Բաժիններ՝

Հարվածներ նալին ու մեխին. Վերագործարկե՞լ, թե՞ փակել «Նաիրիտը»

«Նաիրիտ» գործարանը պետք է աշխատի, քանի որ դրա սնանկացման ու ապամոնտաժման գործընթացները շատ ծախսատար ու աշխատատար են, միլիոնավոր դոլարների գումար է անհրաժեշտ, նաև բնապահպանական խնդիրներ են առաջանում, որոնց բեռը ՀՀ կառավարությունն այսօր չի կարող վերցնել իր վրա: Սակայն «Նաիրիտի» վերագործարկման հարցում էլ բազմաթիվ հարցականներ կան, ու հիմնական հարցադրումն է՝ արդյոք կկարողանա՞ «Նաիրիտը» մրցունակ արտադրանք թողարկել ու արդյունավետ աշխատել:

Այս երկու հակասական տեսակետներով էլ այսօր ամփոփվեցին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ Ազգային ժողովում կազմակերպված քննարկումները: Ընդ որում՝ ուսումնասիրության արդյունքները դրա հեղինակները՝ ՀԲ ներկայացուցիչները և «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետը, այդպես էլ չներկայացրին քննարկման մասնակիցներին: Նրանք պահանջել էին, որպեսզի լրագրողները ներկա չլինեն իրենց զեկույցի ներկայացման ժամանակ, ինչին պատգամավորները կտրուկ դեմ արտահայտվեցին և քվեարկությամբ որոշեցին այդ զեկույցն ընդհանրապես չլսել, առավել ևս, որ այն կարելի է գտնել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում:

Նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ ՀԲ-ի կողմից ներկայացված կարծիքը հիմք չէ ՀՀ կառավարության համար որոշում կայացնելու հարցում: Հատկանշական է, որ կառավարությունը չի ցանկանում որոշման պատասխանատվությունը միայնակ կրել և, ինչպես նշեց Զախարյանը, այն պետք է ընդունվի ԱԺ-ի հետ միասին:

«ՀՀ իշխանության դիրքորոշումն է՝ ճանապարհ փնտրել գործարանի վերագործարկման համար: Բացի աշխատավարձի պարտքից, որ մինչև ամսվա վերջ կվճարենք, 120 մլրդ դրամի պարտք կա, որ պետք է սառեցնել և հնարավորություն ստեղծել ներդրումներ անել գործարանում: Մենք պատրաստ ենք համաձայնության գալ գործարանի վերագործարկման համար: Գործարանի չվերագործարկելն իր հետ բերում է չափազանց մեծ ծախսեր, թող չթվա, որ սա կաթի կամ տրիկոտաժի գործարան է, որ կարող են վաղը դնել սնանկացնել, մասնատել ու վաճառել: Սա քիմիական գործարան է»,- հայտարարեց Ե.Զախարյանը:

Կարդացեք նաև

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վրդովվեց, որ ՀԲ-ին լսելու դեպքում «Նաիրիտը» պետք է փակել, բայց իրենք հաշվի չեն առել գործարանի դերն ու նշանակությունը ՀՀ տնտեսության մեջ: Նրա համոզմամբ՝ փակելը խնդրի լուծում չէ: Ս. Ֆարմանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է այսօր Չինաստանում «Շանսի Նաիրիտը»:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար, «Շանսի Նաիրիտի» համանախագահ Իոսիֆ Իսայանը տեղեկացրեց, որ այն գործում է 2010-ից, ամենամեծ քանակի արտադրանքը տվել է 2014-ին՝ 20 հազար տոննա կաուչուկ: Ի.Իսայանն ուշադրություն հրավիրեց ՀԲ ուսումնասիրության մեջ առկա սխալին, որ նշվել է, թե «Շանսի Նաիրիտը» 40 հազար տոննա արտադրանք է տվել, ինչը չի համապատասխանում իրականությանը (գործարանի ամբողջ հզորությունը 30 հազար տոննա է): Ի.Իսայանը տեղեկացրեց, որ «Շանսի Նաիրիտը» ներկայումս ունի 150 մլն դոլարի պարտք, ինչը նա անվանեց վնասով աշխատելու հետևանք:

Նկատենք սակայն, որ «Շանսի Նաիրիտը» մոտ 250 մլն դոլար վարկ էր վերցրել արտադրությունը հիմնելու համար և այս տարիների ընթացքում, փաստորեն, հասցրել է 100 մլն դոլարի վարկը վճարել: Այսինքն՝ վարկային պարտավորությունը մարելուց հետո այն բավականին շահավետ արտադրություն է դառնալու:

Ս.Ֆարմանյանի հարցադրմանը՝ ինչպե՞ս է ստացվում, որ կաուչուկ արտադրող չինական մյուս գործարանները շահութաբեր են, իսկ որտեղ հայկական հետք կա, վնասաբեր է, Ե.Զախարյանը թույլ չտվեց, որ Իսայանը պատասխանի: «Պետք չի խորանալ»,- ասաց նախարարը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե ՀԲ ուսումնասիրությունը սխալ տվյալներ է պարունակում՝ «Շանսի Նաիրիտի» հետ կապված, ապա արժանահավատ չէ նաև դրա գնահատականը «Նաիրիտի» վերաբերյալ:

Թ.Պողոսյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցադրումները՝ անձնապես ո՞վ կամ ովքե՞ր են եղել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերության ղեկավարները, և ինչո՞ւ սեփականատիրոջը չեն պարտադրում վճարել պարտքերը, մնացին անպատասխան: Ե.Զախարյանը խոստացավ դրանց անդրադառնալ աշնանը՝ «Նաիրիտի» հարցով կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ:

Նախարարը հրաժարվեց նաև որևէ կերպ մեկնաբանել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ գործարանը թալանվել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա ընտանիքի կողմից: «Նախկին վարչապետի հետ կապված՝ ես որևէ մեկնաբանություն և փաստեր չունեմ»,- ասաց Զախարյանը:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ 2006-2010 թթ. աշխատանքի ընթացքում գործարանը կուտակել է 50 մլրդ-իի պարտք, և ավելի լավ կլիներ, եթե այդ ընթացքում միայն 5 մլրդ վճարեին աշխատակիցներին՝ տանը նստելու համար. «Պետք է ընդունենք քաղաքական որոշում՝ աշխատելը ի՞նչ է նստելու մեզ վրա ու չաշխատելը ի՞նչ է նստելու: Շուկան աշխատում է շուկայական նորմերով, կամերայի դեմը խոսելով չի»: Ըստ նրա՝ այսօր կաուչուկի միջազգային գինը 3900 դոլար է, և ինքնարժեքը պետք է 2700 դոլար լինի, որպեսզի շահավետ լինի գործարանի աշխատելը:

Դիմելով ենթահանձնաժողովի փորձագետ, «Նաիրտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին, Վ.Այվազյանը հետաքրքրվեց, թե բութադիենային տեխնոլոգիայով աշխատեցնելու համար բութադիենը որտեղի՞ց պետք է ներկրեն: Իսրայելյանի պատասխանը՝ Իրանից կամ Ռուսաստանից, չգոհացրեց Այվազյանին: «Խոսելով հո չի՞, աշխատացնեիք»,- ասաց նա:

Կ.Իսրայելյանի պնդումները, որ գործարանը կարելի է նվազագույն ներդրումներով աշխատեցնել և մրցունակ արտադրանք տալ, վրդովեցրին նախարար Զախարյանին, ով անգամ ձեռքը սեղանին խփեց ու պնդեց, թե ինքնարժեքը բարձր է լինում:

«Էսի՝ կատուն, էսի՝ միսը»,- իր սիրելի արտահայտությունը կրկնեց Վ.Այվազյանը:

Նկատենք, որ թեև պաշտոնյաներն ընդհանրացված ձևով ներկայացնում են, թե աշխատելու 4 տարիների ընթացքում գործարանը վնասով է աշխատել ու պարտքեր կուտակել, սակայն 2006 թ. մայիսին «Նաիրիտը» վերանորոգումից հետո վերսկսել էր աշխատանքն ու արտադրանք տվել, որի ինքնարժեքը 2800 դոլար էր (1 տոննան), իսկ շուկայական գինը՝ 3000 դոլար: Այսինքն՝ բալանսը թեքվել էր դեպի դրական կողմ, և գործարանը սկսում էր շահույթով աշխատել: Դրանից մոտ 2 ամիս անց «Նաիրիտը» վաճառվեց օֆշորային «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությանն, ու սկսվեցին մութ գործարքների պատմությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս