Բարեբեր բուժարարը

Կարտոֆիլը, լոլիկը, բանջարանոցային պղպեղը, բադրիջանը, թութունը մորմազգիների ընտանիքի բույսեր են։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է, 1551թ. Եվրոպա է բերել իսպանացի Սեսա դե Լեոնը Պերուից։ Ամերիկացի բնիկները մշակել են կարտոֆիլը դեռեւս 14.000 տարի առաջ եւ աստվածացրել այն։ Գրական անվանումն է` Solanum tuberosum, կարտոֆիլի գերմաներեն անվանումն է) kartoffel։

Առաջին եվրոպացին, որ հայտնաբերել է կարտոֆիլի համային եւ սննդային բարձր արժեքը, ֆրանսիացի Անտուան Օգյուստ Պարմանտենն էր։

Խաչատուր Աբովյանը գրել է. «Ռուսաստանի շատ նահանգներում, ամենօրյա հացի կարիքն ունենալով, այժմ էլ համառորեն չեն զբաղվում ներկա դարում այնքան բարեբեր կարտոֆիլի մշակությամբ։ Նույնիսկ քաղաքակրթված Ֆրանսիայում, կարտոֆիլի մշակումն ու տարածումն իր ժամանակին, մի՞թե մեծամեծ ծախսեր ու ջանքեր չի խլել, իսկ մեզ մոտ, շատ վայրերում նույնպես, կարտոֆիլի մշակությամբ զբաղվում են, սակայն առանց այդքան ծախսերի ու ջանքերի, միայն հասկանալի է, թե ինչո՛ւ քիչ, փառք աստծո, այլ սննդամթերքների ոչ մի կարիք չունենք»։

Կարտոֆիլը մինչեւ 60 սմ բարձրությամբ խոտաբույս է։ Արմատը` առանցքային, ճյուղավորված վերգետնյա բազմաթիվ ցողունները սպիտակ են, ծայրերում առաջացնում են պալարներ։ Տերեւը բաղկացած է 7-11 ձվաձեւ խավոտ տերեւիկներից, ծաղիկները խոշոր են, առէջքները, ինչպես բոլոր մորմազգիների մոտ, հինգն են, պսակը` աստղաձեւ։ Պտուղը կանաչ կամ մանուշակագույն 2 սմ տրամագծով խիստ թունավոր հատապտուղ է։ Պալարները պարունակում են մինչեւ 15 տոկոս օսլա, 1-2 սպիտակուց, 0,5-1 շաքարներո նաեւ բջջանյութ, ճարպ, թթուներ (կիտրոնի, խնձորի, թրթնջուկի), մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ, պեկտին, ինոզիտ։ Հարուստ է կալիումով (420-550 մգ` 100 գ պալարի մեջ), ասկորբինաթթվով` 22-42 մգ, պարունակում է թվով 32 միկրոտարրեր, վիտամիններ B1, B2, PP, B5, B6, B9, D, E, H, K, U։

Կարդացեք նաև

Jute bag with potatoes isolated over white

Ծաղիկներում` մինչեւ 13 տոկոս ռուտին։ Կարտոֆիլի պահպանման համար օպտիմալ է +10 C ջերմաստիճանը եւ մութ միջավայրը։ Լույսի ներքո պալարը կանաչում է եւ ծիլեր տալիս, գոյանում է բարձր քանակությամբ (մոտ 2 տոկոս) ալկալոիդ սոլանին, որն, ինչպես գիտենք, թունավոր է։ Այդ մասերը հարկավոր է հեռացնել, սակայն կարեւոր է իմանալ, որ դրանք ունեն բուժիչ հատկություն։

Փոքր չափաբաժիններով սոլանինը օգտագործվում է որպես հակաբորբոքային միջոց, իսկ չափաբաժնի խախտման դեպքում ունի սուր տոքսիկ ազդեցություն։ Ոչ որակյալ կարտոֆիլ ուտելու դեպքում առաջացնում է սրտխառնոց, փսխում, նեխման երեւույթներ աղիներում, հեւոց, առիթմիա, դողէրոցք, նույնիսկ գիտակցության կորուստ։ Այդ է պատճառը, որ 1841-42թթ. Ռուսաստանում տեղի են ունեցել «կարտոֆիլային բունտեր», գյուղացիները կարտոֆիլն անվանել են «անօրեն պտուղ»։

Պալարն ունի հակաբորբոքային, ցավամոքիչ, միզամուղ հատկություն, կանխում է դողէրոցքը, օսլան ունի հակախոցային հատկություն։ Պալարի կլեպի տակ կենտրոնացած են մեծ քանակությամբ օգտակար նյութեր, այդ պատճառով ճիշտ է խաշել այն` առանց կլպելու։ Շատ օգտակար է ջեռոցում, կրակի վրա կամ մոխրի մեջ պատրաստված կարտոֆիլը։ Նույնիսկ խորհուրդ են տալիս կատարել սննդակարգ նիհարելու համար։ Պալարում պարունակվող ացետիլքոլին նյութի շնորհիվ հյութի կանոնավոր ընդունումը իջեցնում է ճնշումը։ Կարեւոր դեր է կատարում սիրտ-անոթային հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, ստամոքսաբորբի եւ խոցերի, մարսողության խանգարման դեպքում։ Կարտոֆիլի հյութն իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ։

Կարտոֆիլը վաղուց ի վեր ստացել է «երկրորդ հաց» պատվավոր մակդիրը։ Սակայն կա կարծիք, որ այն նաեւ թիվ մեկ գեղարարն է։ Կարտոֆիլով դիմակները արդյունավետ են չոր մաշկի դեպքում, այն մաս է կազմում արեւայրուքի դեմ կիրառվող քսուքների մեջ, օգտագործվում է թարախապալարների եւ կորյակների վերացման համար, ձեռքերի եւ ոտքերի մաշկի ճաքճքվածության դեպքում, եղունգների ամրացման համար։

Ուռուցքներ. 1 ճ/գ կարտոֆիլի ծիլերը 14 օր թրմեք 1 լ օղու մեջ, քամեք։ Խմեք 30-ական գրամ, օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ։

Դժվար ապաքինվող թարախային վերք, այրվածք. Խառնեք 100 գ քերած հում կարտոֆիլը 1 թ/գ մեղրի հետ։ Լցրեք 1 սմ հաստությամբ թանզիֆե անձեռոցիկին եւ տեղադրեք մաշկի վնասված հատվածին եւ վիրակապեք, պահեք 2-3 ժամ։ Կրկնեք օրը 2-3 անգամ։

Մաստոպատիա. Խառնեք փոշիացրած երկուական ճ/գ չամանի եւ անիսոնի սերմերը, չորսական ճ/գ չորացրած կարտոֆիլի ծաղիկները եւ պատրինջի տերեւները։ Ավելացրեք 3 ճ/գ սրոհունդի յուղ, 100 գ տարեկանի ալյուր եւ մի փոքր ջուր։ Պատրաստեք բարակ լոշիկ եւ դրեք կրծքին, 4-5 ժամը մեկ փոխեք լոշիկը։

Գլխացավ. Խմեք 50-100 մլ հում կարտոֆիլի հյութ` օրը 2-3 անգամ։

Թութք. Պատրաստեք մոմիկ միջին չափի կարտոֆիլից։ Կիսով չափ ընկղմեք չիչխանի յուղի մեջ, տեղադրեք։ Արդյունավետ միջոց է կանոնավոր օգտագործման դեպքում։

Ցավազրկող. Կոտրվածքի դեպքում տեղադրեք հում կարտոֆիլի քերվածք։ Արդյունավետ միջոց է։

Ավելորդ քաշ– Հեռացրեք 200 գրամ կարտոֆիլի կլեպը, անցկացրեք մանր քերիչով, քամեք հյութը, ծածկեք կափարիչով, 1 ժամից զգուշորեն առանձնացրեք հեղուկը` նստվածքում մնացած օսլայից։

  • Քամեք 100 գ լոռամրգի հյութը, մնացորդը 5 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ։ Քամեք։ Խառնեք կարտոֆիլի հյութի հեղուկը, լոռամրգի հյութը եւ եփուկը, ավելացրեք 5 գ մեղր։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։

Երակի լայնացում. Քերիչի մանր հատվածով քերեք կանաչ կարտոֆիլը, զանգվածը լցրեք թանզիֆե թաշկինակին եւ տեղադրեք ցավոտ երակներին, փաթաթեք առաձգական վիրակապով։

Հիպերտոնիա, միոմա. 1ճ/գ չորացրած, մանրացրած կարտոֆիլի ծաղիկները 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 60-70 մլ` օրը 3 անգամ` սնվելուց 40 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։ Ընդմիջեք 1 շաբաթ եւ կրկնեք։

Այրոց- Կերեք մի փոքր հում կարտոֆիլ։

  • Խմեք 200 մլ գազարի եւ 2 ճ/գ կարտոֆիլի թարմ հյութերի խառնուրդ։ Խուսափեք գրգռիչ սննդամթերք օգտագործելուց։

Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ. Քերեք հում կարտոֆիլը, մզեք հյութը։ Խմեք 200 մլ առավոտյան քաղցած վիճակում, սնվելուց առաջ, եւ 30 րոպե պառկեք։ Եվս 1 ժամ հետո կարող եք նախաճաշել։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 7 օր եւ կրկնեք եւս 1 անգամ։

Ցավերով ուղեկցվող ստամոքսահյութի բարձր թթվայնություն. Խմեք 100-ական մլ հում կարտոֆիլի հյութ` սնվելուց առաջ։

Ստամոքսի խոց. Խաշեք կարտոֆիլը կլեպով, քամեք։ Խմեք 100-ական մլ թարմ եփուկ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Հանգստացնում է ցավերը։

Հազ. Պատրաստեք կարտոֆիլի խիտ խյուս, անհրաժեշտության դեպքում ավելացրեք մի փոքր ալյուր, 50 գ-ին ավելացրեք 1 ճ/գ հեղուկ մեղր եւ լավ խառնեք։ Ստացված զանգվածից պատրաստեք լոշիկ, դրեք թանզիֆե անձեռոցիկի վրա եւ ամրացրեք (տաք վիճակում) կրծքավանդակին։ Պահեք 10-15 րոպե։

Գոտկատեղի ցավ. Նախորդ դեղատոմսում մեղրի փոխարեն օգտագործեք 1 թ/գ աղացած կծու կարմիր պղպեղ։ Տեղադրեք գոտկատեղին, պահեք այնքան, որքան կդիմանաք։

Մրսածություն. Խաշեք կարտոֆիլը կլեպով, տրորեք առանց եփուկից հանելու, ավելացրեք 10 կաթիլ նվենու կամ սամիթի եթերային յուղ եւ կատարեք (2-3 րոպե) ինհալացիա։

Հոդատապ

  • Կտրատեք 1 կգ կարտոֆիլը կլեպով։ 30 րոպե խաշեք 3 լ ջրում, քամեք։ Մզեք հումքը թանզիֆի օգնությամբ։ Եփուկը փոքր չափաբաժիններով խմեք օրվա ընթացքում։
  • Խառնեք 20 գ հեղուկ մեղրը եւ 100 գ կարտոֆիլի քերվածքը, քսեք թանզիֆի վրա եւ դրեք հոդերին։ Պահեք 1 ժամ։ Կրկնեք օրը 2 անգամ, շարունակեք 7 օր։

Գեղարարություն
Դիմակներ

Potato-For-Dark-Circles
Չոր մաշկը սնուցող. Եփեք 1 խոշոր կարտոֆիլ, տրորեք, խառնեք մեկական թ/գ կաթի, յուղոտ կաթնաշոռի եւ չզտված արեւածաղկի յուղի հետ։ Քսեք դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպեից մաքրեք անձեռոցիկով եւ լվացեք գոլ ջրով։ Կատարեք շաբաթը 1 անգամ։

Երիտասարդացնող. Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 3 ճ/գ գարեջուր եւ քերած (քերիչի մանր հատվածով) 1 կարտոֆիլ։ Քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք գոլ ջրով։

Ծերացող մաշկ. Անձեռոցիկի կեսին քսեք կարտոֆիլի քերվածք եւ ծածկեք երկրորդ կեսով։ Տեղադրեք դեմքին։ Ազդեցությունը կուժեղանա, եթե ավելացնեք հարած 1 ձվի դեղնուց եւ 1 ճ/գ կաթ։

Կնճիռները հարթեցնող. Եփեք 1 միջին կարտոֆիլ, ավելացրեք մի փոքր կաթ, պատրաստեք խյուս, երբ հովանա` քսեք դեմքին։

Պզուկներ, կորյակներ. Մաքրեք կարտոֆիլը, անցկացրեք քերիչով։ 100 գ քերվածքին ավելացրեք 1 թ/գ հեղուկ մեղր, խառնեք։ Հաստ շերտով (1 սմ) քսեք թանզիֆե անձեռոցիկին` տեղադրեք մաշկին, 2-3 ժամից փոխեք։ Քնելուց առաջ դրեք վիրակապ ակնամոմի քսուքով, իսկ ցերեկը` կարտոֆիլով եւ մեղրով։

Աչքամաշկի եզրային կնճիռներ- Խառնեք 2-ական թ/գ քերած հում կարտոֆիլ, ալյուր եւ կաթ։ Պահեք ստացված խյուսը 15 րոպե, հանեք այն անձեռոցիկով (առանց մաշկը ձգելու), լվացեք գոլ ջրով։

  • Հում կարտոֆիլի մանր քերվածքը փաթաթեք անձեռոցիկի մեջ եւ դրեք աչքերի կոպերին 15-20 րոպե։

Կամ`խաշեք կլեպով կարտոֆիլը, օղակաձեւ կտրատեք եւ պահեք կոպերին 30-35 րոպե։ Կատարեք առավոտյան եւ երեկոյան։

Ոտքերի լոգանք. Եփեք կաթի մեջ կարտոֆիլի կլեպները, լցրեք թասիկի մեջ, ավելացրեք 1 ճ/գ բուսայուղ։ Խառնուրդի մեջ պահեք ոտնաթաթերը 10-15 րոպե, այնուհետեւ լվացեք տաք ջրով։ Չորացրեք, ոտքերը մշակեք յուղոտ քսուքով։

Չոր, ճաքած կրունկներ. Խաշած տաք, տրորած կարտոֆիլը պահեք ոտնաթաթի տակ, 10-20 րոպե անց լվացեք տաք ջրով։ Չորանալուց հետո քսեք արեւածաղկի (կամ գերչակի) յուղ։

Կոշտուկ. Հում կարտոֆիլի քերվածքը տեղադրեք այնպես, որ այն ծածկի միայն կոշտուկի մակերեսը։ Շարունակեք 6-7 օր, որից հետո կատարեք ոտքերի լոգանք եւ փորձեք հեռացնեք կոշտուկը։

Ձեռքերի մաշկը հարթեցնող. Եփեք կարտոֆիլը եւ առանձնացրեք եփուկը։ Կատարեք ձեռքերի լոգանք 15 րոպե տեւողությամբ։ Մշակեք ձեռքերը յուղով քսուքով եւ հագեք բամբակե ձեռնոցներ։

Ձեռքերը սնուցող քսուք. Խառնեք եւ պատրաստեք խյուս խաշած կարտոֆիլով եւ կաթով։ Խառնուրդը տեղադրեք մաշկին, պահեք 1-2 ժամ։ Արդյունավետ միջոց է հատկապես առաձգականությունը կորցրած մաշկի համար։ Ամրացնում է եղունգները։

Ձեռքերի ճաքեր. 2 թ/գ կարտոֆիլի օսլան լուծեք 200 մլ սառը ջրում, հասցրեք եռման ջերմաստիճանի, երբ հովանա` կատարեք լոգանք 10 րոպե տեւողությամբ, չորացրեք ձեռքերը, մշակեք բուսայուղով, հագեք բամբակե ձեռնոցներ։ Կատարեք օրը մեջ, քնելուց առաջ, 5-7 օր։

2012թ., փետրվար 2

Տեսանյութեր

Լրահոս