«Կոնֆլիկտի փոխզիջումային վիճակ թուրքական կողմի մոտ չկա, դա ավարտվելու է Ցեղասպանությամբ». Լևոն Շիրինյան

«Այնպիսի դաշնակիցային հարաբերություն, որը մեզ Ռուսաստանն է առաջարկում, որևէ երկիր չի առաջարկում: Չկա այն խոշոր տերությունը, որը շատ ավելի լավ կսպասարկի, զենքը ավելի լավ կմատակարարի և այլն: Եթե Ռուսաստանի ազդեցության ռազմավարական շրջագիծը թուլանում է, մեծանում է թուրքականը, դա՞ եք ուզում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

Նրա կարծիքով՝ մենք պետք է ուժեղանանք Արևելյան Հայաստանում. «Արևելյան Հայաստանի երկու անկախ պետական միավորները՝ ԼՂՀ-ն ու ՀՀ-ն, ամրացնենք, հարցը դնենք այդ տարածքի ամբողջականացման վրա: Մենք հերթում ունենք Ջավախքն ու Նախիջևանը, ընդ որում՝ վերջինս երկաթգիծ ունի, բայց գումար են որոնում, որ երկաթգիծ կառուցեն: Իսկ Արևմուտքում պետք է ճնշումը պահենք: ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցության մաս, որովհետև երբ Արցախը հակամարտող կողմ չէ, մենք դառնում ենք տարածքային վեճի մասնակից՝ Ադրբեջան-Հայաստան, միջնորդներ և այլն, ու պատկերը փոխվում է: Այդ պարագայում՝ Հայաստանը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխիք: Երբ այս կոնցեպտուալ մասը փոխվի, միջնորդների համար տհաճ վիճակներ կառաջանան և նրանք հաստատ ՀՀ նախագահի հետ շատ հաճույքով չեն հանդիպի: Իրենց դա ձեռնտու չէ, քանի որ հակամարտություն կարգավորել նշանակում է՝ հարցը չլուծել, անընդհատ կառավարել»:

Քաղաքագետը նկատեց՝ Բեռլինի կոնֆերանսից մինչև հիմա հույսներս անընդհատ միջնորդների վրա ենք դնում. «Կոնֆլիկտի փոխզիջումային վիճակ թուրքական կողմի մոտ չկա, դա ավարտվելու է Ցեղասպանությամբ: Հույսներդ կտրեք, որ կոնֆլիկտը ունենալու է փոխզիջումներ: Եղած սահմանները կամ պահում ենք, կամ մեր բանակը առաջ է գնում: Ես վստահ եմ, որ մեր բանակը կարող է հարցը լուծել, նրան միայն հարկավոր է չթուլացնել տարբեր բամբասաքներով»:

Տեսանյութեր

Լրահոս