Բաժիններ՝

Գյումրին «Կինոկենտրոն» է ուզում

Պարզվում է` Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու անհրաժեշտություն կա: Այս մասին բարձրաձայնում են «Ժողովուրդ» նախաձեռնող խմբի անդամները, որ արդեն մեկ ամիս համախմբել են Գյումրիի արվեստասեր բնակիչներին: Կինոկենտրոն ունենալու նպատակի շուրջ հավաքված գյումրեցիներն ակցիա են սկսել, որով կոչ են անում՝ «Ես նույնպես միանում եմ Գյումրու կինոկենտրոնի ստեղծման գաղափարին, իսկ դո՞ւ»:
Հաշվի առնելով տեղական կինոարտադրության տեմպերն ու դեռևս միակ՝ երևանյան «Կինոկենտրոնի» գոյության փաստը, դրա արդյունավետության տենդենցները, առաջին հարցը, որ ծագեց Գյումրիում կինոկոնտրոն ունենալու անհրաժեշտության լուրը լսելիս՝ հետևյալն էր՝ բայց ինչո՞ւ: Մեր կասկածները փարատելու համար, ինչպես նաև արվեստների ու արհեստների մայրաքաղաք հռչակված Գյումրիի նախկին փառքը վերականգնված տեսնելու ակնկալիքով՝ գաղափարի անհրաժեշտության մասին զրուցեցինք «Ժողովուրդ» նախաձեռնող խմբի անդամ, գյումրիաբնակ Սերգեյ Հայրապետյանի հետ:

– Սերգեյ, ո՞րն է Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը:

Sergey Hayrapetyan

– Մեր քաղաքից իսպառ բացակայում է արվեստի այս ճյուղը, որովհետև ծախսատար է և տեխնիկական լուրջ միջոցներ է պահանջում: Գյումրիի կինոկենտրոնը լինելու է այն տեղը, որտեղ ստեղծագործողներն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար աջակցություն կստանան, ու դրանով կսկսվի կինոարվեստի զարգացումը Գյումրիում: Զուգահեռ՝ կլինեն բազմաթիվ նախաձեռնություններ, սեմինարներ և այլն: Բայց առաջին հերթին՝ այն հնարավորություն է տալու ստեղծագործողին՝ կյանքի կոչել իրենց գաղափարները:

Կարդացեք նաև

– Խոսեցիք ստեղծագործողներին աջակցելու՝ կինոկենտրոնի ապագա պլանների մասին: Ի՞նչ տեսակի աջակցություն է նախատեսում դա՝ տեխնիկակա՞ն, ֆինանսակա՞ն, թե՞ այլ:

kinokentron Gyumri (11)

kinokentron Gyumri (12)

– Մենք փորձելու ենք ստեղծել առաջին անհրաժեշտության տեխնիկական հնարավորություններ ունեցող կենտրոն ու այդ տեխնիկայով աջակցել ստեղծագործողներին:

– Ո՞ր փուլում է գտնվում այս պահին կինոկենտրոնի ստեղծման գաղափարը:

– Այս պահին պատրաստվում ենք հունիսի 30-ին Գյումրիի «ՑԱՅԳ» հեռուստաընկերության եթերում կայանալիք հեռուստամարաթոնին: Ակնկալիքների մասին պատկերացում չունենք:

– Չե՞ք կարծում, որ մարաթոնի ակնկալիքներն ուղիղ համեմատական են լինելու Գյումրիի սոցիալ-տնտեսական վիճակին:

kinokentron Gyumri (8)

kinokentron Gyumri (1)

kinokentron Gyumri (2)

– Արդեն մեկ ամիս է, Գյումրիում կազմակերպել և անցկացնում ենք «Ես նույնպես միանում եմ Գյումրու կինոկենտրոնի ստեղծման գաղափարին, իսկ դո՞ւ» ակցիան, որի արձագանքն անսպասելի մեծ թվով խանդավառված մարդիկ համախմբեց ծրագրի շուրջ: Սա շատ փոքր ֆինանսական միջոց է ապահովում՝ սիմվոլիկ 500 դրամ արժողությամբ բացիկների գնում, մյուս կողմից՝ բարոյական հսկայական օգնություն է: Դա ցույց է տալիս, թե ինչքան համախմբված ու ոգևորված են գյումրեցիները: Առավել լուրջ ֆինանսական ակնկալիքներ ունենք գործարարներից և բարեգործներից: Մարդկանց այս խանդավառությունն է, որ, կարծում եմ, պետք է ստիպի գործարարներին անմասն չմնալ:

– Պետական կառույցները հետաքրքրվա՞ծ են գաղափարի իրականացմամբ: Դիմե՞լ եք պատկան մարմիններին:

– Իհա՛րկե դիմել ենք: Եվ դիմել ենք տարբեր փուլերում: Միշտ ստացել ենք քաղաքային իշխանությունների՝ քաղաքապետարանի մերժողական նամակներ՝ բնականաբար, ուղեկցված քաջալերող խոսքերով: Հույս ունենք քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին և քաղաքական գործիչներին մեր կողքին տեսնել մարաթոնի ժամանակ: Շիրակի մարզպետն անհատապես կապերի հարցում ահագին մեծ օգնություն ցուցաբերեց և միացավ մեզ:

– Առհասարակ ինչպիսի՞ն է այսօրվա Գյումրիի մշակութային կյանքը: Ի՞նչ են ակնկալում գյումրեցիներն իրենց քաղաքի մշակութային կյանքից:

kinokentron Gyumri (6)

kinokentron Gyumri (5)

kinokentron Gyumri (4)

kinokentron Gyumri (10)

kinokentron Gyumri (7)

kinokentron Gyumri (9)

– Այս թեմայով չէի ուզենա խոսել, որովհետև անձնական կարծիքն այս պահին տեղին չի լինի:

– Հայաստանյան առաժմ միակ «Կինոկենտրոնի» հետ կապ ունե՞ք: Նրանք գիտե՞ն ձեր գաղափարի մասին, արձագանքներ կա՞ն:

– Մենք դեռ չենք դիմել նրանց, բայց պատրաստվում ենք:

– Կինոգործիչներից ի՞նչ արձագանքներ կան: Ովքե՞ր են միացել ակցիային:

– Դեռևս ոչ ոք:

– Ինչո՞ւ: Տեղյակ չե՞ն, թե՞ անտարբեր են:

– Ինձ թվում է՝ նրանք մտածում են՝ թող մեզ դիմեն, կօգնենք: Բայց մենք չենք կարող բոլորին դիմել, դրա համար ընտրել ենք ինֆորմացիայի հրապարակային տարածման տարբերակը: Չնայած դիմելու դեպքում էլ կա մի այլ խնդիր՝ ինչո՞ւ են առաջինը նրան դիմել և ոչ թե՝ մեզ… Մենք այսպիսի բնավորություն ունեցող ազգ ենք, այս խնդրին արդեն բախվել ենք:

kinokentron Gyumri (3)

– Ի՞նչ եք կարծում, ռեալ գնահատելով այս և ապագա բոլոր հնարավորությունները՝ դուք Գյումրիում կինոկենտրոն կունենա՞ք:

– Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս գաղափարը կյանքի կոչենք: Ինձ թվում է՝ շանսերը քիչ չեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս