Նիկոլ Փաշինյան. «Մոսկվայում հետաքրքիր հանդիպում ունեցանք». armtimes.com

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունը այս օրերին գտնվում է Մոսկվայում, եւ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր պատասխանել է  armtimes.com-ի քանի հարցերին:

– Պարոն Փաշինյան, երեկ Մոսկվայում պետք է տեղի ունենար ձեր հանդիպումը մոսկվայաբնակ հայերի հետ, արդյո՞ք այն տեղի ունեցավ:

– Այսօր սեպտեմբերի 21-ն է, եւ թույլ տվեք նախ հայ ժողովրդին շնորհավորել Հայաստանի անկախության տոնի առիթով: Անկախությունը ամենակարեւոր բանն է, որ մենք այսօր ունենք, եւ մեր բոլոր ջանքերը, արտաքին եւ ներքին քաղաքականությունը պետք է կառուցվեն Հայաստանի անկախությունը ամրապնդելու, ինքնիշխանությունը մեծացնելու նպատակի շուրջ: 1991 թվականին հայաստանցիների 99 տոկոսը «այո» է ասել անկախությանը, ու «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության նպատակն այն է, որ Հայաստանում անկախության կողմնակիցների, ինքնիշխանության պաշտպանների թիվը 99 տոկոսից պակաս չլինի:

Ինչ վերաբերում է մեր մոսկովյան հանդիպմանը, այո՝ երեկ «Բրայթոն» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում մենք շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք մոսկվայաբնակ հայերի հետ, հանդիպումը տեւեց ավելի քան երկու ժամ, կարելի է ասել քննարկեցինք հայաստանյան քաղաքական օրակարգի բոլոր հարցերը՝ սահմանադրական փոփոխություններից սկսած, հայ-ռուսական հարաբերություններով ավարտած: Կարծում եմ հանդիպման բոլոր մասնակիցները գոհ մնացին, որովհետեւ տեղի ունեցավ անկեղծ, շահագրգիռ քննարկում:

-Իսկ կոնկրետ ո՞վքեր էին հանդիպման մասնակիցները եւ ինչքան մարդ էր մասնակցում:

– Հանդիպմանը մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագրի» մոսկվայաբնակ անդամներ, աշխատանքի նպատակով Մոսկվայում գտնվող հայաստանցիներ, կային մարդիկ, ովքեր արդեն տասնյակ տարիներ ապրում են Մոսկվայում: Ներկա էր շուրջ յոթ տասնյակ մարդ:

– Իսկ կարող եք պատմել հանդիպման բովանդակության մասին:

– Մենք ներկայացրինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերը, որից հետո պատասխանեցինք ներկաների հարցերին: Բազմաթիվ հարցեր էին հնչում՝ սկսած սահմանադրական փոփոխությունների գործընացից, վերջացրած վերջին տարիների քաղաքական գործընթացի պատմությունից: Կարծում եմ՝ բոլոր հարցերին հնչեցին սպառիչ պատասխաններ եւ թույլ տվեք ասել, որ հանդիպման որեւէ մասնակից չի հեռացել առանց իր հարցի սպառիչ պատասխանը ստանալու:

– Պարոն Փաշինյան, իսկ նախկինում որեւէ ընդդիմադիր ուժ նման հանդիպում արե՞լ է Մոսկվայում:

– Վստահաբար պնդել չեմ կարող, բայց չեմ հիշում, որ որեւէ ընդդիմադիր կառույց Մոսկվայում հրապարակային հանդիպում կազմակերպած լինի: Եթե նման հանդիպումը աննախադեպ չէ, կարող ենք ասել, որ Մոսկվայում նման բաներ հաճախ չէ, որ տեղի են ունենում: Մենք պիտի փորձենք այս եւ այսպիսի հանդիպումները ավանդական դարձնել ոչ միայն Մոսկվայում, այլեւ արտերկրի մեծ հայկական համայնքներում: Ի վերջո չմոռանանք, որ այսօր արտերկրում Հայաստանի մոտավորապես այնքան քաղաքացի կա, որքան Հայաստանում: Եւ մենք խնդիր ունենք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորինս ներգրավվել հայաստանյան քաղաքական օրակարգի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս