«Քանի դեռ Ադրբեջանը ռազմական առավելություն է զգում, չի նստի բանակցային սեղանի շուրջ». Վլադիմիր Եվսեև
«Պուտին-Սարգսյան հանդիպմանն անակնկալ որշումներ չեն կայացվել»,- այս մասին «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը՝ ամփոփելով Սարգսյան-Պուտին հանդիպման արդյունքները:
Նա նշեց, որ այդ արդյունքներն, ըստ էության, նորություն չէին որևէ մեկի համար: Սակայն, նրա գնահատմամբ, դրական որակման արժանի, քանի որ խոսք գնաց գազի սակագնի իջեցման մասին:
«Սակայն ինձ դուր չի գալիս այն, որ այդ զեղչը մարդկանց, սպառողների վրա որևէ կերպ չի անդրադառնալու, ստացվում է, որ այդ զեղչը հնարավորություններ է տալիս կառավարությանը, բայց ոչ սպառողին»,- ասաց նա:
Նրա կարծիքով`Հայաստանին տրված վարկը դրական առաջընթաց էր ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլև ԼՂ հակամարտության գոտում, քանի որ հնարավորություն է տալիս Հայաստանին ձեռք բերել հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր արտոնյալ պայմաններով, ինչի կարիքը Հայաստանն իսկապես ունի, քանի որ այս հարցում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանն ունի առավելություն:
«Իսկ քանի դեռ կողմերից մեկն ունի առավելություն, չի նստի բանակցային սեղանի շուրջ: Բանակցություններն այսօր կենսական նշանակություն ունեն կողմերի համար, քանի որ իրավիճակը վտանգավոր է, այսօր ԼՂ հակամարտության գոտում օգտագործվում է շատ ավելի ծանր սպառազինություն, քան մարտ ամսին և որ ամենացավալին է, հակամարտության գոտում տուժում է խաղաղ բնակչությունը, հակամարտությունն ընդլայնվում է, Ադրբեջանը չպետք է զգա իր առավելությունը, նա պետք է զգա հավասարակշռություն, իսկ այդ հարցում ՌԴ-ն կառուցողական քաղաքականություն է վարում` փորձելով կողմերին հավասարակշռել»,- ասաց Եվսեևը` շարունակելով կոչ անել, որպեսզի ռազմական ոլորում ՌԴ-Ադրբեջան համագործակցությունը չգերագնահատվի:
Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Հայաստանն ուշի ուշով պետք է հետևի իր հարևանության շուրջ ծավալվող իրադարձություններին: «Հարևանություն» ասելով փորձագետը նկատի ուներ Թուրքիայի ներքաղաքական բախումները, Իրանի շուրջ միջազգային համաձայնությունն ու սիրիական պատերազմը: