«Հազար ափսոս, որ տաղանդավոր, կարող և խելացի հայ ժողովուրդի արգանդից մեկ-մեկ էլ կարող են ծնվել նաև հիվանդ վիժվածքներ». Սիրիահայերը հակադարձել են Վահան Մարտիրոսյանին
Սիրիահայերը հայտարարություն են տարածել, որով արձագանքել են Ադրբեջանում ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի՝ Բաքվում արած հայտարարություններին:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն», «ՀԱԼԵՊ» հայրենակցական, բարեսիրական և «ՔԵՍԱԲ» հայրենակցական միավորում հասարակական կազմակերպությունների տարածած համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Սեպտեմբերի 18-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ընթացքում մի խելագար, հայրենադավ ոչնչություն անդրադարձել է սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր սիրիահայերին և նրանց որակել հանցագործներ, թմրամոլներ, ահաբեկիչներ։
Թեև ընդունված չէ անդրադառնալ հոգեկան հիվանդների մտքերին, քանի որ նրանց հայտարարությունները հիվանդ երևակայության արդյունք են, սակայն մենք՝ սիրիահայերի իրավունքները ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, բոլոր անտեղյակների համար հայտնում ենք, որ Հայաստան եկած տասնյակ հազարավոր սիրիահայերին Հայաստան պետությունը և ժողովուրդը գրկաբաց են ընդունել։
Մեր մեջ չկան հանցագործներ կամ ահաբեկիչներ, և մենք ակտիվորեն մասնակցում ենք Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքին, մեր ներդրումը բերում մեր Հայրենիքի զարգացմանը։
Ինչ վերաբերում է սիրիահայերին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, ապա դրանք փոխանցվում են մեր կազմակերպություններում բացված հաշվի համարներին և ամբողջությամբ տնօրինվում են մեր՝ սիրիահայերիս կողմից։ ՀՀ կառավարությունը, սփյուռքի և մյուս նախարարությունները սիրիահայերի համար գումարներ են հատկացնում բացառապես պետական բյուջեի միջոցներից և գումարներ չեն հանգանակում։
Հազար ափսոս, որ տաղանդավոր, կարող և խելացի հայ ժողովուրդի արգանդից մեկ-մեկ էլ կարող են ծնվել նաև հիվանդ վիժվածքներ»։