Բաժիններ՝

«Հարսանիք կլինի, սակայն…». Ֆելիքս Խաչատրյան

Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, սակայն հանրությունը շարունակում է հետաքրքրվել՝ որտեղ է նա և ինչով է զբաղվում։ Վերջին շրջանում ռեփերը հրաժարվում է նաև հարցազրույցներ տալ, սակայն BlogNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ շարունակում է զբաղվել իր երաժշտական գործունեությամբ։

«Նոր ալբոմներ եմ պատրաստում, սեպտեմբերին «3.33» խումբը միանգամից 2 ալբոմ կթողարկի»,- ասաց ռեփերը՝ հավելելով, որ որոշել են միանգամից երկու ալբոմ թողարկել, քանի որ նոր գործերը շատ են տարբերվում միմյանցից։

Ֆելիքսը «3.33»-ի երկրպագուներին նոր ալբոմ խոստացել էր դեռևս նախորդ տարվա հունիսին, սակայն այն այդպես էլ չթողարկվեց։ «CD թողարկել չստացվեց, սակայն ալբոմի երգերը ներբեռնեցինք համացանց։ Մեզ մոտ լռություն չէ, միշտ էլ լինում են նոր գործեր, ուղղակի Նարեկն (A’Chilla-ն) ԱՄՆ-ում է, ես էլ մենակ դանդաղ եմ առաջ գնում»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Անդրադառնալով «Մի քանի հոգի» խմբի գործունեությանը, որում ներգրավված են ինքը, Միշոն, Ռոլանդ Գասպարյանը, A’Chilla-ն և Սերժոն, Ֆելիքսն ասաց, որ դեռ նորություններ չունեն, քանի որ յուրաքանչյուրը զբաղված է իր գործերով։

Ռեփերից տեղեկացանք, որ երաժշտական գործունեությունից բացի այլ գործունեություն չի ծավալում։ Նույնիսկ կողմնակի եկամուտի աղբյուր՝ բիզնես չունի, ինչպես գործընկերներից շատերը։

Ֆելիքսից հետաքրքրվեցինք նաև սպասվելիք հարսանիքի մասին։ Շրջանառվող լուրերը, որ նա և նշանածը՝  Գոհար Պարույրյանը, քաղաքացիական ամուսնությամբ միասին են ապրում, հաղորդավարը չմեկնաբանեց՝ նշելով, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին։ «Հարսանիք կլինի, սակայն ոչ հանրային։ Չեմ հասկանում դա հանրայնացնելու իմաստը»,- եզրափակեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս