություն կազմել, որն էլ պետք է ստորագրվեր բացատրություն տված անձի կողմից, ինչը, սակայն, տվյալ դեպքում անհնար է եղել, քանի որ այդպիսի բանավոր զրույց իրականում տեղի էլ չի ունեցել, և այդ տեղեկանքն էլ կազմվել է ոչ թե դեպքի օրը, այլ քրեական գործ հարուցելուց և հատկապես՝ Արկադի Բաղդասարյանին հարցաքննելուց հետո, երբ արդեն բացատրություն վերցնելու լիազորություն էլ չի ունեցել»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այն,

որ այդ տեղեկանքը հետին թվով է կազմվել, հաստատվում է նաև այն հանգամանքով, որ քննիչն այդ տեղեկանքը կազմելու պահին այս քրեական գործով որպես քննիչ ներգրավված չի եղել և ընդհանրապես որևէ լիազորություն չի ունեցել որևէ գործողություն կատարելու: Ըստ նրա՝ այս գործով քննիչն ի սկզբանե եղել է ավագ քննիչ Ա. Մխիթարյանը, ով զննել է դեպքի վայրը, որոշում կայացրել քրեական գործ հարուցելու մասին, որից հետո միայն քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, ինչից հետո միայն քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու մասին, և քննիչը, ով կազմել էր տեղեկանքը, ընդգրկվել է այդ խմբում: Ըստ փաստաբանի՝ այդ պահից է միայն այդ քննիչը լիազորություն ստացել այս գործով որևէ գործողություն կատարելու:

Երեմ Սարգսյանն ասաց, որ, եթե անգամ անտեսեն այդ ապօրինությունները և համարեն, որ քննիչը նման տեղեկանք կազմելու լիազորություն է ունեցել, և այդ տեղեկանքի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, ապա այդ դեպքում էլ անհասկանալի է, թե դրա հիման վրա վարույթն իրականանող մարմինն ինչպես է պարզել, թե Գոռ Առաքելյանը ցանկացել է սպանել իր հետ վիճաբանած երկու անձանց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել, որ նա գործել է խուլիգանական դրդումներով, կամ, որ ցանկացել է ընդգծել իր կարծեցյալ առավելությունը, եթե անգամ տեղեկանքում նման հանգամանքներ նշված չեն:

Փաստաբանն ասաց, որ դատաքննության ընթացքում մեղադրողը վերաորակեց Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքները. «Մեղադրողի այս որոշումից հետո հույս ծագեց, որ Դատախազությունը երբեմն կարողանում է իր մեջ ուժ գտնել և նույնիսկ հասարակական հնչեղություն ստացած գործերով արդար որոշումներ կայացնել, ինչից ելնելով էլ՝ մինչ այս պահը հուսով էինք, որ մեղադրողը գոնե իր մեղադրական ճառից առաջ լիարժեք օբյեկտիվություն կցուցաբերի և կհրաժարվի նաև այն որակումներից, թե իբր Գոռ Առաքելյանը գործել է խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սակայն պարզվեց, որ Դատախազությունը դեռևս վերջնականապես չի հաղթահարել հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով ունեցած իր կոմպլեքսները»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ Գոռ Առաքելյանի արարքներին ճիշտ և օբյեկտիվ գնահատական չի տրվել, նրան մեղսագրվող արարքների իրավական որակումները սխալ են և ենթակա են վերաորակման: Նախ, Երեմ Սարգսյանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքի բովանդակությունից արդեն ակնհայտ է, որ նրա արարքում բացակայում են խուլիգանական դրդումները:

Փաստաբանն ասաց, որ ստացվում է, որ Գոռ Առաքելյանը Վալերիկ Հովհաննիսյանի առողջությանը ցանկացել է վնաս պատճառել միայն այն ժամանակ, երբ նա նստած է եղել ավտոմեքենայի մեջ, և այդ ժամանակ նրա կողմից արձակված կրակոցներով որևէ այլ անձի մարմնական վնասվածք չի պատճառել, և այդպիսի իրական վտանգ չի ստեղծվել: Այսինքն՝ այդ պահի դրությամբ նրա արարքում բացակայում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը, իսկ դրանից հետո, երբ կրակել է Վալերիկ Հովհաննիսյանի ոտքերի տակ, նրան մարմնական վնասվածք պատճառելու դիտավորություն չի ունեցել և չի ցանկացել, որ նա վնասվի:

Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, նա կկրակեր ոչ թե իրենից 2-3 մետր հեռավորության վրա գտնվող Վալերիկ Հովհաննիսյանի ոտքերի տակ՝ասֆալտին, այլ հենց նրա ուղղությամբ: «Գնդակը, անդրադարձի ենթարկվելով, վնասել է Մնացական Սուքիասյանին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս: Նշվածից առավել քան ակնհայտ է, որ Մնացական Սուքիասյանի առողջությանը ծանր վնաս Գոռ Առաքելյանը պատճառել է ոչ թե անուղղակի դիտավորությամբ, այլ՝ անզգուշությամբ»,- ասաց նա:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ տուժող Մյասնիկ Հայրապետյանը վնասվածք է ստացել շենքի ներսում, դատաքննությամբ հիմնավորվել է, որ Գոռ Առաքելյանը նրան մարմնական վնասվածք պատճառելու դիտավորություն չի ունեցել, ձեռք չի բերվել գոնե մեկ ապացույց, որը կհաստատեր, որ նրան Գոռ Առաքելյանը վնասվածք է պատճառել անուղղակի դիտավորությամբ, այլ ոչ թե անզգուշությամբ:

Անդրադառնալով Ալվինա Բադալյանի ստացած վնասվածքին՝ փաստաբանն ասաց, որ ակնհայտ է, որ նա վնասվել է Գոռ Առաքելյանի կողմից կատարված առաջին կրակոցից, նրա առողջությանն անզգուշությամբ է վնաս պատճառվել:

Փաստաբանը շեշտեց, որ Ներսես Մելքոնյանը, Ալվինա Բադալյանը և Մնացական Սուքիասյանը Գոռ Առաքելյանի դեմ որևէ բողոք չեն ներկայացրել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 120-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 121-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) նախատեսված հանցագործությունները, որոնց, ըստ պաշտպանի՝ համապատասխանում են Գոռ Առաքելյանի գործողությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ համարվում են մասնավոր մեղադրանքի գործեր, և դրանք կատարելու համար անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե բացակայում է տուժողի բողոքը: Հետևաբար, ըստ նրա, այդ հոդվածներով Գոռ Առաքելյանի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով:

Պաշտպանը դատարանին խնդրեց Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքներին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքները վերաորակել 120-րդ հոդվածի 2-րդ մասով, 121-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նա խնդրեց որոշում կայացնել Գոռ Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 2-րդ մասով, 121-րդ հոդվածի 1-ին մասով

քրեական հետապնդում չիրականացնելու մասին և այդ մասով քրեական գործի վարույթը կարճել՝ տուժողների բողոքների բացակայության պատճառաբանությամբ:

Փաստաբանը խնդրեց նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակել արդարացի՝ նշված հոդվածներով նախատեսված նվազագույն պատիժները:

Անդրադառնալով Գոռ Առաքելյանի անձը բնութագրող հանգամանքներին՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են, որ Գոռ Առաքելյանն ինքնակամ է ներկայացել քննությանը, ինքնակամ ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, տուժողների կողմից բողոք չկա, չի խոչընդոտել քննությանը, ամուսնացած է, ունի մշտական բնակության վայր և բարձրագույն կրթություն:

Գործով մեղադրողը ժամանակ խնդրեց ռեպլիկին պատրաստվելու համար. դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը: Նշենք, որ այսօրվա դատական նիստին ճառով հանդես են եկել նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները, ինչպես նաև՝ մեղադրողը:

Տեսանյութեր

Լրահոս