Բաժիններ՝

«Ոչ թալանին» նախաձեռնությունը սխալ ռազմավարություն էր ընտրել. Արմեն Բադալյան

«Ոչ թալանին նախաձեռնությունը մի շարք սխալներ թույլ տվեց»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ Բաղրամյան պողոտայում հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույց իրականացնող երիտասարդների նկատմամբ Ոստիկանության իրականացրած հատուկ գործողությանն ու բողոքի պատճառներին:

Նա նշեց, որ տեղի ունեցածը բնական իրադարձություն է Հայաստանի նման երկրների համար. շատ քիչ թվով մարդիկ գնում են պահանջելու նախագահի հրաժարականը, իսկ նախագահը կիրառում է օրենքով իրեն թույլատրված միջոցառումները:

Սակայն, ըստ փորձագետի, պարզապես պետք է նշել, որ պայքարի ռազմավարությունը սխալ էր ընտրված, քանի որ երիտասարդները պայքարում էին հոսանքի գնի բարձրացման դեմ՝ պահանջելով գնի իջեցում, այսինքն` պայքարում էին գործընթացի հետևանքի դեմ, այնինչ պայքար պետք էր իրականացնել գործընթացի պատճառի դեմ, որը ծնում է այդ հետևանքները: «Այս խումբը պատճառի դեմ չէր պայքարում»,- ընդգծեց Արմեն Բադալյանը:

Երկրորդ կոպիտ սխալը, վերջինիս խոսքով, նախագահի հրաժարականը պահանջելն էր, ինչն իրենից ներկայացնում է լուրջ իրավական և քաղաքական գործընթաց:

«Իրավականն իմպիչմենտն է: Եթե դու ցանկանում ես քաղաքական տեսակետից հասնել հրաժարականի, ապա առնվազն դու պետք է որոշակի գործոններ ունենաս` մեծ զանգված, համապատասխան ԶԼՄ-ներով աշխատանք, ֆինանսակազմակերպչական ռեսուրսներ, ամենակարևորը՝ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար: Առանց այս ամենի՝ տեղի ունեցողը վերածվում է թատրոնի»,- ասաց նա:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն իր կասկածների մասին ևս հայտնեց: «Արդյո՞ք շարժման նպատակը հոսանքի թանկացման դեմ պայքարն էր, թե՞ ՀԷՑ-ի ազգայնացումը, աուդիտը, և այլն, և այլն: Պետք է դիտարկել, թե որքանո՞վ էր այդ պայքարն իրականում հոսանքի դեմ ուղղված: Ես կասկածներ ունեմ, որ հոսանքի թանկացումն իշխանական խմբավորումների համար առիթ էր ՀԷՑ-ի սեփականաշնորհման վերաբաշխում իրականացնելու նպատակն առաջ մղելու համար»,- նկատեց Արման Բադալյանը:

Դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակում իր մասնաբաժինը չունի՞ նաև ռուսական կողմը, որի վատ կառավարումը Հայաստանի էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) ապակայունացրեց իրավիճակը Հայաստանում, պատասխանեց, որ եթե Հայաստանում այլ ղեկավարություն լիներ, բնականաբար, ՀԷՑ-ի հետ կապված նման խնդիրներ չէին առաջանա: «Հիմա այլևս անիմաստ է քննարկել, թե ինչպես պետք է իշխանությունը վարվի ՀԷՑ-ի հետ: Եթե ամբողջ տնտեսական դաշտն ավաղաղված է, ապա դա ինքնըստինքյան բերում է ՀԷՑ-ի նման քաղաքականությանը, և դու չես կարող որևիցե բան անել, քանի որ դաշտն է աղավաղված, հետևանքը՝ ՀԷՑ-ի քաղաքականությունը:

Ռուսական կողմին մեղադրելու որևէ հիմք չեմ տեսնում, որովհետև տնտեսական մենաշնորհները Հայաստանում Ռուսաստանը չի ձևավորել, Ռուսաստանը չէ, որ կանոնավոր Հայաստանի բազմաթիվ չինովնիկներից ՀԷՑ-ին ատկատներ է տվել, թաքցրել պարտքերը, որոնք մեկ օրում չէ, որ գոյացել են»,- ասաց Արմեն Բադալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս