Մարզական մամուլը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում կայացավ «Բորուսիա»-«Բայեր» հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակտիվ գործեց ողջ խաղի ընթացքում, կատարեց հերթական գոլային փոխանցումը և փոխարինվեց 2-րդ խաղակեսի վերջնամասում:
Հենրիխի խաղին են անդրադարձել հեղինակավոր մի շարք մարզական պարբերականներ:
Der Westen-ը գրում է, որ Մխիթարյանը շատ ակտիվ էր, անընդհատ շարժման մեջ: Բաց թողեց մի քանի լավ հնարավորություն: Der Westen-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 2.5 բալով: Ամենաբարձր ստացել է Կագավան՝ 1.5, իսկ ամենացածր միավորները ստացել է Շմելցերը՝ 3.5 բալ:
Bild-ը Մխիթարյանի և 8 այլ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 2 բալով: Ամենաբարձր մաքսիմալ բալ ստացել են միայն Կագավան ու Պապաստատոպուլոսը:
Goal.com կայքը, հաշվի առնելով ողջ խաղի ընթացքում ֆուտբոլիստների ցուցանիշները՝ 5 հնարավորից 4 միավոր է տվել դորտմունդցիների 4 ֆուտբոլիստների` Մատս Հումելսին, Շինջի Կագավային, Հենրիխ Մխիթարյանին ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին: Որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ կայքն ընտրել է գաբոնցի ֆուտբոլիստին:
Իսկ Մխիթարյանի խաղի մասին կայքը գրում է, որ նա շատ աշխույժ էր առջևի գծում, մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց Լևերկուզենի պաշտպաններին: Նրա գեղեցիկ գոլային փոխանցումից հետո դորտմունդցիները խփեցին երկրորդ գոլը:
Սիրարփի Աղաբաբյան