Բաժիններ՝

«Հայաստանում ճանաչված լուսանկարիչների ու ոլորտի մասնագետների հետ ուզում ենք լուսանկարիչների ակադեմիա հիմնել». լուսանկարիչ Հովսեփ Նազարյան

Համաշխարհային լուսանկարչական մրցույթների մրցանակակիր Հովսեփ Նազարյանն այս տարի արդեն երկրորդ անգամ է հայրենիքում: Մեզ հետ զրույցում լուսանկարիչը պատմեց, որ ծնվել և մեծացել է Բեյրութում, հետո տեղափոխվել Նորվեգիա, որտեղ էլ հիմնել է իր լուսանկարչական ստուդիան (Pro-file studio):

«Ցեղասպանության հետևանքով Հայաստանից գաղթած գերդաստանիս մեծերը հաստատվել են Հալեպում, ծնողներս, հետո արդեն՝ ես, ծնվել ու մեծացել ենք Բեյրութում: 30 տարեկան էի, երբ Բեյրութից տեղափոխվեցի Նորվեգիա. պատճառը սերն էր: Կինս նորվեգացի է, նրա հետ ծանոթացել եմ Կիպրոսում: Ես 20 տարեկան էի, նա՝ 16, գիտեր որ հայ եմ, Լիբանանում եմ ապրում, գիտեր նաև Լիբանանի պատերազմի մասին: 2001թ. ամուսնացանք: Ունենք մեկ տղա՝ Շանթը, ով 7 տարեկան է, ու կնոջս նման՝ առաջին անգամ է Հայաստանում»,- պատմեց նա:

Հ. Նազարյանը սիրում է լուսանկարել հիմնականում մարդկանց. «Լիբանանում թատրոնի նկարիչ էի, դրա համար է, որ սիրում եմ մարդ նկարել: Ինձ համար ծաղիկ նկարելը ոչ թե լավ չէ, այլ իմաստ չեմ տեսնում, քանի որ այդ ծաղիկն ինձ հետ չի խոսում, ինձ հետ շփում չունի: Տեսարան նկարելու համար ինձ մի ամուսնացող զույգ տվեք, և այդ ժամանակ հետաքրքիր կլինի ինձ համար՝ տեսարանը նկարելը»,- ասում է նա:

Hovsep Nazaryan (1)

Կարդացեք նաև

Իսկ առաջին «պսակը» նկարել է 13 տարեկանում: Փոքր տեսախցիկով գնում է մորեղբոր հարսանիքին, ինչ-ինչ պատճառներով լուսանկարիչը չի ներկայանում, և մորեղբայրը նրան է խնդրում նկարել, տղան չի մերժում. «Մինչև հիմա չեն դժգոհել (ժպտում է.- Ռ.Մ.)»:

Այս տարի առաջին անգամ Հայաստան էր եկել՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մասնակցելու: Պատմում է նաև Դանիայում Հայաստանի դեսպանի հետ ունեցած խոսակցության մասին. «Դեսպանի հետ մտածեցինք, թե որպես Սկանդինավիայում ճանաչված հայ լուսանկարիչ՝ ի՞նչ կերպ կարող եմ մեր Հայաստանը ներկայացնել այնտեղ, քանի որ Սկանդինավներում քչերը գիտեն Հայաստանի տեղը: Հարյուրամյակի պատճառով՝ մի քիչ լսեցին, բայց վստահ եմ, որ այսօր այդ լսածն էլ են մոռացել: Այդ վայրից տուրիստներ համարյա չեն գալիս Հայաստան:

Hovsep Nazaryan (5)

Hovsep Nazaryan (4)

Hovsep Nazaryan (6)

Hovsep Nazaryan (7)

Առաջին անգամ ժամանելուս ընթացքում Հայաստանում շատ քիչ նկարներ արեցի, որովհետև ժամանակս քիչ էր: Ինչպես ասացի՝ ես նախընտրում եմ դիմանկար անել, բայց Հայաստանն իմն է, չէի կարող իմ եկեղեցիներն ու իմ լեռները չնկարել»:

Նորվեգիայի ամենամեծ ֆոտոակումբներից մեկի ղեկավարությունից լուսանկարչին առաջարկում են ներկայացնել Հայաստանը. «Իբրև հայ՝ մտածեցի, որ միայն ներկայացնելը բավական չէ, կարող եմ ավելի օգտակար լինել, և նրանց առաջարկեցի ստեղծել լուսանկարիչների մի խումբ՝ մոտ 8-10 լուսանկարիչ, գանք Հայաստան, լուսանկարներ անենք ու դրանք ցուցադրենք Սկանդինավներում: Գաղափարը լավ ընդունեցին, ու մյուս տարի (հավանաբար՝ մայիս ամսին) կգանք Հայաստան ու կիրագործենք գաղափարը»:

Արդեն երկրորդ անգամ Հայաստան է եկել կնոջ, որդու, մոր և մորաքրոջ հետ: Այս անգամվա այցելությունը ևս հետաքրքիր գաղափար է տվել. «Հայաստանում ճանաչված լուսանկարիչների ու ոլորտի մասնագետների հետ ուզում ենք լուսանկարիչների ակադեմիա հիմնել, ու ոչ միայն ես կգամ դասավանդելու, այլև համաշխարհային նկարիչների կհրավիրենք, որ բոլորն իմանան մեր մասին»:

Hovsep Nazaryan (8)

Hovsep Nazaryan (9)

Hovsep Nazaryan (3)

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է դաստիարակում որդուն, երեխան հայերեն գիտի՞: Պարզվեց՝ Շանթը ոչ միայն հայերեն գիտի, այլև հայեցի ոգով է դաստիարակվել: Հայրը հպարտությամբ պատմեց, թե ինչպես է Վերնիսաժում որդուն առաջարկել՝ ընտրել ցանկացած իր: Որդին ընտրել է նկար, որտեղ պատկերված է եղել Արարատը, ընտրել է փայտի վրա քանդակված մեր գերբը, դուդուկ և դաշույն. «Վաճառողներից մեկն ասաց՝ ի՜նչ էլ մարտական ես մեծացնում տղայիդ: Պատասխանեցի՝ ես էլ չգիտեի, որ այսպես մարտական է, բայց, ըստ երևույթին, հայի արյունն է խոսում»:

Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվել չի կարող: «Ունենալով նորվեգացի տիկին՝ այստեղ փոխադրվելը մի քիչ դժվար է, որովհետև կինս դատախազ է իր երկրում, իրենց օրենքներով: Եթե այսօր ասեմ՝ այո, այստեղ պետք է փոխադրվեմ, սուտ կլինի: Նորվեգիան ինձ համար հյուրանոց է, տունս Հայաստանն է, դրա համար ակադեմիան կբացենք, ու գոնե մասնագիտական հմտություններս հայ երիտասարդներին կփոխանցեմ: Այնտեղ բազմաթիվ առաջարկներ եղել են դասավանդելու, բայց նախընտրում եմ իմ հայրենիքում դա անել»,- ասում է նա:

Դժվար չէ՞ր արդյոք սկզբնական շրջանում Նորվեգիայում: Այս հարցին նա պատասխանեց. «Ես նորվեգացուն հասկանում եմ, բայց նա ինձ չի հասկանում: Նորվեգացին Եղեռնի մասին գաղափար չունի, նորվեգացին Լիբանանի պատերազմ չի տեսել, նորվեգացին չի կորցրել, նա մեկ գծի վրա ապրում է: Իրենց ընտանիքում եթե մահ է լինում, ապա դա արկածով մահ չէ, ռումբի պայթյունից չէ, պատերազմից ու չքավորությունից չէ: Կինս նորվեգուհի է, բայց նա գիտի մեր պատմությունը, ծանոթ է մեր մշակույթին, կարողանում է նույնիսկ հայկական դոլմա և լահմաջո պատրաստել, և երբ այցելեցինք Արցախ, մի ներկայացման ժամանակ նա չկարողացավ զսպել արցունքները: Քանի՞ նորվեգացի այդպես կարտասվեր: Նրանք չէին արտասվի, որովհետև մեզ չեն հասկանում:

Hovsep Nazaryan (2)

Իսկ մասնագիտական առումով, պետք է նկատեմ, որ Նորվեգիայում ամեն մարդ լավ ֆոտոխցիկ, լավ համակարգիչ ու նույնիսկ տանը տպագրական մեքենա ունի, այսինքն՝ ամեն ընտանիք ինձ մրցակից է, բայց մեր քաղաքում ունեինք 6 լուսանկարչական հաստատություններ, հիմա միայն իմ ստուդիան է մնացել: Մոտ 240 քմ տարածք ունեցող ստուդիայում ամեն ինչ ինքս եմ անում:

Hovsep Nazaryan (10)

Մեքենան կտորներով չես գնում, որ տանը հավաքես, հետո վարես, այլ միանգամից պատրաստի մեքենա ես գնում ու վարում: Նույնն էլ՝ նկարչությունը: Պետք է նախ՝ իմանաս, թե ինչ ես նկարելու, հետո հաճախորդն այդ նկարը կախելու է տան պատից: Պետք է նրան ասես, որ այս նկարը, այս գույներով, այս թղթի վրա հարմար ու գեղեցիկ կլինի՞, թե՞ ոչ»:

Hovsep Nazaryan (11)

Լուսանկարիչը մի քանի օրից մեկնում է, իհարկե, վերադառնալու ակնկալիքով: Ի դեպ, զրույցի ընթացքում նա ցույց տվեց հաղորդագրություն, որը գրել էր նորվեգացի լուսանկարիչներից մեկը և ասում էր, որ հաջորդ տարվա մայիսի համար ոչինչ չի պլանավորում և ուզում է անպայման գալ Հայաստան, լուսանկարներ անել ու ներկայացնել Սկանդինավներում, այսինքն՝ մասնակցել վերը նշված նախագծին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս