Վահան Բաբայանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց ողջամիտ ու լուրջ վերաբերվել Սահմանադրության փոփոխությունների նախագծին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ չգիտի, թե որ կուսակցությունը՝ ինչպես է նեղանում ԲՀԿ-ից՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց դիրքորոշումների վերաբերյալ՝ ավելացնելով, որ դա իրենց չի մտահոգում, քանի որ ԲՀԿ-ն իր քաղաքական օրակարգն ինքնուրույն է որոշում:
Վահան Բաբայանն ասաց նաև, ար արդեն իրենց տեղեկանքները ուղարկել են ԲՀԿ տարածքային կառույցներին և արդեն իսկ քննարկումներ են ընթանում, որոնց արդյունքներն ամփոփելու համար խորհրդի նիստ կհրավիրվի: Բանախոսը նաև ասաց, որ մինչև քվեարկության օրը պետք ԲՀԿ-ն որևէ հայտարարությամբ հանդես չի գա:
«Քվեարկության օրը Ազգային ժողովում մենք կհայտարարենք, թե որն է ԲՀԿ-ի դիրքորոշումը»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ ԲՀԿ-ն այժմ չի կարող նույն քննադատությամբ հանդես գալ՝ քննադատությունն ինքնանպատակ չպետք է լինի: Ըստ Վահան Բաբայանի՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծում կան բազմաթիվ կետեր, որոնց շուրջ ԲՀԿ-ն իր մտահոգությունները հայտնել է և առաջիկայում ևս կներկայացնի: ԲՀԿ պատգամավորը ասաց, որ ներքաղաքական իրավիճակը փոխված է, որևէ լարվածություն չկա, և բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց, որպեսզի ողջամիտ ու լուրջ վերաբերվեն Սահմանադրության փոփոխությունների նախագծին, բոլորն ապրեն իրենց կյանքով և կեղտոտ PR-ներ չկիրառեն մյուսների նկատմամբ, քանի որ դա միշտ անփառունակ ավարտ է ունեցել: