Հասարակությունը՝ լուսանցքում

Սահմանադրական փոփոխությունների գործընթացում գնալով ավելի շատ է շրջանառվում կոնսոլիդացիա կամ մոբիլիզացիա արտահայտությունը: Կոնսոլիդացիայի մասին խոսում են հիմնականում իշխանությունները, ովքեր ցանկանում են ցույց տալ, որ քաղաքական ուժերի շրջանում սահմանադրական փոփոխություններն աջակցություն են վայելում, մոբիլիզացիայի մասին խոսում են ընդդիմադիրները՝ հայտարարելով, որ սահմանադրական բարեփոխումները տապալելու համար անհրաժեշտ է հասարակության մոբիլիզացիա:

Երկու դեպքում էլ գործ ունենք ավելի շատ ձևի, քան բովանդակության հետ: Իշխանությունները կոնսոլիդացիայի մասին խոսում են՝ իրենք էլ շատ լավ հասկանալով, որ կուսակցությունների հետ խորհրդակցությունները հեռու են հասարակական լիարժեք կոնսոլիդացիայի վկայություն լինելուց: Նույն կերպ ընդդիմադիրները շատ լավ գիտեն, որ հասարակությունը չի մոբիլիզացվելու թե՛ իրենց շուրջ, թե՛ սահմանադրական հանրաքվեն տապալելու հարցի շուրջ, իսկ մոբլիլիզացվելու պարագայում, լավագույն դեպքում, հերթական հիասթափությունն է ապրելու ընդդիմադիր համարվող այդ ուժերից՝ իշխանափոխության խոստումը հերթական անգամ չիրականացնելու արդյունքում:

Հասարակության դերակատարությունն այս գործընթացում իրականում հասցվել է հնարավոր նվազագույնի, որովհետև հասարակությունը չի վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ դրա դեմ պայքարել պատրաստվող ընդդիմությանը: Այս խնդրի լուծումը, ըստ էության, հանգում է ողջ քաղաքական համակարգի փոփոխության անհրաժեշտությանը, բայց դա գոնե ներկայիս պայմաններում անիրականանալի է, քանի որ սահմանադրական փոփոխություններով վերարտադրվելու է ոչ միայն գործող իշխանությունը, այլև գործող քաղաքական համակարգն ամբողջությամբ: Իսկ այդ պարագայում արդեն երկրորդական է՝ ով ում շուրջ կկոնսոլիդացվի կամ ում դեմ կմոբիլիզացվի: Քաղաքական համակարգն իր և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական դրսևորումներով հասարակությանը դեմ է, սակայն հասարակությունը գերադասում է համակերպվել դրան:

Տեսանյութեր

Լրահոս