
Apple-ը ծրագրում է 2019 թվականին էլեկտրոմոբիլ արտադրել

Apple-ի էլեկտրաշարժիչով ավտոմեքենան կարող է իրականություն դառնալ արդեն 4 տարի անց, հայտնում է Dаily Mail-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ ընկերությունն արդեն եռապատկել է Titan անվանումով նախագծի վրա աշխատող ինժեներների թիվը ու որոշել, որ ավտոմեքենան արտադրվելու է 2019 թվականին:
Համաձայն Dаily Mail-ի՝ Apple-ը չի հրաժարվում ինքնաղեկավարվող ավտոմեքենայի ստեղծման երկարաժամկետ պլաններից, սակայն առաջին մոդելը, հավանաբար, կարիք կունենա վարորդի:
Վերջին ամիսներին ընկերությունը մի քանի ինժեներ է վարձել, որոնք ավտոմեքենայի դիզայնի ու մարտկոցների դիզայնի մշակման փորձ ունեն: Մասնավորապես, Apple է ընդունվել Tesla Motors-ի գլխավոր ինժեները: Նրան է միացել նաև անօդաչու թռչող սարքերի ու համակարգերի նվազագույնը 6 փորձառու մասնագետ:
Այս տարվա մայիսին ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին նախկին ռազմաբազաներից մեկի ադմինիստրացիայի հետ, որի տարածքում անցկացվելու են ավտոմեքենայի փորձարկումները:
Բացի այդ՝ անցած ամիս Apple-ի իրավաբանները հանդիպել են Ավտոտրանսպորտի կալիֆոռնիական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Գերատեսչությունը մշակում է նաև կանոններ ինքնաղեկավարվող ավտոմեքենաների արտադրողների համար:
Վերլուծաբանները վստահ են, որ Apple-ը ունի բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ նախագիծը կյանքի կոչելու համար:
Կան ոմանք ենթադրում են, որ ընկերությունը հետաքրքրված է ավելի շատ այլ ընկերությունների ստեղծած ավտոմեքենաների ծրագրային ապահովման սարքերի մշակմամբ: