Ի՞նչ կամ ո՞վ է թաքնված «Որոտանի» ՀԷԿ-երի վաճառքի գործարքի ետևում
Անցած տարի հունվարի վերջին ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությունն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու պայմանագիրը: Այդ ժամանակ «Քոնթուր գլոբալի» փոխնախագահ Գարի Լիվսլին, ով ստորագրել էր փաստաթուղթը, հայտարարել էր, թե իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- ասել էր Լիվսլին:
Այս գործարքը տեղի էր ունեցել այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Այնուհետև՝ ՀՀ վարչապետի և կառավարության փոփոխությունից հետո, հանկարծ պարզվեց, որ ամերիկյան կողմն այնքան էլ գոհ չէ գործարքի պայմաններից, ու կրկին բանակցությունների փուլ սկսվեց: Շուրջ 1.5 տարվա քննարկումներից հետո վերջապես ստորագրվեց համալիրի վաճառքի թարմացված պայմանագիրը, այս անգամ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ: Ամերիկյան կողմից փաստաթուղթը ստորագրեց «Քոնթուր գլոբալի» ներկայացուցիչ Ջոզեֆ Բրանդտը: Վերջինս ՀՀ վարչապետին հավաստիացրել է, թե իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» արդիականացման և լիարժեք գործարկման համար:
Թվում էր, թե ամերիկյան ընկերության մուտքը հայկական էներգետիկ ոլորտ հեղափոխական նշանակություն և լուրջ ազդեցություն պետք է ունենա համակարգի վրա և իսկապես առիթ կդառնա խոշոր ներդրումների համար: Սակայն որքանո՞վ է իրատեսական՝ «մեծածավալ» ներդրումներ ակնկալել մի ընկերությունից, որը հենց «Որոտանը» գնելու համար պահանջվող գումարը վարկ է վերցնում հայկական բանկերից: ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ռազմավարական օբյեկտի դիմաց վճարելու համար «Քոնթուր գլոբալը» ոչ միայն վարկ է վերցրել հայկական բանկերից, այլև գրավադրել է հենց «Որոտանի» գույքը: Մինչդեռ հայտարարվել էր, որ ամերիկյան ընկերությունը 180 մլն դոլար պետք է ներդնի ՀԷԿ-երի համալիրում:
««Որոտանի» գնորդը փող չի դրել, հայկական 3 բանկերից բարձր տոկոսով վարկ է վերցրել, գրավ է դրել «Որոտանն» ու գնել «Որոտանը»: Սա նշանակում է՝ չկա այն կազմակերպությունը և լուրջ կազմակերպությունը, որը գնել է «Որոտանը»: Իսկ «Որոտանը» Հայաստանի ռազմավարական հարստությունն է: Սա քուչի գործարք է, խուլիգանության դրսևորում է»,- հայտարարեց Ա.Մանուկյանը:
Մեծ տարակուսանք է առաջացնում այն, որ ամերիկյան խոշոր ընկերությունը չի ունեցել սեփական միջոցներ գնումն իրականացնելու համար: Վերահսկող մարմինները, թերևս, լուրջ անելիք ունեն այս գործարքի մութ էջերի վրա լույս սփռելու համար: Պարզ է, որ նման պայմաններում «Որոտանի» ճակատագիրը պայծառ ապագա չի խոստանում: Այս գործարքը, հիշեցնենք, քննադատության էր արժանացել դեռ ամենասկզբում՝ կոռուպցիոն բարձր ռիսկերի պատճառով, քանի որ վաճառքի գումարը փոխանցվելու էր ոչ թե ՀՀ բյուջե, այլ ՀԷԿ-երը շահագործող պետական ընկերության հաշվին, ինչպես նաև պայմանագիրը չէր ներկայացվելու Ազգային ժողովի հաստատմանը։
Որոտանի ՀԷԿ-երի համակարգը բաղկացած է 3 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում և օգտագործվում են ինչպես՝ գետի հունի, այնպես էլ՝ վտակների ջրերը: Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է երեք աստիճանից: Գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 մՎտ, տարեկան միջին նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտԺ: Ամենաբարձր ճնշումային կայանը հանդիսանում է համակարգի 3-րդ աստիճանը՝ Տաթև ՀԷԿ-ը: Համակարգի նախագծային աշխատանքները սկսվել են 1954-ից, 1961-ից` շինարարական աշխատանքները: 1970 թ. դեկտեմբերին գործարկվել է համակարգի առաջնեկը՝ Տաթև ՀԷԿ-ը, 1978-ին՝ Շամբ, իսկ 1989-ին՝ Սպանդարյան ՀԷԿ-երը:
Համակարգի կառուցվածքում կան 4 ջրամբարներ` բազմամյա, սեզոնային, շաբաթական կարգավորման և օրական կարգավորման մեկ ջրավազան: Համակարգի հիդրոէլեկտրակայանների ընդհանուր սխեման ունի հետևյալ տեսքը. Գորհայք և Ծղուկ գյուղերի տարածքում կառուցված է համակարգի գլխամասային Սպանդարյան ջրամբարը, այստեղից ճնշման թունելով ջուրը հասնում է Սպանդարյան ՀԷԿ: ՀԷԿ-ից ներքև կառուցված է Անգեղակոթի պատվարը, որը կազմավորում է Անգեղակոթի ջրամբարը: Այս ջրամբարից ոչ ճնշման թունելով ջուրը տեղափոխվում է Սիսիան և Այրի վտակների վրա կազմավորված Տոլորսի ջրամբար: Տոլորսի ջրամբարից ճնշման թունելով ջուրը տրվում է Շամբ ՀԷԿ-ին: Կայանից ներքև կառուցված է Տաթև ջրամբարը՝ Մարգարտածաղկի տեսք ունեցող հազվագյուտ ջրթափ կառույցով: Տաթևի ջրամբարից ոչ ճնշման թունելով ջուրը հասնում է օրվա կարգավորման ջրավազան, որտեղից էլ տուրբինային խողովակաշարով՝ Տաթև ՀԷԿ: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է Սպանդարյան, Շամբ, Տաթև և Հեր-Հէր ՀԷԿ-երից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 մՎտ, տարեկան նախագծային արտադրանքը` 1.16 մլրդ կՎտԺ: Բնութագրիչ առանձնահատկությունն այս կայանի շերեփավոր տիպի տուրբինն է, որն առաջինն է տեղադրվել նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: Համակարգում թողարկված 1 կՎտԺ էլէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում: Այսօր Որոտանի ՀԷԿ-երի համալիրին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15 %-ը։
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը կարևորագույն նշանակություն ունի հայկական էներգահամակարգում: Նշանակությունը մեծ է առանձնապես օրվա ծանրաբեռնված ժամերին պահանջվող բեռի ապահովման գործում: