
Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատը PKK-ի 73 զինյալի է սպանել

«Իլհաս» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատն օպերացիա են անցկացրել ու սպանել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 73 անդամի:
25 քուրդ զինյալ պատանդ է վերցվել:
Տեղի ունեցածի հետ կապված՝ հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ հատուկ նշանակության ջոկատի ոչ մի անդամ չի մոլորվել, այլ վրեժ են լուծել իրենց սպանված ընկերների համար:
«Նրանք անջատել էին իրենց ռացիաները, որպեսզի հետ քաշվելու հրաման չստանան: 12 մարդուց բաղկացած հատուկ նշանակության ջոկատը մինչև այսօր առավոտ պայքարել է հարյուրավոր ահաբեկիչների դեմ: 73 ահաբեկիչ ոչնչացվել է, 25-ը՝ պատանդ են վերցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները հարձակում էին գործել երկու զինվորական զրահատրանսպորտային միջոցի վրա Հաքարի նահանգի Դաղլըջա շրջանում: Հարձակման հետևանքով 16 թուրք զինծառայող սպանվել էր, կային բազմաթիվ զոհեր: