«Եթե Նորվեգիայից Հայաստան սաղմոն չներկրվի, այն դրական կազդի մեր ձկնամթերքի շուկայի վրա»
Ռուսական մամուլում վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նորվեգական սաղմոն ձկնատեսակի ներկրումը սահմանափակելու հաղորդում ներկայացնել: Ըստ այդմ, «Ռոսսելխոզնադզորը» փորձում է կանխել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից վերամշակված տեսքով նորվեգական ձկան ներմուծումը Ռուսաստան, որը Արևմուտքի դեմ պատժամիջոցներից հետո արդեն մեկ տարի է՝ հայտնվել է Կրեմլի սև ցուցակում։
Եթե ի վերջո դրվի նորվեգական սաղմոնը Հայաստան ներկրելու արգելքը՝ ինչի՞ այն կարող է հանգեցնել՝ ձկան դեֆիցիդի՞, թե՞ հայկական ձկնամթերքների սպառման մեծացման:
Պատասխանաեով 168.am-ի այս հարցադրումներին՝ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ երբ մեր երկիրը ձուկ է արտադրում, բայց այլ երկրից ձուկ է ներկրում, դա խոսում է մեր երկրի «ոչ գրագետ, բացասական» տնտեսական համակարգ ունենալու, «վատ, անմակարդակ» տնտեսվարման մասին: Այնուամենայնիվ, Ա. Աթոյանը չի կարծում, որ եթե դրվի այդ արգելքը, այն որևէ բացասական ազդեցություն կարող է ունենալ:
«Չնայած ես չեմ համարում, որ այդ արգելքը կդրվի, որովհետև Ռուաստանը կարող է թույլ չտալ իր երկիր մտնելու ոչ հայկական ծագում ունեցող ապրանքատեսակ, եթե դա Հայաստանում վերամշակման չի ենթարկվել, եթե վերնամշակման է ենթարկում, ապա դա կորցնում է իր ծագման երկրի նշանակությունը:
Մենք պետք է Ռուսաստանին ասենք, որ դա մենք բերում ենք Հայաստանի համար, և չենք արտահանելու Ռուսաստան, ու ինքը անհանգստանալու կարիք չունի»:
Ա. Աթոյանի խոսքով՝ գրագետ աշխատաոճի շնորհիվ՝ Նորվեգիան կարողացել է ցածր ինքնարժեքով ձկնատեսակ ստանալ և, մուտք ունենալով մեր երկիր՝ վնասել է մեր երկրի ձկնամթերքի շուկան: Մեր ճշտող հարցին՝ եթե չներկրենք նորվեգական սաղմոնը, դա ավելի դրակա՞ն կանդրադառնա մեր ձկնամթերքի շուկայի վրա, Ա. Աթոյանը պատասխանեց, որ միանշանակ այդպես կլինի: