Գործարար Լևոն Հայրապետյանն ազատ է արձակվել տնային կալանքից

Հետաքննությունը տնային կալանքից ազատել է «Բաշնևտի» բաժնետոմսերի հափշտակման գործով մեղադրյալ, հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին:

«Քննիչի որոշմամբ՝ Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվել է՝ տնային կալանքի կրումը փոխարինվել է չմեկնելու մասին ստորագրությամբ»,- TASS-ին հայտնել է իր աղբյուրը՝ բացատրելով, որ նման որոշման պատճառը եղել է այն, որ գործարարին «կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրացել է»:

Տնային կալանքի տակ գտնվելու Հայրապետյանի ժամկետն սպառվել էր սեպտեմբերի 15-ին:

«Բաշնևտի» գործի շրջանակում նա կալանքի տակ էր գտնվում 2014թ. հուլիսի 17-ից, մեկ այլ գործի՝ 700 հազար դոլար յուրացման՝ անցած տարվա սեպտեմբերից: Նա մեղադրվում էր 2010թ. ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեջ:
Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել էր հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրական եզրակացությունը ու այն վերաքննության էր ուղարկել: Դատախազության համար համոզիչ չէր եղել գործարարին խարդախության մեղադրանքի առաջադրումը (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի, 4-րդ մասի հատկանիշներ) 700 հազար դոլար կաշառքի ստացման մասով: Դատախազությունը մատնանշել էր, որ Իզմեստևայի պնդումները կաշառք տալու վերաբերյալ, բավականաչափ ապացույց չեն Լևոն Հայրապետյանի մեղքը հաստատելու համար:

Հետաքննության նախնական փուլում Լ. Հայրապետյանը չէր ժխտել, որ կինը դիմել է իրեն՝ խնդրելով լավ փաստաբանի առաջարկել իր որդուն օգնելու համար: Ռուբեն Հայրապետյանը, նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, խոստացել էր օգնել:

66-ամյա գործարարը ձերբակալվել էր անցած տարվա հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Նիցցայից վերադառնալիս:

Տեսանյութեր

Լրահոս