«Եթե ժողովրդի մասին մտածողներ կան, թող իրենց գրպանից գումար հատկացնեն, եթե չեն հատկացնում, էլ ինչո՞ւ են ասում՝ թող Ջրմուղը ձրի անի»

Երևանի Ռոստովյան փողոցի 6 բնակարանների բնակիչներն արդեն 20 օրից ավել է՝ զրկված են խմելու ջրից: Բնակիչներն ասում են, որ վթար է եղել, մասնագետները եկել են, վթարը վերացրել, տվյալ հատվածն ասֆալտապատել ու գնացել: Հետո պարզվել է, որ իրենց ջրագիծը ապամոնտաժվել է ու հիմա խմելու ջուր չունեն: Բնակիչները բողոքում են, որ ո՛չ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմը, ո՛չ էլ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն չեն ուզում աջակցել իրենց: Հասկանալու համար, թե ի՞նչ է եղել իրականում, ինչո՞ւ է ապամոնտաժվել ջրագիծը և ինչո՞ւ են բնակիչներն այս տապին մնացել առանց ջրի, զրուցեցինք «Երեւան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանի հետ:

Նրա խոսքով՝ դա ապօրինի ջրագիծ է եղել, արդեն փտել էր և վթարվելուց հետո ստիպված են եղել խցափակել. «Այդ հասցեի բնակիչների մոտ ջրագիծն ապօրինի էր և շարքից դուրս էր եկել: Մենք Էրեբունու թաղապետարանից ստացել ենք գրություն, որ այնտեղ կա ջրի վթար, խնդրում ենք՝ գնալ և վերացնել: Գնացել, տեսել ենք, որ տեխնիկական վիճակը վատն է, պետք է ապամոնտաժեինք, ինչը չէինք ուզում: Երկու օր հետո նորից գրություն ստացանք, թե ինչո՞ւ չեք գնում ու վերացնում: Ստիպված գնացել, նորից ենք նայել և տեսել ենք, որ միակ ելքը կտրելն է, այսինքն՝ խցափակելը: Միացնել չենք կարողացել, որովհետև այդ բնակիչներին ջուր մատակարարող խողովակը փտած էր և աշխատել հնարավոր չէր»:

Մ. Սարգսյանը նշեց, որ «Երևան Ջուր»-ը պատասխանատու է զուտ իր ջրագծերի համար. «Տվյալ ջրագիծը համարվում է ներքին ցանց: Խնդիրը մերը չէ, այլ այդ մարդկանցը, և իրենք պետք է լուծեն: Բնակիչները պետք է դիմեն մեզ և ասեն՝ մեկ ջրագիծ են ուզում, թե վեց, այսինքն՝ այդ ընտանիքներն առանձին ջրագծե՞ր են ուզում, թե՞ մեկը: Օրենքն ասում է, որ եթե ուզում եք ջրամատակարարում ունենալ, պետք է դիմեք մեզ, մենք ձեզ տրամադրենք մի թուղթ, որը կոչվում է «տեխնիկական պայման», այսինքն՝ թե որտեղից է ավելի հարմար տվյալ բնակչին կամ բնակիչներին ջրագիծ անցկացնելը, իսկ շինարարական աշխատանքների թույլտվություն տալիս է քաղաքապետարանը: Մենք պատրաստ ենք ընդառաջ գնալ, բայց ո՞ւմ:

Այս բնակիչներն առաջին անգամ են բախվում նման խնդրի, իսկ մենք բազմիցս ենք բախվել: Ամեն ինչ պետք է լուծվի համագործակցությամբ, այսինքն՝ բնակիչները, տարածքային կառավարման մարմինը և մենք պետք է համագործակցենք: Բայց եթե բնակիչը կրավորական կեցվածքով նստած նայում է: Երբ մարդ է այցելում, 80-ամյա մի «պառավի» են «դեմ տալիս» ու տղամարդիկ հետևից նայում են, թե ինչո՞վ է վերջանալու. ոչ ոք դուրս չի գալիս, որ հանկարծ գրպանից գումար չհանի, կներեք, մենք ո՞ւմ օգնենք:

Կարդացեք նաև

Եթե ժողովրդի մասին մտածողներ կան, թող իրենց գրպանից գումար հատկացնեն, եթե չեն հատկացնում, էլ ինչո՞ւ են ասում՝ թող Ջրմուղը ձրի անի: Եթե չխցափակեինք, հետո ջրանջատում լիներ ու այդ կեղտաջուրը գնար գլխավոր խողովակ և մարդիկ թունավորվեին, ձեր թերթն ի՞նչ էր ասելու մեզ: Հիմա մենք ո՞րն անենք»:

Թաղապետարանից էլ նույն պատասխանն է տրվում, որ պետք է բնակիչներն իրենց միջոցներով հոգան ծախսերը: Իսկ բնակիչներն ասում են, որ հնարավորություն չունեն:

Ջրազրկված բնակարաններից մեկի բնակիչ 87-ամյա Արաքսյա Պետրոսյանն ասում է, որ ստիպված է օրական մի քանի անգամ անցնել գլխավոր մայրուղին, որպեսզի խմելու ջուր բերի տուն. «Մի քանի անգամ դիմել ենք թաղապետարան, բայց ասել են, որ չեն կարող օգնել, որ մեր սեփական խողովակներն են ու ինքներս պետք է փոխենք, բայց մենք հնարավորություն չունենք: Իսկ այս շոգ եղանակին՝ առանց ջրի դիմանալ չի լինում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս