Մեծ թվով ադամանդներ՝ Կենտրոնի դատարանում. Դուբայում սպանության գործով ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործի քննությունը։

Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան էին ներկայացվել իրեղեն ապացույց ճանաչված ադամանդները։

Ըստ քննության տվյալների՝ ադամները հափշտակելու նպատակով հարձակում է կատարվել Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ, մեխանիկական շնչահեղձության եղանակով նրան սպանել են, հափշտակել 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ և դրանց մի մասը մասքանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան։

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավարության մասնակիցների կողմից զննվեցին դատարան ներկայացված մեծ քանակով տարբեր գույնի ադամանդները։ Ի դեպ, ադամանդներն ի պահ են տրվել ՀՀ Կենտրոնական բանկին։

Դատարանում այսօր ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցանքներ կատարելու համար ստեղծել է կազմակերպված խումբ, որի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն՝ շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն և խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն։

Հովհհաննես Մելքոնյանը հայտարարեց , որ իրեն առաջադրված մեղադրանքներից որևէ մեկում իրեն մեղավոր չի ճանաչում։ Իր ցուցմունքում նա նշեց, որ ծանոթ է եղել Հնդկաստանի սպանված քաղաքացու հետ, նրա հետ ընկերություն է արել, սակայն նրա սպանության հետ առնչություն չունի։

Ամբաստանյալի խոսքով՝ Հնդկաստանի սպանված քաղաքացին ու ինքը որոշել են Հայաստանում քարերի վաճառքով զբաղվող գրասենյակ բացել։ Հնդկաստանի քաղաքացին իրեն է տվել քարերը, որ դրանք տեղափոխի Հայաստան, թողնի մաքսատանը, որպեսզի հետագայում Հնդկաստանի քաղաքացին գա և իրենք մաքսազերծեն դրանք։ Ամբաստանյալն ասաց, որ Դուբայից քարերը Հայաստան տեղափոխելու համար լցրել է պարանների մեջ, քանի որ դրանք տեղափոխելու համար համապատասխան փաստաթղթեր չի ունեցել։

Միևնույն ժամանակ ամբաստանյալը նշեց, որ ինքը նպատակ չի ունեցել գաղտնի ձևով ապրանք ներմուծել Հայաստան, սակայն ապրանքը հայտարարագրելու հնարավորություն չի ունեցել, քանի որ ինքնաթիռից դուրս գալուց անմիջապես հետո իրեն ձերբակալել են։ Նա նշեց, որ սպանության օրը հանդիպել է տուժողին, քարերը նրանից վերցրել է և դուրս եկել։ Տուժողի սպանության մասին իմացել է արդեն Հայաստանում, երբ իրեն ձերբակալել են, և հայտնել, որ սպանության կատարման մեջ իրեն են կասկածում։

Ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանը նաև նշեց, որ երբ ինքը հանդիպել է տուժողին, նա միայնակ չի եղել, ինքը սենյակից միայնակ է դուրս եկել, սակայն տուժողի մոտ այլ մարդ է եղել։ Հովհաննես Մելքոնյանը ասաց, որ գործով մյուս ամբաստանյալները տեղյակ չեն եղել այն մասին , որ ինքը Դուբայից քարեր է տեղափոխում։

Գործով ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանի հարցին պատասխանելով, ամբաստանյալն ասաց՝ տեղյակ է, որ իր հագուստի վրայից հայտնաբերպվել է տուժողի արյունը։ Արյունն իրեն քսվել է այն ժամանակ, երբ ինքը օգնելիս է եղել տուժողին քարերը դասավորելու համար, երբ տուժողը փոքր վնասվածք է ստացել։

Կարեն Հակոբյանի մյուս հարցին էլ ամբաստանյալը պատասխանեց, որ «02» հաղորդաշարին ինքը հարցազրույց է տվել, որում ասել է, թե ինքն է սպանել տուժողին։ Հարցին՝ թե ո՞րն է նման հայտարարություն անելու պատճառը, ամբաստանյալը պատասխանեց, որ երբ իրեն ձերբակալել են, ասել են, որ ինքն այսպես ասի, գործը փակվելու է, իրեն դատ չի հասնում , կարևորը ադամանդներն են։

Տեսանյութեր

Լրահոս