Դավիթ Խաչատրյանի երկրորդ գանգատը ՄԻԵԴ
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղավոր ճանաչված Դավիթ Խաչատրյանի պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սա Դավիթ Խաչատրյանի արդեն երկրորդ գանգատն է ՄԻԵԴ. առաջին գանգատը ներկայացվել էր դեռևս նախորդ տարի, այն վերաբերում էր քրեական գործի նախաքննության ընթացքում Դ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորմանը:
Երեկ մեզ հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է օգոստոսի սկզբին: Ըստ նրա՝ բողոքը վերաբերում է Դավիթ Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքի խախտումներին: Փաստաբանը նշեց, որ գանգատում ներկայացրել են իրավունքի խախտման մի շարք դեպքեր: Մասնավորապես, Երեմ Սարգսյանի խոսքով՝ տարբեր պաշտոնատար անձանց կողմից խախտվել է Դավիթ Խաչատրյանի անմեղության կանխավարկածը. «Սկզբնական փուլում խախտվում էր անմեղության կանխավարկածը տարբեր պաշտոնատար անձանց կողմից: Օրինակ՝ պաշտպանության նախարարի հայտարարությունները (ըստ պաշտպանական կողմի՝ Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան
Օհանյանը հայտարարել էր, որ, այո՛, նախնական տեղեկություններով՝ տեղի է ունեցել միտումնավոր կրակոց և սպանություն.- Օ. Հ.), որոնք ուղղորդող նշանակություն ունեցան քննչական մարմնի համար, գլխավոր դատախազի կողմից հեռուստատեսությամբ և ասուլիսների ժամանակ արված հայտարարությունները, այն մասին, որ մեղքը հաստատող բոլոր ապացույցները ձեռք են բերվել, միանշանակ մեղքը հաստատված է:
Այդ հայտարարությունները կատարվեցին այն փուլում, երբ դատավճիռ չէր կայացվել, և մենք նույնիսկ պաշտպանական ճառ չէինք ներկայացրել (հիշեցնենք, որ երբ քրեական գործը քննվում էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իր հարցազրույցներից մեկում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանելով հարցին՝ Դուք գո՞հ եք Լյուքս Ստեփանյանի նախաքննությունից, ասել էր. «Այո՛: Ես կարծում եմ` մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար, և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ».- Օ.Հ.): Այս խախտումներն են, որոնց մասին նշել ենք անմեղության կանխավարկածի տեսանկյունից»:
Ե. Սարգսյանն ասաց, որ իրենց գանգատում նաև նշել են, որ դատական քննության սկզբնական փուլում դատարանի նախագահի աշխատասենյակում դատարանի նախագահի և գործը քննող դատավորի մասնակցությամբ առանձին հանդիպում էր տեղի ունեցել տուժող կողմի հետ. «Հանդիպումը տեղի էր ունեցել առանց մեր կողմի ներկայության, ինչը նույնպես խախտում է այն առումով, որ նրանք իրավունք չունեին առանց մյուս կողմի մասնակցության կամ ներկայության` առանձին որևէ շփում և հանդիպում ունենալ տուժող կողմի հետ, ինչը լուրջ կասկածներ է հարուցում, թե ինչ են խոսել այնտեղ կամ ինչ խոստումներ են տվել, և այլն, և այլն:
Հետագայում դրանով էլ պայմանավորված` դատարանում արդեն զգացվում էր, որ դատարանի մոտ որոշակի կաշկանդվածություն կա: Մասնավորապես, տուժող կողմի վարքագծի հետ կապված բացարձակապես որևէ ակտիվ քայլ չէր ձեռնարկվում, կարգը չէր պահպանվում, Դ. Խաչատրյանին ուղղված վիրավորանքների առումով որևէ քայլ չէր ձեռնարկվում, և այլն»: Դ. Խաչատրյանի պաշտպանի խոսքով՝ գանգատում ներկայացվել է նաև վերաքննիչ քրեական դատարանում իր բողոքի քննության ընթացքում թույլ տրված խախտումը: Խոսքը վերաբերում է գործով մյուս տուժող Հրաչյա Սարգսյանին հարցաքննելու հարցին. «Տուժողի հարցաքննություն չիրականացրին:
Այն տուժողի, որը հիվանդության և առողջական խնդիրների պատճառով ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում ի վիճակի չէր եղել ցուցմունք տալ: Նա ներկայացավ դատարան, ցանկացավ ցուցմունք տալ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, սակայն օրենքի խախտմամբ նրան չհարցաքննեցին, ինչը նույնպես անկհայտ կանխակալության դրսևորում էր»: Ե. Սարգսյանն ասաց նաև, որ դատական ակտը, ըստ էության, պատճառաբանված չէր: «Մենք բազմաթիվ միջնորդություններ ներկայացրինք, որոնք անհիմն կերպով մերժվեցին, դատական ակտում որևէ պատճառաբանություն չնշվեց, թե ինչու անդրադարձ չկատարվեց մեր կողմից նշված փաստարկներին: Այսինքն՝ մեր փաստարկներին հերքում չստացվեց, բայց, այնուամենայնիվ, մեղադրական դատավճիռ կայացրեցին»,- ասաց Ե. Սարգսյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատում ներկայացրել են այլ փաստարկներ ևս:
Հավելենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Դ. Խաչատրյանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 17 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ օրինական ուժի մեջ էր թողնվել դատարանի վճիռը՝ մերժելով Դ. Խաչատրյանի պաշտպանի բողոքը: Վճռաբեկ դատարանն էլ առհասարակ վարույթ չէր ընդունել պաշտպանական կողմի բողոքը: Դատարանները համարեցին, որ տուժողի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, ականատեսների վկայությունները` վիճաբանության ընթացքում Դ. Խաչատրյանի կողմից լարվելու, տուժողի հայհոյանքներից վիրավորվելու մասին, և դրա պատճառով նրա կատարած այնպիսի գործողությունները` զենքը լիցքավորելը, անձանց ուղղությամբ պահելը, կրակելու սպառնալիքը, որոշակի ուժգնությամբ ձգանը քաշելը, խոսում են միայն նրա կատարածի դիտավորության մասին:
«Ինչ մնում է արարքի հետևանքներին, ապա դատարանի մոտ ձևավորվել է համոզմունք, որ նա նման ծանր հետևանք չէր ցանկանա իր ընկերների համար, որի մասին են վկայում ինչպես` ծառայակից ընկերների և հրամանատարության կողմից նրան տրված դրական բնութագիրը, այնպես էլ` կրակոցի պահին զենքն իջեցնելը, հանցանքը կատարելուց անմիջապես հետո նրա դրսևորած վարքագիծը և արարքի հետևանքը տեսնելուց հետո ծանր հոգեվիճակի մեջ հայտնվելը»,- իր դատավճռում նշել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Դ. Խաչատրյանը պնդում էր, որ իր ծառայակից ընկերոջը սպանելու դրդապատճառ, շարժառիթ, ցանկություն ու նպատակ չի ունեցել. նրա խոսքով՝ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր արածը հանցագործություն է, սակայն սպանություն չի կատարել: