Google-ը երիտասարդին առաջարկեց խաղ խաղալ, իսկ հետո նրան ընդունեց աշխատանքի
Ծրագրավորող Մարկ Ռոզեթը պատմել է, թե ինչ պատահականության շնորհիվ է սկսել աշխատել աշխարհահռչակ Google ընկերությունում: Որոնման արդյունքները ստուգելիս Ռոզեթը ստացավ «Պատրա՞ստ ես ստուգումների» հարցադրումը և դրական պատասխան տվեց: Դրանից հետո նա հայտնվեց գաղտնի կայքում, լուծեց մի քանի գլուխկոտրուկ, մի քանի քայլեր կատարեց և աշխատանքի առաջարկ ստացավ շատերի համար երազանք դարձած Google-ի գրասենյակում:
Իսկ այժմ փոքր-ինչ ավելի մանրամասն պատմենք, գուցե ձեր բախտը նույնպես բերի:
Ռոզեթը ծրագրավորող է և անընդհատ ուսումնասիրություններ է անում: Հերթական ուսումնասիրության ժամանակ նա որոնողական համակարգում մուտքագրեց «python lambda function list comprehension» արտահայտությունը, ինչից հետո իր էկրանին հայտնվեց հաղորդագրություն, որտեղ ասվում էր, թե՝ դու մեր մարդն ես, արդյո՞ք պատրաստ ես ստուգումների: Ապշահար եղած Ռոզեթը սկզբից մտածում է, որ դա գովազդային հաղորդագրություն է, սակայն, այնուամենայնիվ, համարձակվում է այն բացել:
Հայտնվելով իր համար անծանոթ տիրույթում՝ Ռոզեթը սկսեց հերթով կատարել համակարգչի առաջարկած առաջադրանքները: Առաջին հանձնարարությունները նա կատարեց մի քանի ժամում: Թե ինչ բովանդակության էին այդ հանձնարարականները՝ Ռոզեթը չի հայտնում: Մի քանի շաբաթների ընթացքում նա լուծեց 5 խնդիր, իսկ 6-րդը լուծելուց հետո նրան խնդրեցին գրել իր կոնտակտային տվյալները: Չէր անցել մեկ շաբաթ, երբ ծրագրավորողը զանգ ստացավ Google-ի կադրերի բաժնից, որտեղ նրան առաջարկում էին համագործակցել իրենց հետ:
Մեկշաբաթյա փորձաշրջանն անցնելու ժամանակ միայն Ռոզեթը հասկացավ, որ այս ամենը կատակ չէր: Իսկ լրացուցիչ դասընթացներ անցնելուց 3 ամիս անց էլ նա ստացավ շատերի համար երազանքների աշխատանքը:
Սիրարփի Աղաբաբյան