«70 տարեկան եմ դարձել, կարող էր, չէ՞, մեր նախագահը շնորհավորել». Նիկոլայ Ծատուրյան

«Ամեն տարի ինձ հրավիրել են Անկախության տոնին, բայց այս տարի չհրավիրեցին: Արվեստագետն արվեստագետ է, լավը կամ վատը: Եթե լավն է, ուրեմն նա պետք է ունենա իր տեղը հասարակության մեջ, ոչ թե գնահատվի նրա համար, որ կառավարության հետ լավ է, կամ կառավարությանը քննադատում է: Այո, քննադատում ենք, որպեսզի ինչ-որ մի բան ուղղվի: 70 տարեկան եմ դարձել, կարող էր, չէ՞, մեր նախագահը շնորհավորել: Եվ գիտե՞ք սարսափելին որն է, որ մարդիկ ինձ գրում են՝ պարոն Ծատուրյան, շնորհավորում ենք, որ նախագահը ձեզ չշնորհավորեց»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Նա նշեց, որ թեև ասում են՝ անկախ Հայաստան, բայց իր կարծիքով՝ անկախությունը բացարձակ կատեգորիա է. «Ասում է՝ ես մի քիչ անկախ եմ: Ա՛յ մարդ, մի քիչ անկախը ո՞րն է: Կա՛մ անկախ ես, կա՛մ ոչ: Ասել, որ մենք միանգամայն անկախ ենք, սուտ կլինի: Իրանն ուզում է մեզ գազ տալ, ասում ենք՝ ոչ, որովհետև մեր ավագ ընկերը (Ռուսաստանը.- Ռ.Մ.) մեզ թույլ չի տալիս, Պերմյակովը գալիս մի ամբողջ ընտանիքի է սպանում, մենք լռում ենք, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, մենք ասում ենք՝ հա, դե լավ, հասկանում ենք, ախր ինչքա՞ն կարելի է: Այս ստրկամտությունը մեզ վերջնականապես կկործանի:

Ո՛չ Եվրոպային եմ կողմ, ո՛չ Ռուսաստանին, հարցը դա չէ: Իսկ ինչո՞ւ մեր պետությունը պետք է չդառնար փոքր, բայց այնքան հզոր, որ կարողանար ինքն իր հարցերը լուծել: Անընդհատ ուշք ու միտքներս դուրսն է, բայց ո՞վ է մեզ հետ: Էդ շատ «գեղեցկադեմ» Իլհամ Ալիևն ասում է՝ թղթի կտոր է Եվրամիության որոշումը, համարձակ խոսում է, իսկ մենք՝ ոչ: Մեզ իսկապես անկախ Հայաստան է պետք՝ զարգացած արդյունաբերությամբ, արտաքին քաղաքականության շատ կոնկրետ և դիվանագիտական ճիշտ քայլերով:

Բայց մեզ մոտ կոռուպցիան այնքան շատ է, որ դա հնարավոր չէ: Լավ, ինչքա՞ն կարելի է փող աշխատել, ախր հետո՞, դու արդեն ապահովել ես քո ծոռներին, հանգստացիր է՛լի, ա՛յ մարդ: Էս ի՜նչ ագահություն է, ի՜նչ որկրամոլություն է, չէ՞ որ կան ուրիշ արժեքներ»:

 

Տեսանյութեր

Լրահոս