Բաժիններ՝

Ծնողների 77%-ը մտածում է իր երեխային ուղարկել արտերկիր` բարձրագույն կրթություն ստանալու. HSBC-ի հետազոտությունը

 

 Էյչ-էս-Բի-Սի-ն հրապարակել է կողմից 16 երկրներում ավելի քան 5,550 ծնողների շրջանում անցկացված հարցման վերաբերյալ զեկույցը: Ըստ զեկույցի, ծնողների 77%-ը մտածում է իր երեխային ուղարկել արտերկիր ուսում ստանալու՝ նախատեսելով դրա համար վերցված վարկը  վճարել երեխայի ավարտելուց հետո 6.7 տարվա ընթացքում: Այս և այլ մանրամասներին ծանոթացեք կից ուղարկված մամուլի հաղորդագրության և զեկույցի մեջ (զեկույցը առկա է միայն անգլերենով):

  • Ծնողները նախատեսում են զավակի ուսման համար վերցված վարկը վճարել 6.7 տարվա ընթացքում
  • Ծնողների 77%-ը մտածում է իր երեխային ուղարկել արտերկիր` բարձրագույն կրթություն ստանալու
  • Ծնողների 84%-ն ակնկալում է, որ համալսարաններն իրենց երեխաներին կսովորեցնեն լինել ֆինանսապես պատասխանատու

16 երկրներում իրականացված Էյչ-Էս-Բի-Սի-ի նոր ուսումնասիրության համաձայն` ծնողների 64%-ի համար իրենց զավակի երջանիկ լինելը կյանքի կարևորագույն նպատակներից է՝ համեմատած ծնողների 30%-ի հետ, ում կարծիքով առաջնային է կարիերայում հաջողակ լինելը:

Ավելի քան 5,550 ծնողների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ծնողների 79%-ի կարծիքով բարձրագույն կրթությունը պարտադիր պայման է կյանքի կարևոր նպատակներին հասնելու համար: Եվ այդ ծնողներն ակնկալում են, որ համալսարանում իրենց երեխաները պետք է ստանան ոչ միայն ակադեմիական գիտելիքներ. 10 ծնողներից 8-ը կարծում է, որ համալսարանը պետք է իրենց երեխաներին սովորեցնի, թե ինչպես դառնալ անկախ և ֆինանսապես պատասխանատու քաղաքացի:

Կարդացեք նաև

Համաձայն Էյչ-Էս-Բի-Սի-ի Գիտելիքներ ողջ կյանքի համար զեկույցի, որը երկրորդն է «Կրթության արժեքը» զեկույցների շարքից, ծնողներից շատերն իրենց երեխաների բարձրագույն կրթությունից մեծ սպասելիքներ ունեն: Ծնողների 50%-ը կարծում է, որ մագիստրոսի կոչումն ուսման նվազագույն շեմն է, որն իրենց երեխաները պետք է անցնեն՝ կյանքի կարևոր նպատակներին հասնելու համար: Զեկույցը նաև բացահայտում է, որ ծնողների 47%-ի կարծիքով՝ իրենց զավակների սերնդի համար ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելն ավելի մեծ դժվարություն է ներկայացնելու, քան ժամանակին իրենց սերնդի համար էր: Իրենց երեխաների մրցունակ լինելու և հասակակիցներից առաջ անցնելու՝ տարբերվելու հնարավորությունները մեծացնելու համար ծնողները պատրաստ են լրացուցիչ միջոցներ տրամադրել տեղական բարձրագույն կրթության համար:

Որպեսզի իրենց երեխան աշխատանքային շուկայում առավելություն ունենա և ավելի մրցունակ լինի, ուսումնասիրության համաձայն՝ ծնողների 77%-ը պատրաստ է երեխային ուսման ուղարկել արտերկիր բակալավրի կամ մագիստրոսական ծրագրի համար: Թեև միջազգային կրթությունն ավելի թանկ արժե,  Էյչ-Էս-Բի-Սի-ի զեկույցի համաձայն՝  ծնողների 70%-ը, միևնույն է, պատրաստ է ավելի շատ վճարել արտերկրում բարձրագույն կրթության համար, քան տեղում: Զեկույցը ցույց է տալիս նաև, որ զավակների համար արտերկրում ուսում չնախատեսող ծնողների 34%-ի համար հիմնական խոչընդոտ են հանդիսանում միջազգային բարձրագույն կրթության հետ կապված ծախսերը:

Ռեպետիտորական ուսուցանումը մեկ այլ ճանապարհ է, որի միջոցով ծնողները փորձում են խթանել իրենց զավակների գիտելիքներն ու ներուժը: Ծնողների 78%-ը երեխաների համալսարանական կրթության ընթացքում վճարել է կամ նախատեսում է վճարել հավելյալ ուսուցանման համար: Ռեպետիտորական ուսուցում չնախատեսող ծնողների 19%-ի համար խոչնդոտը դրա հետ կապված ծախսերն են:

Նախադպրոցական տարիքի զավակներ ունեցող ծնողների 72%-ը կարծում է, որ երեխայի բարձրագույն կրթության հետ կապված ծախսերը հոգալու համար կկարողանա խնայողություններ կուտակել: Սակայն, համալսարանում սովորող երեխաների ծնողների միայն 53%-ն է, որ ուսման ծախսերը վճարում է խնայողությունների հաշվին: Այն ծնողները, ովքեր նախատեսում են երեխայի բարձրագույն կրթության հետ կապված ծախսերը փակել վարկի միջոցով, կարծում են, որ այն ամբողջովին կվճարեն ուսման ավարտից միջինում 6.7 տարի հետո: Իսկ այն դեպքերում, երբ երեխաներն իրենք են վճարում իրենց ուսման համար վերցված վարկը, կկարողանան դա անել ավարտելուց հետո 7.5 տարվա ընթացքում:

Զեկույցի համաձայն՝ ծնողների 83%-ն ունի իր երեխայի ապագա մասնագիտության հստակ նախընտրություն՝ մասնավորապես մասնագիտական կամ գիտական կարիերա, որը սովորաբար ապահովում է համեմատաբար բարձր եկամուտ և կայուն աշխատանք: Առաջնային տեղ է զբաղեցնում բժշկությունը, որին նախընտրություն է տալիս ծնողների 19%-ը: Ճարտարագիտությունը (11%) և համակարգչային գիտությունը (8%) ևս ապագա ուսանողների ծնողների նախընտրելի մասնագիտություններ են: Բարձր եկամտաբերությունը և հասարակության համար օգտակար լինելը (երկուսը միասին՝ 35%) այն հիմնական գործոններն են, որոնցով պայմանավորված են ծնողների՝ իրենց երեխաների մասնագիտացման հետ կապված նախընտրությունները:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված բարձրագույն կրթության վերաբերյալ վերջին տվյալների համաձայն[1]՝ Հայաստանում բժշկությունն այդքան էլ մեծ տոկոս չի կազմում (5%): Տնտեսագիտությունն ու կառավարումը, ինչպես նաև հումանիտար գիտությունները  մասնագիտացման ամենատարածված ուղղություններն են՝ համապատասխանաբար 20% և 30%: 2013թ-ին ԲՈՒՀ ընդունված 19,000 ուսանողներից 1343-ը (7%) որոշել են մասնագիտանալ արվեստի ոլորտում: Ուսանողների 7%-ը նախընտրութունը տվել է մանկավարժությանը, ևս 7%-ը` ագրոպարենային ոլորտին:

Ծնողների կարծիքով՝ շատ կարևոր է, որպեսզի ակադեմիական գիտելիքներից բացի համալսարանական կրթությունը ուսանողներին ինքնուրույն (ծնողների 86%-ը), ֆինանսապես պատասխանատու (84%) և սոցիալապես ինքնավստահ (83%) քաղաքացի դառնալու հմտություններ փոխանցի:  Այսպիսով, կյանքում հաջողակ լինելու համար, ծնողներն ակնկալում են, որ համալսարանները բացի ակադեմիական կրթությունից իրենց երեխաներին սովորեցնեն նաև կյանքի հմտություններ:

 ԷյչէսԲիՍի Բանկ Հայաստան ՓԲԸի Հասարակայնության հետ կապերի գծով մենեջեր Մարիամ Ադամյանը մեկնաբանում է. «Հայաստանում ծնողները չափազանց կարևորում են երեխաների կրթությունը: Աշխատանքային շուկայում աճող մրցակցության և բարձրագույն կրթության առավել հասանելիության արդյունքում ամբողջ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի շրջանավարտների համար անհամեմատ դժվարացել է հասակակիցների նկատմամբ մեծ  առավելություն ունենալն ու տարբերվելը: Թե՛ ապագա ուսանողները և թե՛ իրենց ծնողները գիտակցում են, որ անհրաժեշտ է ստանալ հնարավոր լավագույն և բարձրագույն կրթությունը: Նույն միտումը նկատվում է նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված Կրթություն և Մշակույթ տվյալների ուսումնասիրության բաժնում. 2013-2014թթ-ին մագիստրոսական ծրագրերում սովորող ուսանողների թիվն էապես  աճել է 300%-ով՝ համեմատած 2009-2010թթ-ի տվյալների հետ: Ինչևէ, մագիստրոսական ուսումը պահանջում է նաև զգալի ֆինանսական ծախսեր. այդ իսկ պատճառով ծնողները պետք է նախապես սկսեն պլանավորել և խնայողություններ կուտակել իրենց երեխաների կրթության համար»:

[1] Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն
http://www.armstat.am/file/doc/99489193.pdf

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս