Բաժիններ՝

«Եկեք բոլորս միասին տանենք-հանձնենք մեր կոչումները». Նիկոլայ Ծատուրյանի կոչը՝ բոլոր արվեստագետներին

«Թող կոչումներ ստանան, հարցը դա չէ: Ինձ մտահոգում է այն, որ լրիվ կորցրել ենք չափանիշները: Ցավով նշում եմ, որ Արմենչիկի փաստը մթագնեց մյուսների կոչումների շնորհավորանքները: Արդեն ոչ ոք չի շնորհավորում Միքայել Պողոսյանին, Հրանտ Թոխատյանին, որովհետև բոլորը կենտրոնացել են սրա վրա, իսկ նրանք մնացել են ստվերում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը և հավելեց,- Մեզ մեղադրում են, որ ակտիվ չենք, ասում են՝ մտավորականությունը լռում է: Չենք լռում, օրինակ՝ ես կարող եմ կոչ անել բոլոր արվեստագետներին՝ եկեք բոլորս միասին տանենք-հանձնենք մեր կոչումները, որպեսզի մեր պանծալի կառավարությունը հասկանա, որ ինքը չի որոշում: Ես չեմ հասկանում ՝ ովքե՞ր են այդ որոշումն ընդունել: Ես չեմ հավատում, որ մեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ցուցակում Արմենչիկի անունը լիներ: Բայց ինչ-որ ձևով մտել է»:

Ն. Ծատուրյանի համար ամենամեծ դժբախտությունն այն է, որ այլևս ոչ մի բանի վրա չի զարմանում: «Բա մեղք չէ՞ Կոմիտասը: Այդ մարդն ամբողջ կյանքը ներդրեց, որ մաքրի երաժշտությունը, գեղեցկացնի, թողեցինք դա մի կողմ ու էլի կլկլացնում ենք: Այս պետության մեջ, այո, Արմենչիկը գտավ իր կոչումը: Ախր ամբողջ կառավարություն կոչեցյալը, փոքր բացառությամբ, գեղո են, արա, գեղ են, գեղ, հասկանո՞ւմ եք: Դրա համար էլ էդ «Օրմենչիկին հովանըմ են»»:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե Արմենչիկը մասսայականություն է վայելում, դահլիճներ է լցնում, դրա համար են վաստակավոր արտիստի կոչում տվել, նա հետևյալ օրինակով ամեն ինչ ասաց. «Մի անգամ մի վայրում խոսելով մի ներկայացման մասին՝ մեկն ասաց, թե լեփ-լեցուն դահլիճներով է այն անցնում, բայց այդ լեփ-լեցունը որակ չուներ: Ես միայն մի ռեպլիկ արեցի, որից հետո բոլորը նեղացան ինձնից. ասացի՝ սիրելիներս, գազանանոցում ո՞ր վանդակի մոտ են շատ մարդիկ հավաքվում, իհա՛րկե կապիկների: Առյուծն իր համար պառկում է, իսկ կապիկները ծամածռություններ են անում, որ մարդիկ իրենց նայեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս