Ստերլիգովը հրաժարվել է խոսել ադրբեջանցի քննիչների հետ
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել ադրբեջանցի քննիչների հետ, սակայն պատրաստ է գնալ այդ քայլին, եթե իրեն խնդրեն ռուս իրավապահները:
«Տեսականորեն ինձ հետ խոսել հնարավոր է, եթե ես հյուր նրանց հրավիրեի, իսկ ահա Ադրբեջանից ժամանած քննիչներին ինձ հետ՝ ռուս քաղաքացուս հետ խոսել հնարավոր չէ»,- ասել է այսօր Ստերլիգովը Intefax-ին տված հարցազրույցում:
Ստերլիգովը չի բացառում, որ նման հանդիպում կարող է կայանալ, սակայն որոշակի պայմանների դեպքում: «Եթե ինձ խնդրեն մեր ռուսական ուժային կառույցները, թե Գերման, հարկավոր է խոսել ադրբեջանցի քննիչների հետ, որ դա պետք է՝ համաձայն օրենքի, որը ընդունվել է դեռևս Ելցինի տարիներին, այդ ժամանակ էլ կխոսեմ ադրբեջանցիների հետ»,- ասել է գործարարը:
Հարցին՝ արդյոք իրեն տեղեկացրել են Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հարցաքննելու մտադրության մասին, Ստերլիգովն ասել է. «Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Տեղեկացնում են նրանք, թե չեն տեղեկացնում, կանչում են-չեն կանչում, ինձ համար միևնույն է»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղում բնակվող Գերման Ստերլիգովի հարցաքննությանը: