Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի նախագծի իրականացումը բխում է Հայաստանի շահերից. տնտեսագետ
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօրվա ասուլիսին, խոսելով Մետքսի ճանապարհ տնտեսական գոտու մասին, ասաց, որ այդ նախագիծն ունի 5 հիմնական նպատակներ.
«1. Փորձել հնարավորին չափով կոորդինացնել Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքականությունները:
2. Ստեղծել բարենպաստ պայմաններ առևտրի համար, այսինքն՝ վերացնել բոլոր արգելքները առևտրի ճանապարհից:
3. Իրականացնել խոշորածավալ տրանսպորտային նախաձեռնություններ, որպեսզի Կենտրանական Ասիայի երկրները կապ ունենան միմյանց ու Չինաստանի հետ:
4. Առևտուրն իրականացնել ազգային արժույթներով, որը կբարձրացնի չինական յուանի դերը:
5. Ակտիվացնել հանրային դիվանագիտությունը, որը, բնականաբար, Չինաստանի մասին այլ պատկերացում կստեղծի այդ երկրներում և վստահությունը Չինաստանի հանդեպ կբարձրանա»:
Բանախոսը նշեց, որ Չինաստանն ուզում է այս նախաձեռնությունը ներառել ավելի մեծ նախաձեռնության մեջ, այն է՝ Խաղաղօվկիանոսյան-Ասիական ազատ տնտեսական գոտի. «Չինաստանը մտածում է՝ ստեղծել առանց արգելքների տնտեսական գոտի ամբողջ տարածաշրջանում, որը նրան հնարավորություն կտա հեգեմոն դերակատարություն խաղալ հատկապես Կենտրոնական Ասիայի երկրներում: Նախ՝ Չինաստանը անվտանգության գոտի կստեղծի այդ երկրների միջև, կստանա անխափան էներգամատակարարում (որովհետև Չինաստանին հետաքրքրում են Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները) և հնարավորություն կստանա լուծել ռազմավարական զսպման հարցը:
Չինաստանի բոլոր այս նպատակները ԵՏՄ-ն դարձնում է անհասանելի, որովհետև ԵՏՄ-ն այդ ճանապարհին խոչընդոտ է: Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում հստակ նշված է՝ Ռուսաստանի համար առաջիկա տարիներին գերակա է լինելու ԵՏՄ-ի ստեղծումը: Ռուսաստանն իրեն տեսնում է ԵՏՄ սահմաններով՝ որպես կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև: Այսինքն՝ եթե նա չկարողանա հանդես գալ այդ կապող օղակի դերում, ապա Ռուսաստանի ազդեցությունն աշխարհում էապես կնվազի: Իսկ կապող օղակ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ իր նախագծերի մեջ ներառի նաև Կենտրոնական Ասիան:
Կենտրոնական Ասիայի երկրների շահերի տեսանկյունից՝ նախընտրելի է չինական նախագիծը, որը նրանց հնարավորություն կտա երկկողմ հարաբերություններ կառուցել: Չինական նախագիծը ենթադրում է գործընկերություն, հետո՝ ինտեգրացիա, իսկ ԵՏՄ-ն ասում է՝ եկեք ինտեգրվեք, բայց հայտնի չէ, թե հետո ինչ կլինի: Չինական նախագիծն առևտուրը չի պայմանավորում քաղաքական նախապայմաններով, ինչպես ԵՏՄ-ի դեպքում է: Տարածաշրջանի երկրները ավելի շահագրգռված են և հակված են նախընտրել չինական նախագիծը, որի արդյունքում՝ տարածաշրջանում կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը»:
Տնտեսագետը նկատեց՝ Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի նախագծի իրականացումը բխում է Հայաստանի շահերից, որովհետև դա ամբողջ տարածաշրջանում (ինչպես Կենտրոնական Ասիա, այնպես էլ՝ Հարավային Կովկաս) ենթադրում է Ռուսաստանի դիրքերի թուլացում: Այս տեսանկյունից՝ կասկած չկա, որ դա բխում է մեր շահերից: Ինչպե՞ս կօգտվի Հայաստանը դրանից, արդեն մեծ հարց է, որովհետև կցվելով ԵՏՄ-ին, Հայաստանն իրեն զրկել է այլընտրանքային հնարավորություններից: Հայաստանը, հանդիսանալով ԵՏՄ անդամ, իրեն զրկել է Չինաստանի հետ հարաբերություններում ինքնիշխանությունից: