Ո՞րն է արտաքին առևտրի թվերը ներկայացնելու իմաստը, եթե դրանք ճիշտ չեն
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տվյալներով, 2015 թվականի հունվար-հունիսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 միլիարդ 932.7 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտուրը կրճատվել է շուրջ 30%-ով։
Այդ թվում, արտահանումը կրճատվել է 11.2%-ով և կազմել 624.8 մլն դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 36.2%-ով և կազմել 1 մլրդ 307.9 մլն դոլար։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն, ի դեպ, հերթական անգամ տեղեկացնում է, որ 2015թ. հունվար-հունիս ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման: «Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի՝ դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ»:
Սա արդեն չափազանց տարօրինակ է։ Արդեն 7 ամիս է՝ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է, և արդեն 7 ամիս է՝ մենք չգիտենք, թե Հայաստանի արտաքին առևտուրը ԵՏՄ երկրների հետ (Ռուսաստան, Բելառուս,Ղազախստան) ընթացիկ տարում ինչքան է եղել։
Այսինքն, ՀՀ պաշտոնական վիճակագրությունը ամիսներ շարունակ մեզ ներկայացնում է չճշգրտված, իրականությունից խիստ տարբերվող տվյալներ՝ արտաքին առևտրի վերաբերյալ։ Թե ո՞րն է դրանք ներկայացնելու իմաստը, եթե միևնույն է այդ տվյալների վրա հիմնվել հնարավոր չէ, թերևս հայտնի է միայն դրանք ներկայացնողներին։