Հրաձգություն Վոլգոգրադում, հարսանիքից վերադարձող 2 հայ երիտասարդ է տուժել
Ինչպես հայտնում է LifeNews-ը, այսօր վաղ առավոտյան Վոլգոգրադի Ձերժինսկու շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ վարորդը հրաժարվել է սպասարկել հարսանիքից վերադարձող մի խումբ երիտասարդների:
Մերժում ստանալով՝ նրանք ծեծել են վարորդին, ով օգնության է կանչել իր ազգականին: Վերջինս, նախնական տվյալների համաձայն, կրակ է բացել ատրճանակից ու վիրավորել երիտասարդներին:
Դեպքի հետևանքով 1 մարդ մահացել է, 6-ը՝ տուժել:
Ինչպես հայտնում է LifeNews-ը, սրճարանի մոտ տեղի ունեցած դեպքի մեղավորներին՝ ազգականներ Ա. Վելիևին ու Յ. Վելիևին, տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Հաղորդվում է, որ բժշկական օգնություն է ցուցաբերվել կոնֆլիկտի 5 ֆիգուրանտի, նրանցից 2-ը հոսպիտալացվել են:
Գործակալության տրամադրության տակ է հայտնվել Վոլգոգրադի տուժածների ցուցակը, որից տեղեկանում ենք, որ վիրավորների թվում կա 2 հայ՝ 22-ամյա Արմեն Եղիազարյանը, ով հրազենային վնասվածք է ստացել աջ ուսի շրջանում: Նա առաջին օգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
24-ամյա Վլադ Ջերջիխանյանը վնասվածք է ստացել ձախ ազդրի հատվածում: Նրան նույնպես տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
22-ամյա Յան Կլյուշինը ստացած վնասվածքներից մահացել է:
Կատարվածի առնչությամբ ՌԴ Վոլգոգրադի մարզի Քննչական կոմիտեի քննչական մարմինները հարուցել են քրական գործ «Սպանություն», «Ավելի քան երկու անձանց սպանության փորձ» ու «Զենքի անօրինական կրում» հատկանիշներով: