Նոր մանրամասներ. Ինչո՞ւ են ծեծել ազատամարտիկին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկված «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանի գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատամարտիկին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով:
Իհարկե, զայրույթը հասկանալի է, պատժելու պահանջը՝ միանգամայն ընդունելի, բայց այս դեպքում զարմանալի է ազատամարտիկների ամպագոռգոռ հայտարարությունները՝ եթե մեղավորներին չհայտնաբերեն եւ չպատժեն, ապա դա իրենք կանեն: Հետաքրքիր է՝ իրենց ծեծի հարցում ազատամարտիկներն ինչո՞ւ այդպիսի համառություն չցուցաբերեցին:
Եթե «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եզիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի դեպքում ծեծը պայմանավորված էր Սերժ Սարգսյանին հայհոյելու հանգամանքով, իր մեջ քաղաքական դրդապատճառ ուներ, ապա արդյո՞ք Սմբատ Հակոբյանի հետ տեղի ունեցածը եւս քաղաքական հիմքեր ունի:
Տեղեկացնենք, որ երեկ ազատամարտիկը հայտնել է, որ ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին՝ ոմն Տիգրանի, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է: Ռուբեն Հայրապետյանն էլ, անդրադառնալով տեղեկություններին, ասել էր, թե ազատամարտիկը քաղաքական պատվեր է կատարում եւ զրպարտում է իրեն:
Ավելին՝ ըստ նրա՝ ինքը Տիգրան անունով թիկնազորի անդամ չունի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սմբատ Հակոբյանը եւ Տիգրանն ապրում են նույն համայնքում եւ բավականին մտերիմ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Եվ ըստ իրավապահ շրջանակներում քննվող վարկածի՝ երբ Տիգրանին տեղեկություններ են հասել, որ Սմբատ Հակոբյանն իր մասին լավ չի արտահայտվել, նա որոշել է պատժել: Ասել է թե՝ ազատամարտիկի եւ Տիգրանի միջեւ անձնական խնդիրներ են եղել, որն էլ երեկ ստացել է իր հանգուցալուծումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: