Կուտակայինի գումարները և տոկոսները կվերադարձվեն մինչև հուլիսի 1-ը
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում հիմնադրամներին փոխանցված գումարները մինչև հուլիսի 1-ը կփոխանցվեն այն քաղաքացիներին, որոնք դիմել էին՝ համակարգում չներառվելու համար: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը, որ 6 ամսվա կտրվածքով օրենքի փոփոխության հետաձգման հետ կապված հիմնադրամները որոշակի վերահաշվարկ իրականացնելու հետ մեկտեղ գոյացած գումարները պետք է վերադարձնեն քաղաքացիներին, բայց գումարները առկախվել են 2 ամսվա կտրվածքով ինչ-որ կամորջ հաշիների վրա:
Նախարարը նշեց, որ դիմել է 62 հազար քաղաքացի և նրանց գումարները վճարվելու են քաղաքացիներին. «Այս ժամանակահատվածում կատարվել է համապատասխան աշխատանք՝ ճշգրտելու աշխատակիցների աշխատավարձի հաշիվները, որ փոխանցվեն և ներառյալ տոկոսները կփոխանցվեն»:
Առկախված գումարների վերաբերյալ նախարարը պատասխանեց, որ դա հավանաբար գործատու-հարկային մարմիների հաշիվներին են մնացել, և խոստացավ զբաղվել: