Համերգի խափանման համար «Ումաթուրմանը» մեղադրում է «One production»-ին` գումարները չվճարելու և տոմսերը չգնելու համար, «One production»-ը մեղադրում է մամուլին
Շատերն անհամբեր սպասում էին սեպտեմբերի 19-ին կայանալիք համերգին, որին պետք է մասնակցեին ճանաչված երաժշտական խմբեր «Ումաթուրմանը», «Բումբոքսը» և «Ռեինկարնացիան»:
Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, համերգի կազմակերպիչ «One production» ընկերությունը համերգից ընդամենը մեկ օր առաջ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր.
«Սեպտեմբերի 19-ին Երևանում կայանալիք բացօթյա համերգը՝ «Ռեինկարնացիա»՝ Հայաստան, «Բումբոքս»՝ Ուկրաինա և «Ումաթուրման»՝ Ռուսաստան, խմբերի մասնակցությամբ, չի կայանա: Ցավով պետք է տեղեկացնենք, որ համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել:
Տեղեկացնում ենք նաև, որ «One production» ընկերությունը ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը կատարել է և կրում է պատասխանատվություն ձեռք բերված տոմսերի գումարի վերադարձի համար: Վաճառված տոմսերի գումարի վերադարձը կկատարվի այսօրվանից սկսած մեկ ամսվանից հետո: Հստակ օրվա մասին կտեղեկացնենք նախապես: Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, քանի որ այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը: Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը»:
Կարճ ժամանակ անց, սակայն, համացանցում է հայտնվում «Ումաթուրման» խմբի սոլիստ Վլադիմիր Կրիստովսկու վիդեո հաղորդագրությունը Instagram սոցիալական ցանցում, որում մասնավորապես նշվում է, թե ո՞րն է համերգի չեղյալ լինելու իրական պատճառը.
«Բարև, ընկերներ: Ցավով պետք է նշեմ, որ երևանյան մեր համերգը չի կայանա՝ կազմակերպիչների պատճառով, որոնք չեն փոխանցել գումարները և չեն գնել մեր տոմսերը: Ցավոք, մենք չենք ժամանի Երևան: Շատ ափսոս, քանի որ մենք շատ էինք ուզում Ձեզ մոտ ելույթ ունենալ: Հուսանք՝ մի օր մեր այդ ցանկությունը կիրականանա»,-ասում է Վ. Կրիստովսկին:
Նա նաև Instagram-ում կատարել է հետևյալ գրառումը. «Дорогие жители Еревана, к сожалению, наше выступление и выступление группы “Бумбокс” завтра отменяется из-за недобросовестной работы организаторов.. Нам очень жаль..»:
Մենք այս կապակցությամբ զրուցեցինք համերգի կազմակերպիչ «One production» ընկերության ներկայացուցչի հետ, ով խմբի սոլիստի վերոնշյալ տեսահաղորդագրության ի հայտ գալը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Այս սկանդալը սկսվեց այն պատճառով, որ հայկական լրատվական կայքերից մեկը մեր ընկերության տարածած հաղորդագրությունը սխալ կերպ էր թարգմանել հայերենից՝ ռուսերեն և խեղաթյուրել էր այն: Ամբողջ իրարանցումը հենց այդտեղից էլ սկսեց. թե այս ինչե՞ր են գրում Ձեր լրատվամիջոցները:
Մեր հաղորդագրության մեջ ասվում էր, որ «One production» ընկերությունը կատարել է ելույթ ունեցող խմբերին՝ պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը: Իսկ ռուսերեն թարգմանության մեջ ասվում էր իբրև թե մենք ամբողջությամբ ենք վճարել խմբերի հոնորարները: Դա այդպես չէ: Մենք խոսել ենք միայն կանխավճարի մասին: Կանխավճարն ու ամբողջական հոնորարներն իրարից շատ են տարբերվում»,-նշում է նա:
Մեր դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է մեկ լրատվամիջոցի սխալ տեղեկատվությամբ առաջնորդվել և նման տեսահաղորդագրություն տարածել, և հարցին, արդյոք նախքան այս տեսանյութի տարածումը նրանք չե՞ն խոսել համերգի կազմակերպիչների հետ՝ պարզաբանումներ ստանալու համար, «One production» ընկերության ներկայացուցիչը պատասխանեց.
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ խեղաթյուրված թարգմանությունն իրենն արել է, քանի որ մինչ այդ պահը մեր զրույցները շատ ավելի կոռեկտ են եղել: Նշեմ միայն, որ մենք ունենք բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ մենք ամրագրել ենք և հյուրանոցի համարները և տոմսերը, և կատարել ենք կանխավճարները: Շուտով մենք կկազմակերպենք մամլո ասուլիս, որտեղ և կպատասխանենք բոլորին հուզող հարցերին, ինչպես նաև կհայտարարենք գնված տոմսերի գումարների վերադարձի կարգը, օրն ու վայրը: Նորից եմ նշում` մենք բաց ենք աշխատում, մենք հասանելի ենք և պատասխանատվություն ենք կրում մեր ընկերության ցանկացած քայլի համար»:
Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում կազմակերպել ասուլիսը, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց.
«Երբ հասկանանք, թե տոմսերի ի՞նչ քանակ է վաճառվել, իսկ մեր նախնական հաշվարկներով 10.000-ից ընդամենը 421 տոմս է վաճառվել, այդ ժամանակ կկարողանանք նշել ասուլիսի օրն ու տոմսերի վերադարձի մասին մանրամասներ: Կարծում եմ, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի արդեն հստակ կհայտնենք այդ մասին»: