Բակտերիաները՝ մարդու լավագույն ընկեր
Ներկայացնում ենք Քալտեկի համալսարանի ամերիկահայ ճանաչված գիտնական Սարգիս Մազմանյանին (Sarkis K. Mazmanian) Քալտեկ, ԱՄՆ
Մենք ապրում ենք բակտերիաների աշխարհում: Նրանք ամենուր են՝ հողում, ջրում, օդում, մեր օրգանիզմում: Մենք անընդհատ առնչվում ենք բակտերիաների հետ, որոնց մեծ մասը գտնվում են աղեստամոքսային ուղում և կազմում են մեր անհատական միկրոբիոտան` մակաբույծ, կոմենսալ և սիմբիոտիկ բակտերիաների ամբողջությունը, որոնք բնակվում են մեր մեջ: Միկրոբիոտայի բակտերիաները մոտ տասն անգամ ավելի են մեր օրգանիզմը կազմող բջիջներից: ԴՆԹ մոլեկուլի անջատման և վերծանման՝ սեկվենավորման տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն տվեց գիտնականներին բացահայտել միկրոբիոմի անդամների մեծամասնությանը: 1990-ական թվականներից սկսած՝ կուտակվել են հսկայական փաստեր միկրոբիոտայի նշանակության մասին:
Օրինակ, ապացուցվել է միկրոբիոտայի կարևոր դերը մի շարք աուտոիմունային հիվանդությունների՝ շաքարախտի, ռևմատոիդ արթրիտի զարգացման մեջ: Միկրոբիոտայի որոշ բակտերիաներ և իրենց կողմից արտադրվող նյութերը կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը կամ զարգացմանը: Օրինակ, հաստ աղիի քաղցկեղի ժամանակ ադենոմաները շրջապատված են լինում մեծ թվով Fusobacterium nucleatum բակտերիաներով: Վերջիններիս ներարկումը մկներին հանգեցնում է աղիքային քաղցկեղների առաջացման, սակայն մեխանիզմը մնում է անհայտ:
Ամերիկահայ ճանաչված գիտնական Սարգիս Մազմանյանի լաբորատորիան ուսումնասիրում է միկրոբիոտայի փոխազդեցությունը մարդու օրգանիզմի երկու կարևորագույն համակարգերի՝ ուղեղի և իմունիտետի հետ: Մազմանյանի կողմից առաջին անգամ ցույց է տրվել, որ միկրոբիոտայի բակտերիաներն ուղղորդում են կաթնասունների իմունային համակարգի ձևավորումը և պաշտպանում օրգանիզմը աղեստամոքսային ուղու որոշ վարակներից:
Ավելին, իմունային համակարգի բջիջների առաջացման (արյունաստեղծման) արդյունավետությունը կախված է միկրոբիոտայի նորմալ կենսագործունեությունից: Բակտերիաներից զուրկ (germ-free) մկների մոտ նկատվում են արյունաստեղծման խանգարումներ, որոնք վերականգնվում են միկրոբիոտայի բակտերիաների ներմուծումով: Այսինքն, որոշ վարակների դեմ օրգանիզմի պայքարը կախված է միկրոբիոտայի բակտերիաներից, քանի որ վերջիններս մեծ դեր են խաղում ինչպես՝ իմունային համակարգի բջիջների ձևավորման, այնպես էլ՝ դրանց ուղղորդման հարցում:
Մազմանյանի լաբորատորիայի նոր հետազոտությունների նպատակն է՝ պարզել միկրոբիոտայի կապը մարդու վարքի և նյարդային հիվանդությունների առաջացման հետ: Միկրոբիոտա-իմունային համակարգ-ուղեղ կապի ուսումնասիրությունները կարող են նպաստել նյարդային հիվանդությունների դեմ արդյունավետ դեղամիջոցների ստեղծմանը: Մասնավորապես, Մազմանյանի լաբորատորիայի կողմից ուսումնասիրվել է աուտիկ սպեկտորի խանգարումների և միկրոբիոտայի կապը: Լաբորատոր պայմաններում ստացվել են նման խանգարումներ ունեցող մկներ, որոնց հետագայում ներարկվել է մարդու միկրոբիոտայի բակտերիաներից մեկը՝ Bacteroides fragilis, որը կարգավորել է մկան միկրոբիոտայի գործունեությունը և թուլացրել աուտիկ սպեկտորի խանգարումների դրսևորումը: Այսպիսով, Սարգիս Մազմանյանի հետազոտությունները լույս են սփռում մեր օրգանիզմի և մեր բակտերիաների փոխհարաբերությունների վրա, որոնք հաստատվել են միլիոնավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում և խաղում են մեծ դեր նորմալ կենսագործունեության մեջ:
Սարգիս Մազմանյանը Կալիֆոռնիայի տեխնիկական ինստիտուտի կենսաբանության պրոֆեսոր է: Սովորել և գիտական թեզը պաշտպանել է Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես): Հետդոկտորական աշխատանքն իրականացրել է Հարվարդի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է սիմբիոտիկ բակտերիաների նշանակությունն իմունային համակարգի ձևավորման մեջ: Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, մասնավորապես՝ «Մակ Արթուր» հիմնադրամի կողմից ստացել է «Հանճար» (Genius) մրցանակը, որը տրվում է գիտության մեջ նշանակալից ավանդ ունեցած գիտնականներին: Սարգիս Մազմանյանը պարբերաբար այցելում է Հայաստան և դասախոսություններով հանդես է գալիս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում:
2012թ. Pasadena Star News-ը հրապարակում էր պատրաստել հայազգի գիտնականի մասին. «Քալտեկի համալսարանի ամերիկահայ գիտնական Սարգիս Մազմանյանը կենսաբանության ոլորտում իր կատարած հետազոտությունների համար «ՄաքԱրթուրի» անվան դրամաշնորհ է ստացել, որն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ-ում` տարբեր ոլորտներում գրանցած ձեռքբերումների համար»,- գրել էր պարբերականը: Մազմանյանը՝ դառնալով 23 դափնեկիրներից մեկը, ստացավ 500.000 ԱՄՆ դոլար, որը նա կարող էր օգտագործել ցանկացած նպատակի համար: Գիտնականն ասել էր, որ կրթաթոշակի մասին իմացել է, երբ գտնվում էր Հայաստանում, որտեղ հանդես էր գալիս դասախոսություններով: Նա այն ժամանակ ասել էր, որ դեռևս չգիտի, թե կոնկրետ որտեղ կօգտագործի այդ գումարը, բայց հույս ուներ ավելի լավ հնարավորություններ ստեղծել Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում և բարելավել տեղի աղքատիկ լաբորատորիաները, օժանդակել հայ երիտասարդներին՝ բարձրագույն կրթություն ստանալու հարցում:
«Դա իմ կյանքի այն քիչ պահերից էր, երբ ես ի վիճակի չէի խոսել»,- ամերիկյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոստովանել էր կենսաբանության պրոֆեսոր Սարգիս Մազմանյանը՝ «ՄաքԱրթուր» հեղինակավոր այդ պարգևին արժանանալու մասին խոսելիս: Դրամական պարգևը տրվում է «ինտելեկտուալ, սոցիալական և արվեստի ոլորտներում» ջանքեր գործադրած գործիչներին: Ի դեպ, որպես կանոն, հաղթողները նույնիսկ չեն իմանում, որ իրենք պարգևը ստացողների հավակնորդների շարքում են, մինչև նրանց չեն զանգահարում ու ասում, որ իրենք հաղթել են: Մրցանակի մասին խոսելիս՝ Մազմանյանը նաև ասել է. «Մարդիկ ուզում են դառնալ ռոք աստղ, կամ մարզիկ, կամ այլ բան: Շատ քչերն են ասում` ես ուզում եմ դառնալ միկրոբիոլոգիայի մասնագետ: Հույս ունեմ, որ այս մրցանակը կօգնի մարդկանց հասկանալու, որ գիտնականները լավ գործ են անում»:
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Սարգիս Մազմանյանը՝ դառնալով 23 դափնեկիրներից մեկը, կստանա 500 հազար դոլար, որը կարող է ծախսել ցանկացած նպատակով:
Շարքը նախաձեռնել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը