«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հեռացվեն 1915թ. իրադարձություններից և հայ-ադրբեջանական հարաբերություններից». թուրք փորձագետ
«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է ապակապակցվեն մի շարք թեմաներից»,-այս մասին այսօր «Հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից հետո. նշանակությունը, հիշողությունը և քաղաքականությունը» անունը կրող կոնֆերանսի ժամանակ ասաց թուրք վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարչիկլին (Özgür Ünlühisarcıklı)՝ անդրադառնալով Թուրքիայում անցկացվող ընտրություններին և դրանց ազդեցությանը Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա:
Նա նշեց, որ Թուրքիայում և Թուրքիայի շուրջ շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում: Օզգյուր Ունլուհիսարչիկլին հիշեցրեց, որ վերջերս Թուրքիան խորհրդարանական ընտրություններ անցկացրեց, որոնց արդյունքներն ըստ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)՝ այդքան էլ դրական չէին: Թեև, նրա վստահեցմամբ, վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիայում ընտրությունները դարձել էին կանխատեսելի՝ մի քանի կուսակցություններ պայքարում էին, վերջում հաղթում էր ԱԶԿ-ն:
«Այս ընտրությունները կարևոր էին, որովհետև ընտրությունն այն մասին չէր, թե ով է կառավարելու Թուրքիան, այլ այն մասին, թե ի՞նչ ռեժիմով է Էրդողանը ցանկանում կառավարել Թուրքիան, քանի որ ցանկանում է Թուրքիան դարձնել նախագահական հանրապետություն: Սակայն աշխարհում կան տարբեր նախագահական համակարգեր, ինչպես՝ ՌԴ-ում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում, բայց տարբեր են այս նախագահական համակարգերը: Շատ մարդիկ մտահոգություն ունեն, որ եթե Թուրքիան դառնա նախագահական կառավարման մոդելով երկիր, ապա կնմանվի ռուսական համակարգին, ուստի ցանկանում են, որ Թուրքիան մնա խորհրդարանական»,- պարզաբանեց փորձագետը՝ շարունակելով, որ Էրդողանին այս փուլում դա չհաջողվեց, քանի որ ընտրություններին իշխող կուսակցությունը չունեցավ մեծամասնություն, կոալիցիոն կառավարություն ևս չձևավորվեց:
Ուստի, ըստ նրա, որոշվեց ընտրություններից երեք ամիս անց նոր ընտրություններ անցկացնել, իսկ Էրդողանը հուսով է, որ Թուրքիայի իրադարձություններից հետո Թուրքիայի ժողովուրդը կընտրի կայունությունը և ոչ թե ազատությունը՝ իր հարակից խնդիրներով: Փորձագետի համոզմամբ, սակայն, Էրդողանի հաշվարկները սխալ են դուրս գալիս:
Նրա խոսքով՝ այս ներքին փոփոխությունների ֆոնին հնարավոր է հայ-թուրքական հարաբերություններում դրական օրակարգ ձևավորվի, հնարավոր է և հակառակը տեղի ունենա, քանի որ դրական օրակարգ չի կարող լինել այն հարևանների դեպքում, որոնց բոլորի հետ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի:
«Թուրքիան շատ միայնակ է և այն ժամանակ, երբ իր շուրջ էկոհամակարգը քանդվում է՝ Եվրասիայում, Կովկասում, Ուկրաինաայում, ՌԴ-ն իր մկաններն է ցույց տալիս, Թուրքիան ունի ընկերների կարիք, բայց հայտնվել է միայնակ վիճակում: Թուրքիային պետք է դրական քաղաքական օրակարգ, որը կարող է լինել Հայաստանի պարագայում: Բանակցությունների դեպքում պետք է ապակապակցենք թուրք-հայկական հարաբերությունները 1915 թվականի իրադարձություններից և հայ-ադրբեջանական հարաբերություններից, որպեսզի առաջընթաց գրանցվի»,- ասաց փորձագետը: