Վաղվա համերգը չի կայանա
Շատերն էին անհամբեր սպասում սեպտեմբերի 19-ին կայանալիք համերգին` մասնակցությամբ այնպիսի ճանաչված երաժշտական խմբերի, ինչպիսիք են «Ումաթուրմանը», «Բումբոքսը» և «Ռեինկարնացիան»: Սակայն համերգի կազմակերպիչ «One productione» ընկերությունը համերգից ընդամենը մեկ օր առաջ՝ այսօր, հայտարարություն է տարածել, որում մասնավոապես ասվում է.
«Սեպտեմբերի 19-ին Երևանում կայանալիք բացօթյա համերգը՝ «Ռեինկարնացիա»՝ Հայաստան, «Բումբոքս»՝ Ուկրաինա և «Ումաթուրման»՝ Ռուսաստան, խմբերի մասնակցությամբ, չի կայանա: Ցավով պետք է տեղեկացնենք, որ համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել: Տեղեկացնում ենք նաև, որ «One productione» ընկերությունը ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը կատարել է և կրում է պատասխանատվություն ձեռք բերված տոմսերի գումարի վերադարձի համար: Վաճառված տոմսերի գումարի վերադարձը կկատարվի այսօրվանից սկսած մեկ ամսվանից հետո: Հստակ օրվա մասին կտեղեկացնենք նախապես: Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, քանի որ այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը: Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը»:
Մենք զրուցեցինք «One productione» ընկերության ներկայացուցչի հետ, ով պատասխանեց մի շարք հարցերի, որոնք միանշանակ կհետաքրքրեն բոլոր նրանց, ովքեր անհամբեր սպասում էին այս համերգին և արդեն իսկ գնել էին համերգի տոմսերը:
«Մեր կազմակերպությունը բաց է աշխատում: Մեր հեռախոսահամարներն ու կապի բոլոր միջոցներն առկա են մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Բնականաբար, արդեն իսկ հնչում են դժգոհություններ բոլոր նրանց կողմից, ովքեր գնել են տոմսերը և սպասում են տոմսերի դիմաց վճարված գումարի վերադարձին: Մենք արդեն իսկ պատասխանել ենք, թե ինչպես ենք իրականացնելու գումարների վերադարձը:
Այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 18-ը մենք կհայտարարենք տոմսերի գումարների վերադարձի օրն ու վայրը: Շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա նշված ժամկետից ավելի վաղ»,- նշում է «One productione» ընկերության ներկայացուցիչը:
Մեր հարցին, թե ե՞րբ են տոմսերը դրվել վաճառքի, և ինչո՞ւ են կազմակերպիչները համերգի չեղյալ լինելու մասին հայտնում միայն մեկ օր առաջ, նա պատասխանեց. «Համերգի տոմսերը վաճառքի ենք դրվել օգոստոսի վերջին շաբաթվանից սկսած: Քանի որ Հայաստանում կա տենդենց՝ տոմսեր գնել միայն վերջին պահին կամ վերջին օրերին, այդ իսկ պատճառով մենք սպասել ենք մինչև վերջ: Վաճառքի է դրվել 7-10.000 տոմս: Չենք կարող ասել, թե տոմսերի քանի տոկոսն է վաճառվել, քանի դեռ հաշվարկ ենք իրականացնում: Միանշանակ կարող եմ ասել, որ պարզապես չի վաճառվել անհրաժեշտ քանակությամբ տոմս»:
Մեր դիտարկմանը, միգուցե մեր քաղաքացիների համար 7000 դրամը՝ բացօթյա համերգի տոմսի դիմաց, դեռևս բա՞րձր գին է, «One productione» ընկերության ներկայացուցիչն առարկեց՝ ասելով.
«Մեր հասարակության մի որոշ հատված, չգիտես, թե ինչո՞ւ, համոզված է, որ եթե՝ բացօթյա համերգ, ապա՝ անվճար: Սակայն այդ նույն մարդիկ կարող են գնալ հարևան երկրներ, գումար վատնել և ճանապարհի, և համերգի տոմսի դիմաց, և դիտել բացօթյա համերգ: Ինչ վերաբերում է տոմսերի գնին, ասեմ միայն, որ «Ռեինկարնացիա» խմբի ակումբային համերգի տոմսերի գինը կարող է կազմել 5000 դրամ: Իսկ մեր այս համերգին, բացի «Ռեինկարնացիայից», պետք է մասնակցեին նաև երկու ճանաչված խումբ ևս ՝ Ռուսաստանից՝ «Ումաթուրման», և Ուկրաինայից՝ «Բումբոքս»: Այնպես որ, չեմ կարծում, թե տոմսերի գինը բարձր էր դրված»: