Բաժիններ՝

Ալեն Սաղաթելյանը հայտնաբերել է նոր պեպտիդներ, որոնք կնպաստեն 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժմանը

Այսօր ներկայացնում ենք հայազգի գիտնական, ԱՄՆ Սոլկի անվան կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր, մոլեկուլային կենսաբան Ալեն Սաղաթելյանին (Alan Saghatelian)։

37-ամյա Սաղաթելյանը Լոս Անջելեսից Նեդ և Մարիամ Սաղաթելյանների որդին է։ Նրա մայրը եղել է Բևեռլի-Հիլզում գտնվող «Կարտիե» զարդերի խանութ սրահի ղեկավարի օգնականը, իսկ ներկայումս թոշակառու հայրն աշխատել է Կալիֆոռնիայի սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունում։ Ալեն Սաղաթելյանի առաջին ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ Ներկայումս ամուսնացած է Ջեննի Հելլերի հետ, ում հանդիպել էր Հարվարդի համալսարանում ուսանելու ընթացքում։

Alen Saghatelian (7)

Alen Saghatelian (2)

Կարդացեք նաև

Նախքան Սալկ համալսարան ընդունվելն Ալեն Սաղաթելյանը Հարվարդի համալսարանում դոցենտ էր և պաշտպանել էր իր աստիճանն ու հետբուհական աշխատանքը Սան Դիեգոյի Սքրիփսի հետազոտական համալսարանում։
Ալան Սաղաթելյանը ներկայումս Կենսաբանական դասընթացների Սալկ համալսարանի պրոֆեսոր է, 2014թ. հուլիսից մինչ այժմ Սան Դիեգո շրջանում անցկացնում է կենսաբժշկական հետազոտություն։ Ուսումնասիրությունները վերաբերում են շաքարախտին, իմունային հիվանդություններին ու քաղցկեղին։ 2006-2014թթ. Հարվարդի համալսարանում եղել է դոցենտի օգնական, 2002-2006թթ. Սքրիփս հետազոտական համալսարանում զբաղվել է գիտական աշխատանքով։ Սքրիփս հետազոտական համալսարանում դարձել է փիլիսոփայության, քիմիայի դոկտոր (թեկնածու) 1997-2002թթ., ավելի վաղ UCLA համալսարանում ստացել է քիմիայի բակալավրի աստիճան (1993-1997թթ.)։

Alen Saghatelian (8)

Օրգանիզմում կան բազմաթիվ մոլեկուլներ` սպիտակուցների փոքր հատվածներ կամ պեպտիդներ, որոնք երկար ժամանակ համարվում էին սպիտակուցների կամ այլ նյութերի քայքայման արդյունք։ Ենթադրվում էր, որ այս մոլեկուլները չունեն կենսաբանական նշանակություն։ Սակայն վերջին շրջանում կուտակվող արդյունքներն ապացուցում են, որ նման մոլեկուլները կենսաբանորեն ակտիվ միացություններ են և մասնակցում են մի շարք գործընթացների կարգավորմանը` հանդես գալով` որպես հորմոններ, հակաբակտերիալ միացություններ, նեյրոտրանսմիտերներ։ Որոշ հիվանդությունների ժամանակ նկարագրվել են այս պեպտիդների քանակական կամ գործառութային խանգարումներ` կարևորելով դրանց ուսումնասիրությունների նշանակությունը։

Alen Saghatelian (4)

Alen Saghatelian (6)

Ալեն Սաղաթելյանի լաբորատորիան մշակել է փոքր պեպտիդների հայտնաբերման մաս-սպեկտրոսկոպիայի նոր մեթոդ, որը հնարավորություն է տալիս կենսաբանական հեղուկներում (արյուն, մեզ), հյուսվածքներում, բջիջներում հայտնաբերել բազմաթիվ փոքր պեպտիդներ` անգամ ամենափոքր քանակներով։ Ալեն Սաղաթելյանն իր մեթոդի միջոցով հայտնաբերել է նոր պեպտիդներ, որոնք ճնշում են բորոբոքային գործընթացները, ինչպես նաև` մասնակցում գլյուկոզայի քանակի կարգավորմանը։ Ալեն Սաղաթելյանի կողմից բացահայտված պեպտիդների մեկ այլ խումբ մասնակցում է ԴՆԹ մոլեկուլի վնասվածքների վերականգնմանը, որը կարևոր է մի շարք հիվանդությունների, հատկապես` քաղցկեղի բուժման տեսանկյունից։

Alen Saghatelian (1)

Alen Saghatelian (3)

Ալեն Սաղաթելյանի այս հետազոտությունները, բացի հիմնարարից, ունեն նաև կիրառական նշանակություն։ Գլյուկոզայի քանակը կարգավորող պեպտիդի հիման վրա Սաղաթելյանի լաբորատորիայում (Clayton Foundation Laboratories for Peptide Biology) ստեղծված դեղամիջոցը հաջող փորձարկում է անցել մկների վրա, և շուտով կմեկնարկի դրա կլինիկական հետազոտությունների փուլը։ Հաջողության դեպքում բժիշկների ձեռքերում կհայտնվի 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեմ արդյունավետ նոր դեղամիջոց, որն իր ազդեցության ձևով էապես կտարբերվի ներկայումս գոյություն ունեցող բոլոր դեղամիջոցներից։ Այսպիսով, Ալեն Սաղաթելյանի լաբորատորիան, բացահայտելով նոր պեպտիդներ, էապես նպաստում է մեր օրգանիզմում ընթացող կենսաբանական գործընթացների լիարժեք ընկալմանը, և մարդկության համար կարևոր հիվանդությունների, օրինակ, 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժմանը։

Շարքը նախաձեռնել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող ՀՈՎԱԿԻՄ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս