«Ռուսաստանը շարունակում է աշխատել ստատուս-քվոն պահպանելու ուղղությամբ». Լուկյանով

«ՌԴ ԱԳ նախարարի Բաքվի այցից բեկումներ ակնկալել պետք չէ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովն` անդրադառնալով ՌԴ ԱԳ Նախարարև Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին:

Ֆյոդոր Լուկյանովի խոսքով՝ ՌԴ-ն աշխատում է ԼՂ հակամարտության գոտում առկա ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ, քանի որ ստատուս քվոյին այլընտրանք այս պահին չկա: Ըստ նրա` կլիներ այլընտրանք այն ժամանակ, երբ կողմերը սկսեին համաձայնեցնել այն սկզբունքները, որոնց շուրջ պետ է կարգավորվեր հակամարտությունը: « Սակայն այդ համաձայնությունը չկա այսօր, ուստի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է աշխատեն ներկայիս ստատուս քվոն պահելու ուղղությամբ, իսկ ստատուս քվոն պահել պետք է, քանի որ հակամարտության գոտում ժամանակ առ ժամանակ լարվածություն է բռնկվում, որը վտանգավոր է»,- նման տեսակետ հայտնեց Լուկյանովը: Վերջինիս կարծիքով` Լավրովը Բաքվում է Ադրբեջանին իր գործողություններում զսպելու և ադրբեջանա-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր ևս քննարկելու նպատակով: Նրա համոզմամբ` Լավրովի Բաքվի հանդիպումներից բեկում ակնկալել պետք չէ:

«Հաշվի առնելով ՌԴ-ի ներկայիս դրությունը միջազգային ասպարեզում, կարևոր է գործակցել, հարաբերություններ խորացնել այն բոլոր երկրների հետ, որոնց հետ հնարավոր է, իսկ Ադրբեջանն այսօր Արևմուտքի հետ ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ է ու գուցե դեմ չլինի ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը: Այս հնարավորությունը ՌԴ-ն կցանկանա օգտագործել: Հայաստանում կմտածեն, որ Ադրբեջանին գրավելու համար Ռուսաստանը կարող է գնալ ոչ հայանպաստ գործարքների: Իմ համոզմամբ` դա ներկայումս բացառվում է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները գործընկերային են ու Ռուսաստանն այսօր շատ է կարևորում ՀՀ-ի հետ հարաբերությունները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս