Բաժիններ՝

Աուդիտ պետք է անցկացնել էլեկտրաէներգիա արտադրող բոլոր կայաններում. Միքայել Մելքումյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ և ՌԴ միջև միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ աուդիտ պետք է անցկացնել զուգահեռաբար էլեկտրաէներգիա արտադրող բոլոր կայաններում, որովհետև ՀԷՑ-ի 176 մլրդ շրջանառությունից 120 մլրդ-ը արտադրող կայաններինն է, միայն 56 մլրդ-ն է ՀԷՑ-ի պահպանման, շահագործման համար: «ՀԷՑ-ը որպես 1մլրդ-ից ավելի շրջանառություն ունեցող խոշոր կազմակերպություն օրենքով արտաքին աուդիտ է անցնում, հարկեր է վճարում, պլանային ստուգումներ են այնտեղ տեղի ունենում: Հասկանալի է, որ աուդիտը ճիշտ է, բայց դա պետք է ամբողջ շղթայում անցկացվի, այսինքն՝ արտադրող կայաններից մինչև վերջ: Եթե զուգահեռաբար արտադրող կայաններում էլ անցկացվեն՝ շատ լավ կլինի»,-ասաց նա:

Հարցին, թե հենց ՀԷՑ-ը չի՞ կուտակել պարտքը, որի պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ, տնտեսագետը պատասխանեց. «ՀԷՑ-ի պարտքն առաջացել է արտադրող կայանների թերմատակարարումից: Հիմնավորումն այն է, որ ատոմակայանը, հիդրոէլեկտրակայանները չեն մատակարարել այն ծավալն, ինչքան որ պետք է, և գնել են թանկ էլեկտրաէներգիա: Այսինքն` պարտքն առաջացել է դրա, փոխարժեքի տատանումների ու ատոմակայանի կանգառի հետևանքով»:

Մ. Մելքումյանը նշեց նաև, որ աուդիտ անցկացնելու համար պահանջվում է երկար ժամանակ. «Աուդիտն ուղղակի ծախսերի, եկամուտների ամբողջական պատկերը կտա: ՀԷՑ-ն ամեն տարի ենթարկվում է աուդիտի, պետք է ճշտել, թե որ կազմակերպությունն է դա արել ու հարցականի տակ դնել դրա գործունեությունը»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս