Կորուստների կրճատման հաշվին կարելի է կուտակել այն գումարը, որը հարկավոր է սակագնի բարձրացումը կանխելու համար. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին, ասաց, որ բացի պետական ու հանրային շահերից` պետք է նկատի ունենալ նաև ժողովրդի հնարավորությունները:

««ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը չի ուզում ընդունել սխալի իր մասը, որը հետևյալն է. մենք տարեկան արտադրում ենք մոտավորապես 8 մլրդ կ/վտ էլեկտրաէներգիա, որի 25%-ը սպառում է բնակչությունը, 25%-ը վաճառում ենք, մոտ 30%-ն օգտագործվում է արդյունաբերական նպատակներով, իսկ 12.3 % մենք կորուստ ունենք, երբ Ճապոնիայում այդ կորուստը 2% է: Հետևաբար, ավել գումար ենք վճարում այդ կորուստների համար: Իսկ դրանց դեմ ոչ ոք չի պայքարում: Կորուստը կարող է լինել 5-6%, բայց ոչ՝ 12.3, որը «նստած է մեր վզին»: Կորուստների կրճատման հաշվին կարելի է կուտակել այն գումարը, որը հարկավոր է սակագնի բարձրացումը կանխելու համար»:

Ըստ սոցիոլոգի՝ նախագահը ճիշտ է, երբ ասում է, որ ցանցը պետք է պահպանվի կայուն, աշխատունակ վիճակում. «Ոչ-ոք չպետք է զլանա իր կողմից անհրաժեշտ գումարները վճարի դրա համար. սպառողը որպես վարձավճար, պետությունը՝ ներդրումային ծրագիր, և «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, որը Հայաստանում կառավարում է ցանցերը և սեփականատերն է, իր պայմանագրային կետերից մեկում ունենա հատուկ կետ՝ իր շահույթների քանի տոկոսն է ներդնում խնդիրների լուծմանը, և պետությունը հետամուտ լինի դրա իրականացմանը: Ամենակարևորն այն է, որ էլեկտրացանցերը աշխատեն անխափան և կայուն: Հանուն դրա կառավարությունը պատրաստ է ամեն քայլի: Նա չի նայի՝ ով է փողոցում, ով է մեղավոր»:

Սոցիոլոգը նշեց նաև, որ մարզերի գյուղական համայնքներում էլեկտրաէներգիա քիչ են սպառում, այդ պատճառով էլ այնտեղի բնակչությունը այս օրերին բավականին հանդարտ են:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս