ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը՝ միջազգային հարթակում

Օրերս Մոսկվայում կայացավ «ԱՊՀ երկրների պատմական և մշակութային համայնքը» խորագիրը կրող երիտասարդ քաղաքագետների 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից: Համաժողովին մասնակցում էին 22 երիտասարդներ Հայաստանկից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից: Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Ալեքսան Հովհաննիսյանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկա գտնվեցին դասախոսությունների` «Ռուսաստանը որպես քաղաքակրթական հանրապետություն», «Հետխորհրդային երկրների հասարակությունների համար եվրասիական արժեհամակարգի ձևավորման խնդիրները», «ԱՊՀ երկրների ազգային անվտանգության խնդիրները. Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը», «Մոլդովայի տեղն ու դերը ԵՄ վարած քաղաքականությունում» թեմաներով: Այնուհետև անցկացվեցին սեմինարներ Ռուսաստանին` որպես 21-րդ դարի քրիստոնեական աշխարհի պաշտպանի ուղղված արևմտյան հայացքի, ԵՏՄ ձևավորման խոչընդոտների, ՌԴ-ի վրա սանկցիաների ազդեցության, ռուսական տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Քննարկվեց իսլամիզմը` որպես ժամանակակից հանրապետության մարտահրավեր և Եվրասիական տարածաշրջանում տիրող վիճակը գլոբալիզացիայի պայմաններում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով, մասնավորապես` ՀՀԿ ԵԿ անդամ Ալեքսան Հովհաննիսյանը ներկայացրեց զեկույց «Եվրասիական միության անդամ երկրների համագործակցության հիմքերը» թեմայով: Վեջինս տպագրվելու է կազմակերպիչ գիտահետազոտական ինստիտուտի ամսագրում:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Հաղթանակի և պարտության ժառանգները. 2-րդ համաշխարհային պատերազմը ԵՄ և ԱՊՀ երկրների պատմական քաղաքականություններում» գրքի շնորհանդեսը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Մոսկվայի մի շարք պատմամշակութային հաստատություններ:

Համաժողովն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին վկայագրերի հանձնմամբ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Տեսանյութեր

Լրահոս