Թյուրըմբռնում է, թե Հայաստանը Ռուսաստանից ոչ մի տեղ չի «փախչի». Անդրեյ Արեշև

«Հայ-ռուսական հարաբերություններում մի շարք հարցեր պետք է վերանայվեն»,- այս մասին «Ռուսաստան–Հայաստան. հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց  ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը` անդրադառնալով նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունքներին:

Նա նշեց, որ տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հանդիպման ժամանակ ձեռք են բերվել կամ հաստատվել են հայ-ռուսական հարաբերությունների համար կենսական կարևորություն ունեցող որոշումներ, որոնք վերաբերում են ՀՀ տնտեսությանն ու անվտանգությանը:

«Այն հարցերի բազմությունը, որը կարող էր բարձրացվել, լայն է` ՀՀ անվտանգություն, ԼՂ հակամարտություն, Լավրովի այց Բաքու, ԵՄ-ի մարմնի շարժումներ Բելառուսի և Հայաստանի ուղղությամբ շրջանակային փաստաթուղթ ստորագրելու համար:

Ակնհայտ է, որ կարող են հարցեր առաջանալ ՀՀ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված: Ակտուալ հարցեր կան, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքում իրադարձությունների դրամատիկ զարգացումներին, հարևան Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք չեն կարող չանհանգստացնել մեզ:

Ժամացույցների սլաքների համաձայնեցումը Հայաստանի և Ռուսաստանի միջև կարևոր է, քանի որ Հայաստանը ոչ միայն ՌԴ ռազմավարական գործընկերն է, այլև ԵՏՄ անդամ: Ակտուալ է նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հարցը, այդ բարեփոխումները հոկտեմբերին խորհրդարանում են քննարկվելու, դրա շուրջ այսօր ՀՀ քաղաքական դաշտում տարաձայնություններ կան, ուստի այս հարցերը ևս առանց ուշադրության չեն կարող մնալ»,- ասաց Արեշևը:

Նա որպես բացասական հանգամանք նշեց «Որոտանի կասկադի» գործարքի կայացումը ամերիկյան ընկերության հետ: Նրա համոզմամբ` Ռուսաստանն այստեղ կարող էր մասնաբաժին ունենալ, քանի որ պատժամիջոցների պատճառով գուցե այստեղ ռուսական ընկերությունների հնարավորությունները սահմանափակվեն ամերիկյան ընկերության պատճառով: Այդ հնարավորությունը, նրա վստահեցմամբ, ռուսական կողմն արդեն բաց է թողել:

«Մի թյուրըմբռնում կա Ռուսաստանում, թե Հայասանը ոչ մի տեղ չի փախչի, թե ՌԴ-ն կպահպանի իր դիքերը Հայաստանում, այնինչ տեսնում ենք մեխանիզմներ, որոնց գործի դրման պարագայում հայ-ռուսական հարբերություններում սեպեր են խրվելու»,- ասաց Արեշևը` ակնարկելով, թե այս հարցերը ևս քննարկումների և վերանայումների առարկա պետք է դառնան երկկողմ հարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս