«Թող Ձեր իմաստուն միտքը հանճարներ ծնի հայոց ազգին»

Հայոց աշխարհի լուսաշող դպրոցականնե՛ր և ոգետենչ ուսանողնե՛ր, իմաստուն ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր, հայրենատեր ծնողնե՛ր, «Հայոց Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և   անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Անկախության սերնդի տոնը՝ գիտելիքի, գրի և դպրության օրը՝ Սեպտեմբերի 1-ը, որպես նոր ուումնական տարվա սկիզբ և  առաջին մուտք իմաստնության կաճառներից ներս, մաղթելով նրանց  ուժ, եռանդ, աշխատասիրություն, պատասխանատվություն և ամենակարևորը՝ հզոր ու անխոցելի Հայրենիք:

Թանկագին զավակնե՛ր, միշտ գիտակցեք, որ Դուք Հայոց Ազգի վաղվա  լուսաբացներն եք, և վաստակել եք «Զարթոնքի սերունդ» կոչվելու իրավունքը, որովհետև հայ ազգային ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված Հայոց անկախ պետականության մեջ Դո՛ւք եք մեծ և հզոր, քրիստոնյա  Հայաստանի կերտողները:

Թող Ձեր իմաստուն միտքը հանճարներ ծնի հայոց ազգին, իսկ Ձեր ամուր բազուկը անխոցելի պահի մեր Հայրենիքը:

Հարգարժան ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր, Ձեզ վստահելով ազգի ապագան, համոզված ենք, որ Դուք Մաշտոցյան լույսի ջահակիրն եք եղել և շարունակելու եք լինել, որպես նրա արժանի ժառանգորդ, որովհետև Ձեր ափի մեջ է Անկախության սերնդի վաղվա ճակատագիրը…

«Ազգ, Հայրենիք, Պետականություն»՝ ահա համայն հայության հավերժության հիմքը:

Աստված բոլորիս պահապան: 

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

 

Տեսանյութեր

Լրահոս