«Հայաստանում կինեմատոգրաֆը շատ լուրջ պոտենցիալ ունի՝ կարող է լինել հավակնոտ և մրցունակ». Գագիկ Ղազարէ

Այս օրերին Երևանում մեկնարկել է ամենամյա «Մեկ կադր»   կարճամետրաժ ֆիլմերի 13-րդ  միջազգային փառատոնը, որն  ավանդաբար անց է կացվում մայրաքաղաքի նորարար-փորձառական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում: Այս տարի փառատոնը կտևի մինչև հունիսի 10-ը, որի ընթացքում կցուցադրվեն մեկ րոպանոց և կարճամետրաժ 140 ֆիլմեր, որից 71-ը՝ մրցույթում, 69-ը՝ հատուկ ծրագրերով:

Փառատոնին մասնակցում է 31 երկիր, այդ թվում՝ Հայաստան, ԱՄՆ, Բահրեյն, Բելգիա, Բուլղարիա, Բրազիլիա, Գերմանիա, Դանիա, Թայվան, Թունիս, Թուրքիա, Իրան, Իսպանիա, Իսլանդիա, Իտալիա, Լեհաստան, Կանադա, Հայիթի, Հարավային Կորեա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն, Մեքսիկա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սենեգալ, Սիրիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա:

Այս տարի ևս մրցանակներ կշնորհվեն «Մեկ կադր, մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո՝ առանց սահմանի» անվանակարգերում: «Մեկ կադր, մեկ րոպե» մրցույթի գլխավոր ժյուրիի նախագահն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ժյուրիի կազմում են նաև խմբագիր, լրագրող Ռուզաննա Բագրատունյանը, ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանը և կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը: «Կարճ ֆիլմեր» մրցույթի ժյուրին գլխավորում է կինոգետ Սիրանուշ Գալստյանը, անդամներն են՝ կինոռեժիսոր, կինոարտադրող Վահե Գևորգյանցը, արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյանն ու կինոռեժիսոր Լուսինե Սարգսյանը:

NPAK (9)

Կարդացեք նաև

NPAK (8)Հաղթող ֆիլմերը կստանան շնորհակալագրեր և արձանիկ: Դրամական մրցանակներ կստանան լավագույն հայկական մեկ րոպե և լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմերը՝ համապատասխանաբար 100 հազար և 200 հազար դրամ:

«Կինո՝ առանց սահմանի» անվանակարգում շնորհվում է փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէի մրցանակը՝ արձանիկ և դիպլոմ:

NPAK (7)

NPAK (3)

NPAK (1)

Փառատոնի այս տարվա ծրագրերի ու  ձեռքբերումների մասին զրուցեցինք «Մեկ կադր» միջազգային փառատոնի հիմնադիր, նախագահ  Գագիկ Ղազարէի հետ:

–  Գագիկ, 13-րդ  փառատոնը նշանաբան ունի՞:

– Երբեք չենք ունեցել որևէ նշանաբան, բայց այս անգամ  երևի  ոչ ցցուն, մեղմ ու արժանապատիվ ձևերով անդրադարձել ենք Ցեղասպանության 100-ամյակին: Երևի այս  տարվա խորհուրդը դա է:

– Այս իմաստով թեմատիկ ընդգծվածություն կա՞ ընտրված ֆիլմերում:

–  Ոչ, հատուկ ընտրություն չկա, բայց փառատոնն իր կատալոգում, էկրաններին, օնլայն միջավայրում խորհրդանիշին համարժեք՝ անդրադառնում է հիշատակմանը: Այսպիսով նպաստում է խնդրի միջազգայնացմանը նոր տիրույթներում: Օրինակ,  սա ինֆորմացիա է երիտասարդ այն կինոգործիչների համար, ովքեր  արտերկրից են ու  որևէ կերպ առնչվում են «Մեկ կադր» փառատոնին:

NPAK (2)

– Առհասարակ 13-րդն ինչ-որ առումով տարբերվո՞ւմ է նախորդ տարիներից: Հետո  ընդունված կարծիք կա, չէ՞, թե 13-ը լավ թիվ չի….

–  Գիտես, լրագրողներն  անընդհատ  նորություններ  են ակնկալում, ամեն տարի ինչ-որ բան ավելացնել, տարբերվել… Վերջին երկու տարիներին աշխատում ենք ամրացնել «Մեկ կադր» դրամական մրցանակի, ֆոնդի միտքը: Այս տարվա հիմնական ձեռքբերումը կարող եմ համարել մեզ միացած,  իմ կարծիքով, հայաստանյան կինեմատոգրաֆի զարգացման հիմնական երեք ինստիտուցիաներին՝ Ազգային կինոկենտրոնը, «Ոսկե Ծիրանը» և Կինեմատոգրաֆիստների միությունը: Սա շատ լավ սկիզբ է, լավ՝ նրանով, որ բոլորս համախոհ ենք մի հարցում՝ պետք է խրախուսել, աջակցել երիտասարդ կինոգործիչներին:   13 թվի  հետ կապված՝  երեկ  բացումն էր և, իսկապես, պետք է խոստովանեմ, որ 13-րդ փառատոնի բացումը մենք  դեռ երկար կհիշենք…. Չմանրամասնեմ, բայց փաստորեն ինչ-որ բան կա… Հուսամ, ամեն ինչ հետևում է,  ու մենք նորմալ ընթացք կունենանք:

– Ասելքի, տեխնիկական հագեցվածության առումներով ինչպե՞ս եք գնահատում փառատոնին ներկայացված տեղական  ու արտասահմանյան  ֆիլմերը:

– Այս  տարվա արդյունքները հուշում են, որ Հայաստանում կինեմատոգրաֆը  շատ լուրջ պոտենցիալ ունի, այսինքն՝ կարող է լինել հավակնոտ և մրցունակ: Դրան նպաստող միակ տարրը   ինստիտուցիաների, գոյություն ունեցող ռեսուրսների ճիշտ, նպատակային կիրառումն է,  և արդյունքներն անպայման նկատելի կլինեն:

NPAK

– Ակտիվության առումով տեղացինե՞րն են աչքի ընկնում, թե՞ արտասահմանցիները:

– Համեմատության մեջ նայելով՝ գալիս եմ այն  եզրահանգմանը, որ ակտիվությունը հավասարաչափ է: Դիմել են 700-ից ավելի ռեժիսորներ՝ աշխարհի տարբեր երկրներից:  Տեղից ունենք մոտ  40-50 հայտ, որ նորմալ է, եթե հաշվի առնենք ներհայաստանյան բոլոր իրողությունները: Սա այն  է, ինչ ունենք, ու եթե այս պատկերի մեջ դեռ տեղի է ունենում ներքին զարգացում, ես կարծում եմ՝ դրանից պետք է բռնվել, աջակցել, խրախուսել:

–  Երիտասարդների ստեղծած ֆիլմերում  նոր ձեռագիր տեսնո՞ւմ եք:

– Այո: Մտածում եմ, որ Հայաստանն ու այստեղ դաշտ մտնող երիտասարդ սերնդի կինոսիրողներն ու ռեժիսորներն այլևս մեկ ուրիշ մշակույթի՝ ձևի ու խոսքի բազմազանության կրողներ են: Ակտիվանում է մի սերունդ, ով օնլայն տիրույթում է ու կարողանում է ինքնակրթվել այդ տարածքներում: Նրանք, ովքեր այդտեղ չեն, լավ կինո չեն նկարում: Մի բան էլ կա՝ նրանք սկսել են խոսել մեր մասին՝ առանց ավելորդ նեղմիտ պաթոսի, սկսել են խոսել ու երկխոսելի լինել: Կարծում եմ, իսկապես, դիտարժան ֆիլմեր են ընդգրկված ալս տարվա ծրագրում, ու շատ կուզեի, որ հնարավորինս մեծ թվով երիտասարդ կինոսիրողներ ու կինոգործիչներ գային ու հետևեին դրանց:

 

Տեսանյութեր

Լրահոս