ՀՅԴ-ն կոալիցիա չի մտնի. Հրանտ Մարգարյան
«Իրենք (օրինակ՝ ՀԱԿ-ը) 8 տարի ի՞նչ են ասել. ասել են` անհապաղ իշխանափոխություն, սա չարիք է, սա պետք է վերանա: Լավ, 8 տարին արդեն վերջանում է , գործող նախագահի կառավարման շրջանը վերջանում է, բայց անհապաղ իշխանափոխություն տեղի չունեցավ: Ի՞նչ անենք՝ նորից 8 տարի սպասե˚նք: Ո˚րն է մեր ուզածը»,- երեկ Ռ-Էվոլյուցիա հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա անդրադարձավ նաև ՀՅԴ-ի՝ կոալիցիայի անդամ դառնալու մասին խոսակցություններին. «Մենք կոալիցիայից դուրս ենք եկել հստակ պատճառներով և հայտարարել ենք ՝ օրակարգային 7 կետը որ ուժը կընդունի, պատրաստ ենք իր հետ համագործակցել: Կընդունի՞ իշխանությունը կհամագործակցենք։ Համագործակցության ձևերից մեկը կարող է լինել կոալիցիան: Արդեն 7 տարի է՝ կոալիցիայի մեջ չենք ու 7 տարի է ՝ մեր մասին ասում են՝ կեղծ ընդդիմություն են, այսինչ շրջանում կմտնեն կոալիցիա: Կարող է դաշնակցականների մեջ լինեն մարդիկ, որ դա ուզեն, բայց բոլորն էլ գիտակցում են , որ որոշումը կայացվում է ժողովներում: 7 տարի ասում էին՝ եթե դուք չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ցանկանում եք կոալիցիա մտնել, 7 տարի չմտանք, այդ մարդիկ սուտ ասացին, չէ՞, բայց որևէ տեղ պատասխան տալի՞ս են: 7 կետից 3-ը այս Սահմանադրությամբ ընդունվում են , իսկ 4-ը՝ ոչ, այնպես որ կոալիցիա չենք մտնի»: