Հայաստանը կարող է լրջագույն տարանցիկ գոտի դառնալ, նախ՝ Իրան-ԵՏՄ, ապա նաև՝ Իրան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարում. Արմեն Պետրոսյան
Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագիրը վկայում է կոնստրուկտիվ փոխհամագործակցելու հնարավորության մասին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարելու համար«,- գրել է նա:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանից փորձեցինք պարզել, թե այս համաձայնագիրն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ և՛ Իրանի, և՛ տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի համար:
«Նախ՝ Իրանի ռազմաքաղաքական, տնտեսական մեկուսացման վերջը կդրվի, կվերանան նախկին քաղաքական կապանքները, տնտեսական բարդույթները, որոնք խոչընդոտում էին Թեհրանին՝ մեր տարածաշրջանում, նաև՝ Հայաստանի հետ հարաբերություններում ավելի ակտիվ գործելու:
Երկրորդ՝ Հայաստանը կարող է լրջագույն տարանցիկ գոտի դառնալ, նախ՝ Իրան-ԵՏՄ, ապա նաև՝ Իրան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարում, տարաբնույթ նախագծերի կենսագործման գործում:
Եվ երրորդ ու ամենակարևորը՝ Հայաստանի և Իրանի միջև նախապայմանավորված, բայց հիմնականում իրանական կողմի ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով առժամանակ օրակարգից դուրս մնացած տնտեսական ծրագրերի կենսագործման համար մեծ հնարավորություններ կստեղծվեն»,- պարզաբանեց փորձագետը:
Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ սա միանշանակ կարևոր էր նաև Հայաստանի համար, դարձյալ՝ մի քանի տեսանկյուններից. «Նախ՝ տնտեսական նշանակության մասին մասամբ նշեցի, դրա քաղաքական բաղադրիչը ևս չի կարելի անտեսել: Այս համաձայնագրի կենսագործումը հնարավորություն կստեղծի Իրանի համար՝ նոր քաղաքական դերակատարում ստանձնել տարածաշրջանում, ավելի կամրապնդվեն նրա դիրքերը տարածաշրջանում, և հատկապես՝ ի վնաս մեր հարևան ոչ բարեկամական 2 պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի: Ավելի անկաշկանդ դարձած Իրանը կփորձի առավել ամրապնդել իր դիրքերը ինչպես՝ մերձավորարևելյան ողջ տարածաշրջանում առհասարակ, և հատկապես՝ ի հակակշիռ Թուրքիայի, այլև նաև՝ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանում՝ օգտագործելով նաև կրոնական գործոնը՝ որպես լրջագույն լծակ ադրբեջանական իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով»:
Մեր հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն Իրան-Ռուսաստան հարաբերություններն այս համաձայնագրից հետո, նա պատասխանեց. «Ինչ խոսք, Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծումը, հնարավոր է՝ որոշակի մրցակցություն առաջացնի Թեհրանի և Մոսկվայի միջև՝ պայմանավորված հատկապես՝ Հարավային Կովկասում Իրանի դիրքերի ամրապնդման հեռանկարով, ինչպես նաև իրանական ածխաջրածնային ռեսուրսների՝ դեպի Արևմուտք արտահանման հնարավորություններով՝ որպես հակակշիռ ռուսականին: Մինչդեռ գոնե կանխատեսելի ապագայում ռուս-իրանական հարաբերությունների բնույթը հազիվ թե առողջ մրցակցայինից անցում կատարի կոնֆլիկտայինի, քանի որ երկու երկրներն էլ տարածաշրջանում և առհասարակ միջազգային հարաբերություններում առկա տարաբնույթ հիմնախնդիրների վերաբերյալ ունեն, ընդհանուր առմամբ, համասեռ մոտեցումներ»: