Բաժիններ՝

«2015 թվականը բարդ, լարված տարի է լինելու, լավ կլինի հիմա մեզ «ձգենք», որովհետև դիմանալ է պետք». Ալինա Դերձյան

Ժամանակակից աստղագետները հայտարարում են՝ կենդանակերպի շրջանը մեկ ամսով տեղաշարժվել է, որի պատճառը երկնակամարում կենդանակերպի նոր նշանի՝ օձակրի բացահայտումն է: Նրանք համոզված են, որ ուղղակի անհրաժեշտ է վերանայել համաստեղությունների դասական պատկերացումը՝ ավելացնելով 13-րդ նշանը, որ համապատասխանում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում ծնվածներին:

Ամերիկացի գիտնական Պարկ Կանկլեն համոզված է, որ կենդանակերպի այս նշանը հայտնի է մարդկությանը, և ստեղծվել է դեռ Հին Բաբելոնում:
Աստղագետը համոզված է, որ երկնակամարում լուրջ փոփոխությունների սկիզբը շատ վաղուց է դրվել, սակայն, չգիտես ինչու, առանձնապես մեծ ուշադրության չի արժանացել:

Թեև այս ամենը դեռևս հաստատված չէ, ու կենդանակերպի 13-րդ նշանն էլ դեռ «պաշտոնապես» չի հաստատվել երկնակամարում, «168 Ժամն» այս և ժամանակակից աստղագիտության հետ կապված մի շարք հարցերի մասին զրուցեց աստղաբան, «Հորար» աստղաբանության էքսպրես մեթոդի կիրառող Ալինա Դերձյանի հետ, ով նույնպես հաստատեց կենդանակերպի նոր նշանի գոյության մասին լուրերը:

– Կենդանակերպի 13-րդ նշանն արդեն ստացել է իր անվանումը` օձակիր («змееносец»): Այն զբաղեցնում է աղեղնավորի և կարիճի միջև ընկած տարածքը: Որպես այդպիսին՝ հայտնի է, սակայն ինչ-ինչ պատճառներով լիարժեք ուսումնասիրությունների չի ենթարկվել: Երկնակամարում զբաղեցնելով փոքր ասպեկտ, ընդհանուր բնորոշմամբ համապատասխանում է և´ կարիճի, և´ աղեղնավորի բնութագրին, դրանց սինթեզն է:

Կարդացեք նաև

– Այսինքն, նոր նշանն արդեն ընդհանուր բնութագիր ունի՞, աստղագետներն անգամ հասցրել են բնութագրիչ հատկանիշնե՞ր տալ այդ նշանի ներկայացուցիչներին:

– Այո: Համարվում է, որ օձակրի նշանի տակ ծնված մարդիկ աննկարագրելի ճակատագրեր ունեն: Նրանք կարող են մեկ րոպեում կործանել իրենց կյանքը, հետո էլի կառուցել: Նրանք կարողանում են դուրս գալ ցանկացած իրավիճակից ու գոյատևել: Նրանց շարքերում քիչ չեն պայծառատեսները:

– Ի՞նչ հանգամանքներ կարող են նպաստել կենդանակերպի նոր նշանի ստեղծման պրոցեսին, կամ ի՞նչ պարբերականությամբ են տիեզերքում նման փոփոխություններ կատարվում:

– Կենդանակերպի նոր նշանի ի հայտ գալը կախված չէ տիեզերական դասավորությունից: Դա զուտ սիմվոլիկ բաժանում է: Ուղղակի ենթադրվում է, որ երկնակամարի որոշակի հատված համապատասխանում է որոշակի համաստեղության: Հստակ 30 աստիճան չէ ոչ մեկը, բայց այդպես է ընդունվում: Իրականում համաստեղություններն այդպես իդեալական դասավորված չեն տիեզերքում, ոնց որ նկարվում են հաշվարկների գծագրերում: Նոր համաստեղությունները հրաբխային կղզի չեն, որ օվկիանոսի հատակի տատանումից առաջանան: Իսկ այ, մոլորակային դիրքերը փոփոխվում են և կոնկրետ այն մոլորակային փուլերը, որոնց ազդեցության տակ ենք գտնվում, նմանատիպ երևույթների ապագայում ի հայտ գալը, կամ նախկինի կրկնությունը չի բացառվում: Հարցը նրանում է, թե որքանո՞վ են իրավասու մեկնաբանություններ ներկայացնողները: Աստղաբանությունը, իմ կարծիքով, մեկնաբանության գիտություն է, սիմվոլների մեկնաբանությունը ներկայացնելու ունակություն:

(Մունդան աստղագուշակությունը (լատիներեն mundus՝ աշխարհ, բառացի «համաշխարհային աստղագուշակություն») հնագույն աստղաբաշխական բաժիններից է, որն ուսումնասիրում է պետությունների, ազգերի և այլ մեծ հասարակական խմբերի զարգացումն ու փոխհարաբերությունները։ Այս ուղղության համար առավելապես կարևոր են «ծանր» մոլորակների՝ Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի, Նեպտունի և Պլուտոնի պարբերաշրջանները, քանի որ դրանք ընդգրկում են մեծ ժամանակահատվածներ (տասնամյակներ, դարեր, հազարամյակներ), որը և համապատասխանում է ազգերի ու պետությունների ձևավորման և զարգացման տևողությանը՝ ըստ hy.wikipedia.org/-ի)։

– Կա՞ն ինֆորմացիաներ, որոնց Դուք, որպես աստղագետ, տրիապետում եք, բայց լռում եք այդ մասին, օրինակ՝ ներքաղաքական սպասվող իրադարձությունների շուրջ:

– Իհա՛րկե կան: Բնականաբար, ես երկրի քաղաքացի եմ ու չեմ կարող անտարբեր մնալ այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրի ներսում, սահմաններին և այլն: Ես պարբերաբար փորձում եմ ինքս ինձ համար պատկերացում կազմել սպասվող իրադարձությունների մասին՝ հատկապես լարված ներքաղաքական իրավիճակներում, բայց, կրկնում եմ, միայն ինքս ինձ համար: Սովորաբար այդպիսի ինֆորմացիաները ես չեմ հրապարակում:

– Իսկ Ձեզ նման կանխատեսումներ անելու համար երբևէ չե՞ն դիմել:

– Ոչ:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ:

– Որովհետև, կարծում եմ, աստղագիտությունը հավասարեցվել է սուրճի մրուրով ապագա կանխատեսելու պրոցեսին, այսինքն, պատճառը ոլորտի վարկաբեկված վիճակն է: Արդյունքում՝ ինքս էլ չեմ ուզում էժանանալ և մատուցել իմ ունեցած ինֆորմացիան: Հիմա շատ դժվար է ապացուցել, որ դու ոչ թե «բախտ նայող» ես, այլ գիտության ներկայացուցիչ:

– Ովքե՞ր են շահագրգռված վարկաբեկելու ոլորտը:

– Ամեն երկու տերմին յուրացրած մարդու խոսափող է մեկնվում: Երբ մարդը գիտությանը լավ չի տիրապետում, տերմիններով է փորձում ինֆորմացիան տեղ հասցնել: Ես, օրինակ, ի հակադրություն, գրեթե երբեք տերմիններ չեմ օգտագործում: Ի վերջո, ես համոզվեցի, որ լրագրողներն ու մեդիա դաշտը հաճույքով նպաստում են տգիտության տարածմանը, քան գիտության բացահայտմանը: Քավ լիցի, ոչ մեկին չեմ ուզում վիրավորած լինել՝ ամեն մեկն իր տեղն ունի՝ ընդհուպ մինչև նրանք, ովքեր «բախտ են նայում»:

– Բայց մի՞թե Դուք չունեք այցելուներ, ովքեր գալիս են Ձեզ մոտ անձնական բնույթի հարցերով: Կարծում էի՝ հիմնականում այդ խնդիրներով են գալիս:

– Այո, ճիշտ եք՝ հիմնականում սիրային և ֆինանսական հարցեր պարզելու ակնկալիքներով, բայց արդեն շատ վաղուց ես կատեգորիկ հրաժարվել եմ նման կանխատեսումներ անելուց, որովհետև համարում եմ, որ դրանով ես մարդուն դնում եմ սահմանափակումների մեջ:

– Բայց ժամանակին արե՞լ եք:

– Ժամանակին արել եմ, բայց հասկացել եմ, որ դա օգուտ չի տալիս մարդու զարգացմանը կամ նրա խնդրի լուծմանը:

– Այդ դեպքում հիմա Ձեզ մոտ ի՞նչ ակնկալիքներով են գալիս, եթե ոչ՝ ապագայի կանխատեսման:

– Ես իմ աշխատանքն ավելի շատ նմանեցնում եմ շտապօգնության բժշկի աշխատանքին, այսինքն՝ եթե մարդ ունի ինչ-որ խնդիր, որի լուծման հարցում չի կարողանում արագ կողմնորոշվել, ապա ես օգնում եմ՝ օպերատիվ և սեղմ ինֆորմացիա տալով, բայց ոչ ավելին. կոպիտ ասած՝ անուշադրի սպիրտ եմ մոտեցնում քթին:

– Լավ, տիկին Դերձյան, ի՞նչ կասեք, այս ամռանը շատ շո՞գ կլինի, թե՞ հույսեր դեռ կան…

– Չգիտեմ, չեմ կարող ասել, ես օդերևութաբան չեմ (ժպտում է.- Ն.Մ.):

– Ի՞նչ կանխատեսում ունեք 2015-ի հետ կապված:

– 2015 թվականի հետ կապված կանխատեսում չեմ արել, բացի նրանից, որ բարդ, լարված տարի է լինելու, լավ կլինի հիմա մեզ «ձգենք», որովհետև դիմանալ է պետք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս