Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին թույլատրել են մուտք գործել Իրանի ռազմական օբյեկտներ

Ատոմային էներգիայի միջուկային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոն այցելել է Իրանի Պարչին ռազմական օբյեկտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ Յուկիա Ամանոն այցելել է Պարչինի «վիճելի հատվածներ»: ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է այդ տեղեկությունը:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նշել էին, թե Պարչին ռազմաբազայում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Այդ մասին հայտնել էր նաև ԱՄՆ հետախուզությունը:
Արևմտյան երկրների հետախուզությունը վաղուց է կասկածում, որ Պարչինի օբյեկտում իրականացվել են միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները արդեն մի քանի տարի փորձում էին մատչում ստանալ այդ օբյեկտին, որպեսզի պարզեն, թե արդյոք իրականացվել են այնտեղ ուրանի հարստացման աշխատանքներ նախկինում ու արդյոք դրանք իրականացվում են նաև այսօր:
Իրանն այդ մեղադրանքները հերքում է ու պնդում, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:

Յուկիա Ամանոն Իրան է ժամանել կիրակի: Նրա այցը արևմտյան դիվանագետներն ընկալում են որպես առանցքային պայման՝ կյանքի կոչելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:

Համաձայնագրի համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կիրականացնեն իրանական միջուկային օբյեկտների աշխատանքների մշտական մոնիթորինգ, որպեսզի համոզվեն, որ այդ օբյեկտները չեն արտադրում միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս