Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Նախագահ,
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 24-րդ տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և հայ ժողովրդին եմ հղում անձամբ իմ և իմ համերկրացիների սրտանց բարեմաղթանքները:
Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը:
Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը:
Մաղթում եմ Ձեզ բարօրություն և առողջություն, իսկ հայ ժողովրդին՝ լավ ապագա՝ խաղաղության, ազատության և բարեկեցության մեջ»: